Tuesday, April 30, 2024
ՆորություններԺամանց

Ինչպե՞ս է պուանսետտիան դարձել Նոր տարվա միջազգային խորհրդանիշ-ծաղիկը

Նոր տարվա զարդարանքների մեջ իր ուրույն տեղն ունի կարմիր տերևներով  մի ծաղիկ` պուանսետտիան (poinsettia), որը դարձել է Նոր տարվա միջազգային խորհրդանիշ ծաղիկը: Այս հրաշալի կարմիր, թավշյա տերևներ ունեցող  ծաղիկը ծաղկում է դեկտեմբեր ամսին և դիմանում մինչև հունվար: Սկզբից միայն Արեւմուտքում, իսկ այսօր նաև ողջ աշխարհում դարձել է Նոր տարուն ամենաշատ վաճառվող և տարածվող ծաղիկը:

Poinsettia & Christmas Lights Background

Մեքսիկական ծագում ունեցող այս ծաղիկը մեծ տարածում ունի նաև Գվատեմալայում և Կոստա Ռիկայում, պատկանում է իշակաթնուկազգիների ընտանիքին: Իրենց բնական միջավայրում պուանսետտիաները կարող են մոտ 3,5 մետր աճել: Նրանց տերևները, որոնք բույսի վրա գտնվող կարմիր մասն են կազմում, վնասվելուց կաթնագույն հեղուկ են թողնում: Կարմիր գույն ունեցող այս բույսի ծաղիկը կենտրոնում գտնվող դեղին փոքրիկ մասն է միայն, իսկ կարմիր տերևները կարող են լինել նաև սպիտակ, կաթնագույն վարդագույն և դեղին:

Արևադարձային այս բույսից գոյություն ունի մոտ 100 տեսակ: Մեքսիկայի բնիկ ացտեկները պուանսետտիայի կարմիր գույնն օգտագործում էին իրենց կրոնական արարողությունների ժամանակ, ինչպես նաև` հագուստները և այլ իրեր կարմիր գույնով ներկելիս, քանի որ  նրանց համար կարմիր գույնը մաքրության և անմեղության խորհրդանիշ է:

Պուանսետտիան ԱՄՆ է հասել շնորհիվ ամերիկացի քաղաքական ու ռազմական գործիչ Ջոել Ռոբերտս Պուանսետի` 19-րդ դարում: Նա եղել է Մեքսիկայում ԱՄՆ առաջին դեսպան-նախարարը և այս հրաշալի ծաղկին ծանոթացել է հարավային Մեքսիկայի դաշտերում, ուր պուանսետտիան աճում էր ազատ ու բնական պայմաններում: Նախարարն ազատ ժամերին զբաղվում էր ծաղիկների և բույսերի մշակմամբ և իր հետ Մեքսիկայից  ԱՄՆ` Հարավային Կարոլինա է տարել ծաղիկը, որը գործչի անունով կոչվել է պուանսետտիա:

ԱՄՆ է հասել ոչ միայն ծաղիկը, այլ նաև` ծաղկի մասին առասպելը, ըստ որի պուանսետտիան խորհրդանշում է Բեթղեհեմյան  աստղը, որը մոգերին առաջնորդել է մանուկ Հիսուսի ծննդավայր: Մեքսիկական ավանդապատումն ասում է, որ Մեքսիկայում մի փոքրիկ աղքատ աղջիկ էր ապրում` Փեփիթա անունով: Նա շատ էր տխրում, քանի որ չէր կարող մանուկ Հիսուսին նվերներ տանել, ինչպես իր հասակակիցները: Մի ծեր և իմաստուն մարդ մխիթարում է Փեփիթային` խորհուրդ տալով չտխրել, քանի որ ամենափոքրիկ նվերն էլ կարող է մեծ գնահատանքի արժանանալ, եթե այն սիրով է ընծայվում: Եւ ահա, Փեփիթան, գնում է իր հայրենի գյուղի դաշտերը, այնտեղից հավաքում  կանաչ տերևներով անշուք մի բույս և տանում  նվիրելու Հիսուսին: Ըստ առասպելի, փունջը կազմելիս հրաշք է տեղի ունենում` կանաչ տերևները դառնում են ալ կարմիր, թավշյա ծաղիկներ, իսկ նրանց կենտրոնում գտնվող ծիլերը լուսավորվում են դեղին ոսկեգույնով: Այդ դեպքից ի վեր վայրի ծաղիկը ծաղկում է Սուրբ Ծննդից և Նոր տարուց առաջ` ստանալով վառվռուն գույներ:

Մեքսիկայում պուանսետտիան կոչվում է Սուրբ գիշերվա ծաղիկ (La flor de nochebuena), իսկ ծաղկի առասպելի մասին գիրքը մանուկների ամենասիրած գիրքն է, որ ամեն տարի, Սուրբ Ծննդից առաջ հրատարակվում է նորանոր ձևավորումներով:

 

Այսօր պուանսետտիայի հսկայական այգիներ կան ԱՄՆ-ում, Կանադայում, եւրոպական երկրներում, որտեղ ծաղիկը դառնում է Նոր տարվա անբաժան մասը:

Նյութի աղբյուրը՝ arevelk.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook