Sunday, May 5, 2024
Նորություններ

Ընթրիքին մեկ բաժակ գինին ամենեւին չի պաշտպանում սրտի հիվանդություններից. գիտնականներ

Գիտնականները հերքել են ժողովրդի մեջ տարածված այն կարծիքը, որի համաձայն՝ ընթրիքին մեկ բաժակ գինին նվազեցնում է սիրտ-անոթային հիվանդությունների առաջացման հավանականությունը եւ ընդհանրապես առողջության համար օգտակար է:

Journal of Studies on Alcohol and Drugs-ում հրապարակված հետազոտության ընթացքում գիտնականները ստուգել են նախկինում անցկացված մի քանի տասնյակ թեստեր եւ տխուր օրինաչափություններ հայտնաբերել. վերջին տասնամյակներին կատարված մեծ թվով հետազոտությունների արդյունքում կապ է հայտնաբերվել ալկոհոլի չափավոր օգտագործման եւ սիրտ-անոթային հիվանդությունների հետեւանքով մահվան հավանականության զգալի նվազման միջեւ, սակայն այս հետազոտությունների մանրամասն ուսումնասիրությամբ պարզվել է, որ խոսքն ավելի շուտ սուբյեկտիվ ընտրության մասին է:

Խնդիրն այն է, որ հետազոտությունների մեծ մասում չափավոր խմողներին համեմատում են չխմողների հետ, սակայն «չխմողներից» շատերն այն մարդիկ են, որոնք ալկոհոլից հրաժարվել են առողջական լուրջ խնդիրների պատճառով:

Ավելի մեծ տարիքային կարգերում ընտրությունն առավել կասկածելի է դառնում: «Մենք գիտենք, որ մարդիկ տարիքին զուգահեռ սովորաբար ալկոհոլի օգտագործումը կրճատում են, հատկապես եթե առողջական խնդիրներ ունեն»,- նշել է Կանադայի Բրիտանական Կոլումբիայի Վիկտորիայի համալսարանի կախվածությունների հետազոտությունների կենտրոնի տնօրեն Թիմ Սթոքվելը:

«Մարդիկ, որոնք տարեց տարիքում շարունակում են ալկոհոլ օգտագործել, սովորաբար ավելի առողջ են,- հավելել է Սթոքվելը: – Նրանք չեն հիվանդանում, դեղեր չեն խմում, որոնք գինու հետ վատ են համատեղվում»:

Ուշադիր ուսումնասիրման ժամանակ պարզվել է, որ հարցվածները սովորաբար ալկոհոլից հրաժարվել են 55 տարեկանում կամ փոքր-ինչ ավելի մեծ տարիքում: Անհնար է պարզել, թե մինչեւ դա նրանց առողջության վրա ինչպես է ազդել օրական մեկ-երկու բաժակը:

Հետազոտողների խոսքով՝ այս ամենն ամենեւին չի նշանակում, որ պետք է մեկ բաժակ գինուց հրաժարվել. ալկոհոլի չափավոր օգտագործումը, Սթոքվելի խոսքով, օրգանիզմին գրեթե վնաս չի պատճառում: Այլ հարց է, որ չպետք է ձեզ հանգստացնեք պատրանքներով եւ խմեք «հանուն առողջության»:

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook