Saturday, April 27, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

«Ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի»

Մեր կյանքի բոլոր իրավիճակներում, քայլեր կատարելուց առաջ, մի պահ մտածում ենք՝ ի՞նչ կմտածի մեր ընտանիքը մեր այս քայլի մասին, ի՞նչ կզգան նրանք, եթե այս քայլին գնամ։ Մեր այս մտածումները բխում են ընտանիքի հանդեպ անմնացորդ սիրուց, հավատարմությունից ու նվիրումից։

Ի՞նչ է ընտանիքը։ Ընտանիքը, քրիստոնեության տեսակետից, տղամարդու ու կնոջ այն միությունն է, որն օրհնված է Տիրոջ կողմից, միացված է Եկեղեցով։ Աստվածաշնչի առաջին իսկ տողերում պատմվում է, թե ինչպես ստեղծվեցին տղամարդն ու կինը՝ Աստծո նմանությամբ: Մարկոս Ավետարանիչը գրում է այն մասին, որ Աստված, ստեղծելով կնոջն ու տղամարդուն, ասաց․ «Դրա համար տղամարդը պիտի թողնի իր հորն ու մորը և պիտի գնա իր կնոջ հետևից։ Եվ երկուսը մի մարմին պիտի լինեն, և այլևս երկու չեն, այլ՝ մեկ մարմին:  Արդ, ինչ որ Աստված միացրեց, մարդը թող չբաժանի» (Մարկ։ 10։6-9):

Քրիստոնեական ընտանիքը տղամարդու ու կնոջ մեկ դառնալն է՝ միությունը՝ Աստծո օրհնությամբ։ Այսպիսի ընտանիքի հիմքում սերն է, որը, ինչպես առաքյալն է նշում Կողոսացիներին ուղղված իր նամակում «Համբերող է, քաղցրաբարո է. Սերը չի նախանձում, չի ամբարտավանում, չի գոռոզանում, անվայել վարմունք չի ունենում, իրենը չի փնտրում, բարկությամբ չի գրգռում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախանում է ճշմարտության վրա. Ամեն բանի դիմանում, ամեն բանի հավատում է, մշտապես հույս է տածում, ամեն բանի համբերում» (Ա Կոր.  13:4-7)։

Քրիստոնեական ընտանիքի հիմքում գտնվող սերը Աստծուց է՝ Քրիստոսի պատգամին հավտարիմ։ Չէ՞ որ դա էր Նրա միակ պատգամը․ «Այս եմ ձեզ պատվիրում. որ սիրեք միմյանց» (Հովհ․ 15։17)։

Այր ու կին երբ միավորվում են, միմյանց տեր և հնազանդ լինելու խոստում են տալիս՝ ստեղծելով քրիստոնեական ընտանիք: Այսպես է կազմավորվում իրական քրիստոնեական ընտանիքը, ուր տեր լինել՝ չի նշանակում հրամաններ տալ, իսկ հնազանդ լինել՝ «հրամաններն» անվերապահորեն կատարել: Այդ խոստումների իմաստը բացատրում է Ս. Պողոս առաքյալն իր նամակում ՝ ուղղված եփեսացիներին. «Եվ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես և կանայք թող հնազանդվեն իրենց ամուսիններին ամեն ինչում։ Մարդի՛կ, սիրե՛ք ձեր կանանց, ինչպես որ Քրիստոս սիրեց եկեղեցին և իր անձը մատնեց նրա համար… Նույն ձևով մարդիկ պարտավոր են սիրել իրենց կանանց իբրև իրենց մարմինները. ով սիրում է իր կնոջը, ինքն իրեն է սիրում» (Եփես. 5:25-28):

Ամուսնությամբ տղամարդը ոչ միայն դառնում է ամուսին, այլ նաև սպասավոր: Իսկ կինը կոչված է խոնարհաբար ընդունել այդ ծառայությունն իբրև սիրո արտահայտություն և իր սիրով ամուսնուն լծակից լնել:

Մենք էլ, այս պատգամը որպես ուղենիշ ունենալով՝ փորձենք այնպես ապրել, որ սիրով ու հավատարմությամբ պահպանենք մեր ընտանիքները։ Չէ՞ որ դրանք միացրել է Աստված, ուստի՝ ո՞վ ենք մենք՝ մարդիկս, որ բաժանենք այն։

qahana.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook