Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններտեսանյութեր

«Էրեբունի» ԲԿ-ում ներդնում են էնդոսկոպիկ ախտորոշման եւ վիրաբուժության նորագույն մեթոդներ

«Էրեբունի» բժշկական կենտրոնում երկօրյա համաժողովի շրջանակում (2017 թվականի հունիսի 9-10-ը) մաստեր կլասներ են անցկացվել Սանկտ Պետերբուրգից էնդոսկոպիկ հայտնի բժիշկների մասնակցությամբ: Հրավիրվել էին էնդոսկոպիկ, կրծքային եւ ընդհանուր վիրաբուժության բազմաթիվ մասնագետներ:

2017-ի հունիսի 9-ին աղեստամոքսային համակարգի տարբեր պաթոլոգիաներով 3 հիվանդների հազվագյուտ վիրահատություններ են կատարվել՝ վերջին սերնդի փորձագիտական դասի էնդոսկոպի եւ էնդոուլտրաձայնային հետազոտության սարքի կիրառմամբ, որոնք PENTAX ֆիրմայի ռուսական մասնաճյուղն էր բերել եւ տրամադրել: Սանկտ Պետերբուրգի ակադեմիկոս Ի. Պ. Պավլովի անվան պետական բժշկական համալսարանի Վիրաբուժության եւ անհետաձգելի բժշկության ԳՀԻ-ի էնդոսկոպիկ բաժանմունքի ղեկավար, բ.գ.թ. Ալեքսանդր Սմիռնովը մաստեր կլաս անցկացրեց՝ այս ոլորտում ախտորոշիչ եւ վիրաբուժական էնդոսկոպիկ մեթոդիկայի կիրառմամբ: Կարեւոր է նշել, որ Ռուսաստանում համանման վիրահատություններ են կատարում միայն 2 մասնագետներ, որոնցից մեկը բժիշկ Սմիռնովն է: Համաժողովի դահլիճում եւ վիրահատարանում տեղադրված տեսախցիկները թույլ էին տալիս ուղիղ եթերում հետեւել ինտերակտիվ կարգով վիրահատությունների ընթացքին:

Միանշանակ է, որ համանման միջամտությունները պետք է կատարվեն ժամանակակից տեխնիկական սարքավորման օգտագործման պայմաններում, բարձրորակ անեսթեզիոլոգիական ծառայության առկայությամբ եւ վիրահատությունից հետո հիվանդին ուշադիր հետեւելու միջոցով: Չափազանց կարեւոր է նշել այն փաստը, որ նման վիրահատությունները արագ վերականգնման եւ կյանքի սովորական ռիթմին արագ վերադառնալու ավելի բարձր տոկոս ունեն՝ չազդելով նրա որակի վրա:

Էնդոսկոպիկ հետազոտություններն անցկացվում են վերջին սերնդի թվային տեսաէնդոսկոպիկ համակարգի՝ PENTAX Hi-Line HD+ (Ճապոնիա) միջոցով: Նախկինում նման մաստեր կլաս է անցկացվել 2016 թվականի հոկտեմբերին «Նաիրի» ԲԿ-ում (որը նույնպես PENTAX ֆիրմայի ռուսական մասնաճյուղն էր կազմակերպել):

Էնդոսկոպիան ներքին օրգանների հետազոտման մեթոդիկա է՝ հատուկ սարքավորման (էնդոսկոպի) կիրառմամբ: Աղեստամոքսային համակարգի էնդոսկոպիան առանց վիրաբուժական միջամտության ախտորոշման լավագույն առաջատար մեթոդներից մեկն է, եւ հիվանդների գործիքային հետազոտման ամենահաճախակի կիրառվող մեթոդը: Հետազոտությունն իրականացվում է էնդոսկոպի օգնությամբ, որի մի ծայրին ակնապակի կա, որը թույլ է տալիս տեսնել հետազոտվող օրգանի պատկերը, իսկ մյուս ծայրին՝ խցիկ, որը պատկերը փոխանցում է աղեստամոքսային համակարգի հետազոտվող տարբեր հատվածներից: Փորձառու մասնագետները սարքի օգնությամբ կարող են խնդիրը հայտնաբերել զարգացման ամենավաղ փուլում եւ անհրաժեշտ բուժումը ժամանակին նշանակել:

Այսօրվա դրությամբ էնդոսկոպիկ հետազոտության անցկացման հակացուցումներ, փաստորեն, չկան: Ժամանակակից տեխնոլոգիաները թույլ են տալիս անցկացնել ստամոքսի էնդոսկոպիա՝ ընդհանուր անեսթեզիայի կիրառմամբ: Նման միջամտությունը կատարվում է անեսթեզիոլոգի վերահսկողությամբ: Միջամտության ժամանակ եւ հետո հիվանդը անհարմարավետություն եւ որեւէ տհաճ զգացողություններ չի ունենում:

Հետազոտությունները ժամանակային առումով երկարատեւ չեն, սակայն պետք է հաշվի առնել, որ յուրաքանչյուր միջամտության տեւողությունն անհատական է եւ մի շարք գործոններից է կախված:

Ներսից՝ հետազոտվող օրգաններին անմիջապես մոտ ուլտրաձայնային հետազոտությունը՝ էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտությունը (ԷնդոՈՒՁՀ), թույլ է տալիս ներքին օրգանները մաս առ մաս դիտարկել՝ տեսնելով ստանդարտ ուլտրաձայնային հետազոտման համար անմատչելի փոփոխությունները:

Հետազոտությունը կատարվում է հատուկ էնդոսկոպի միջոցով, որի ծայրին ոչ միայն օպտիկական սարք կա, այլեւ ուլտրաձայնային հաղորդիչ: ԷնդոՈւՁՀ-ի դեպքում կարելի է կատարել մարսողական համակարգի սնամեջ բաժինների ուլտրաձայնային հետազոտություն, որոնց միջով է անցնում էնդոսկոպը (կերակրափողի, ստամոքսի, հաստ եւ ուղիղ աղիի պատերը), ինչպես նաեւ որովայնի խոռոչի օրգանների (ենթաստամոքսային գեղձ, լեղածորաններ եւ լյարդ), որոնք մոտ են գտնվում անմիջապես ստամոքսին կամ աղիին:

Կերակրափողի միջով ՈւՁՀ սքանավորումը հնարավորություն է տալիս միջնորմի օրգանների պատկերը ստանալ, ինչպես նաեւ որոշել որովայնի կամ կրծքավանդակի խոռոչում տեղադրված ավշային հանգույցների վիճակը:

Էնդոսկոպի ՈւՁՀ-ի դեպքում սոնոէլաստոգրաֆիան թույլ է տալիս բնութագրել եւ տարբերակել ավշահանգույցների բարորակ եւ չարորակ փոփոխությունները՝ բարձր զգայունությամբ, յուրահատկությամբ եւ ճշգրտությամբ: Սոնոէլաստոգրաֆիական պատկերը լրացնում է ԷնդոՈւՁՀ-ի դեպքում սքանավորման մյուս ռեժիմները եւ թույլ է տալիս ավշահանգույցների բազմաթիվ վնասման դեպքում ավելի նպատակային կատարել նուրբ ասեղային ասպիրացիոն բիոպսիան:

Առաջին հիվանդ. D-s – ենթաստամոքսային գեղձի ուռուցք: Կատարվել է ԷնդոՈւՁՀ եւ ուռուցքի պունկցիոն բիոպսիա:

Երկրորդ հիվանդի մոտ առկա էր կերակրափողի՝ կոմպենսացիայի փուլում գտնվող ախալազիա: Կատարվել է էզոֆագոգաստրոդուոդենոսկոպիա (ընթացքում էրոզիա է հայտնաբերվել. բիոպսիայի համար նյութ է վերցվել):

Երրորդ հիվանդը հետազոտվել է նույն մեթոդով՝ ստամոքսում գոյացության հետ կապված (հիվանդին առաջարկվել է դինամիկ դիտարկում):

Էնդոսկոպիական ուրլտաձայնը շահեկանորեն տարբերվում է վերեւում քննված բոլոր մեթոդներից՝ թույլ տալով մի շարք ծանր հիվանդությունները վաղ փուլում հայտնաբերել եւ դրանով էապես բարձրացնել բուժման արդյունավետությունը: Էնդոսկոպիական ուլտրաձայնի սարքը թույլ է տալիս իրականացնել ներքին օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, այդ թվում՝ սովորական ուլտրաձայնի համար անմատչելի հատվածների: Ի տարբերություն համակարգչային տոմոգրաֆիայի՝ էնդոսկոպիկ ուլտրաձայնը թույլ է տալիս ներքին խոռոչները հետազոտել տարբեր հարթություններում՝ հետեւելով ելքի ուղղությանը: Դրանից բացի, էնդոսկոպիկ ուլտրաձայնային հետազոտության ժամանակ հնարավոր է կոնկրետ հատվածի վերահսկվող նպատակային բիոպսիայի տեսողական իրականացում (ուլտրաձայնի միջոցով): Մյուս մեթոդների համեմատությամբ ախտորոշիչ եւ վիրաբուժական էնդոսկոպիայի այս բոլոր առավելությունները մարսողական համակարգի հիվանդությունների ախտորոշումը եւ բուժումը բարձրացնում են որակական նոր մակարդակի:

2017 թվականի հունիսի 10-ին՝ համաժողովի երկրորդ օրը նվիրված էր բրոնխոսկոպիական հետազոտություններին: Թեման էր՝ «Բրոնխոսկոպիայի ժամանակակից հնարավորությունները թոքերի եւ միջնորմի պաթոլոգիաների ախտորոշման մեջ»: Համաժողովին մասնակցելու էր հրավիրվել կրծքային վիրաբույժ, Սանկտ Պետերբուրգի  Ֆտիզիոպուլմոնոլոգիայի ԳՀԻ-ի ինտերվենցիոն պուլմոնոլոգիայի բաժանմունքի ղեկավար Իգոր Վասիլեւը: Նրա հետ միասին վիրահատությանը մասնակցել է «Էրեբունի» ԲԿ-ի կրծքային վիրաբույժ Գոռ Մելիքյանը, որը վերջերս այս ոլորտում որակավորման բարձրացում է անցել հենց այս գիտական կենտրոնում:

Հավաքվածներին ողջույնի խոսքով դիմեց «Էրեբունի» ԲԿ-ի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանը, ինչպես նաեւ կրծքային վիրաբուժության բաժանմումքի վարիչ, բ.գ.դ., պրոֆեսոր Արտակ Հովհաննիսյանը, որոնք նշեցին մեր երկրում բժշկության ժամանակակից ձեռքբերումների ներդրման եւ կիրառման կարեւորությունն ու անհրաժեշտությունը: Նրանք իրենց հպարտությունն արտահայտեցին, որ համանման նորույթները Հայաստանում առաջին անգամ մեկնարկում են հենց «Էրեբունի» ԲԿ-ում:

Տարբեր պաթոլոգիաներով մի քանի հիվանդների կատարվել է տեսաբրոնխոսկոպիա՝ I-scan-ի տարբեր ռեժիմներով:

Առաջին հիվանդ (ենթադրաբար՝ թոքերի կենտրոնական քաղցկեղով): Նպատակը՝ ախտորոշիչ տեսաբրոնխոսկոպիայի կատարման մեթոդիկայի եւ I-scan ֆունկցիայի ցուցադրում:

Երկրորդ հիվանդ. Միջնորմի լիմֆադենոպատիայով հիվանդին կատարվել է EBUS-TBNA միջամտություն (էնդոբրոնխիալ ուլտրաձայնային հետազոտութուն-տրանսբրոնխիալ ասղեային ասպիրացիա): Նպատակը՝ ավշահանգույցների զննման մեթոդիկայի եւ 7 խմբի բիոպսիայի, դեղամիջոցների պատրաստման մեթոդիկայի ցուցադրումը:

Երրորդ հիվանդ. Թոքերի քաղցկեղով հիվանդին կատարվել է EBUS-TBNA միջամտությունը: Նպատակը՝ EBUS-TBNA-ի կիրառման միջոցով պարբերական փուլավորման կատարման մեթոդիկայի ցուցադրումը:

Չորրորդ հիվանդ. Հիվանդը ձախ թոքի վերին հատվածում պերիֆերիկ գոյացություն ուներ: Նրան կատարվել է տեսաբրոնխոսկոպիա եւ թոքի բիոպսիա բրոնխների միջով:

Ինչպես համաժողովի առաջին, այնպես էլ երկրորդ օրը օնլայն ռեժիմով բոլոր վիրահատությունները հեռարձակվել են անմիջապես վիրահատարանից:

EBUS-TBNA միջամտությունը Հայաստանում առաջին անգամ անցկացվել է հենց «Էրեբունի» ԲԿ-ում:

Պրակտիկայում վերեւում նկարագրված մեթոդի լայն կիրառումը, թոքերի դժվար մատչելի ուռուցքների կազմաբանական վերիֆիկացիան եւ միջնորմը, ինչպես նաեւ դրանց փուլավորումը կօգնեն այս հիվանդությունների ախտորոշումը ավելի որակյալ մակարդակով կատարել, հետեւաբար բուժման ճիշտ մարտավարություն եւ ռազմավարություն ընտրել:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook