Friday, May 3, 2024
ՀայտարարություններՆորություններ

Ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ. ոստիկանությունը կոչ է անում չվճարել պահանջվող գումարը

Համացանցում շրջանառվում է տեղեկատվություն, որ բազմաթիվ քաղաքացիների բջջային հեռախոսների կամ անձնական օգտագործման համակարգիչների ինտերնետ դիտարկիչներում սկսել են հայտնվել հաղորդագրություններ, իբր պոռնկագրական նյութեր պարունակող կայքեր բազմիցս այցելելու պատճառով ՀՀ ոստիկանության կողմից արգելափակվել է օգտատիրոջ համակարգիչը և նա տուգանվել է որոշակի գումարի չափով։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ն, այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:

Ջանոյանը նշում է, որ նույն հաղորդագրությամբ քաղաքացիներին ներկայացվում է տուգանքները վճարելու հաշվեհամար՝ հղում անելով ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածին:

 «Հարկ է նշել, որ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածը վերաբերում է ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելուն։

Պարզաբանում ենք, որ խնդրո առարկա հաղորդագրությունները որևէ առնչություն չունեն ՀՀ ոստիկանության հետ, իսկ դիտարկված կասկածելի կայքը, որի հղումով մուտք է գործել օգտատերը, հնարավոր է պարունակած լինի նման հաղորդագրություն ցուցադրելու համար նախատեսված ծրագրային ապահովում, ինչի գործարկման արդյունքում հաղորդագրությունը հայտնվել է բջջային հեռախոսում կամ համակարգչում»,- գրել է Ջանոյանը:

ՀՀ ոստիկանությունը հորդորում է չվճարել պահանջվող գումարը և համացանցից օգտվելու արգելափակումը վերացնելու համար մաքրել համակարգչի ինտերնետ դիտարկման արդյունքում կուտակված ֆայլերը  (cache)  և դիտարկիչի հավելումները (extension) կամ դիմել համակարգչային մասնագետի։

«Այն քաղաքացիները, որոնք տուժել են խարդախների գործողություններից, կարող են դիմել ոստիկանություն»,- գրել է Ջանոյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook