Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

ԼՅԱՐԴԻ ՓՈԽՊԱՏՎԱՍՏՈՒՄ: Պարզաբանում է Աստղիկ Բժշկական Կենտրոնի վիրաբույժ, ԵՊԲՀ Ընդհանուր Վիրաբուժության ամբիոնի դասախոս, բգթ Հայկ Վաչագանի Հարությունյանը

29003859_883664668486292_1878343056_n-ԱՄՆ-ում, Եվրոպայում և մի շարք այլ երկրներում կատարվում են լյարդի փոխպատվաստման վիրահատություններ: Այսօր կարո՞ղ ենք խոսել, որ արդեն իրականություն է Հայսատանում լյարդի փոխպատվաստումը:

-Լյարդի փոխպատվաստման պատմությունը սկիզբ է առել 1967 թ., երբ Thomas Starzl-ը և նրա թիմը իրականացրին առաջին բարեհաջող դիակային լյարդի փոխպատվաստումը: Ըստ օրգանների տրամադրման միասնական ցանցի (UNOS- United Network for Organ Sharing) 2015թ. տվյալների իրականացված 500000 փոխպատվաստումներից 26.1%-ը եղել են լյարդի փոխպատվաստման վիրահատությունները:
Տարեկան լյարդի փոխպատվաստման անհրաժեշտությունը կազմում է 10-20 մարդ 1 միլիոն բնակչության հաշվարկով:  Լյարդի փոխպատվաստում առավել հաճախ իրականացվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, Ասիական երկրներում, Եվրոպայում:
Ցավոք սրտի Հայաստանում լյարդի փոխպատվաստում դեռևս չի իրականացվում, սակայն Աստղիկ բժշկական կենտրոնի տնօրինությունը, ինչպես նաև Վիրաբուժական բաժանմունքի թիմը պրոֆեսոր Հ.Ա. Բարսեղյանի և դոցենտ Ա.Ա. Ոսկանյանի գլխավորությամբ քայլեր են ձեռնարկում այդ ուղղությամբ: Արդեն իսկ վերապատրաստումներ ենք անցել Թայվանում, Կազանում, Բարսելոնայում, Մոսկվայում, Շվեդիայում: Բացի այդ, պատրաստվում ենք առաջիկայում ընդլայնված թիմով (3 վիրաբույժ, ռադիոլոգ, սոնոգրաֆիստ, անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ) ևս վերապատրաստվել արտերկրում:

-Ի՞նչ է իրենից ներկայացնում լյարդի փոխպատվաստումը:

-Ամբողջ աշխարհում մահացության հիմնական պատճառներից են լյարդի հիվանդությունները: Լյարդի փոխպատվաստումը լյարդի բազմազան հիվանդությունների այդ թվում՝ սուր լյարդային անբավարարության, ցիռոզի և ռեզեկցիայի ոչ ենթակա չարորակ ուռուցքների ամենարդյունավետ բուժման մեթոդն է: Տարիների ընթացքում այս միջամտությունը զարգացել է օրգանների պահպանման, վիրաբուժական տեխնիկայի, նախավիրահատական խնամքի և իմունոսուպրեսիայի կատարելագործման շնորհիվ: Առկա մարդկային և տեխնիկական ռեսուրսները, քաղաքականությունը, օրենսդրությունը, հանրության լայն շերտերի իրազեկվածությունը, և նույնիսկ կրոնական հայացքները հանգեցրել են լյարդի փոխպատվաստման բարեհաջող իրականացման տարբեր մեթոդների մշակմանը ամբողջ աշխարհում, որոնք ուղղված են լյարդի հիվանդություններով տառապող անձանց բուժմանը:

-Որո՞նք են լյարդի փոխպատվաստման ցուցումները: Ո՞ր դեպքում է այն իրականացվում:

-Լյարդի փոխպատվաստման ցուցումներն են՝ անդարձելի սուր լյարդային անբավարարությունը կամ տերմինալ փուլում գտնվող քրոնիկ լյարդային անբավարարությունը.

  • ֆուլմինանտ լյարդային անբավարարությունը
  • ոչ խոլեստատիկ հիվանդությունները (վիրուսային հեպատիտները, աուտոիմուն հեպատիտը, ալկոհոլային ցիռոզը)
  • խոլեստատիկ հիվանդությունները (բիլիար ցիռոզը, առաջնային սկլերոզացնող խոլանգիտը)
  • լյարդի նյութափոխանակության բնածին արատները (Վիլսոն-Կանավալովի հիվանդությունը, ժառանգական հեմոքրոմատոզը, հիպերօքսալուրիան, թիրոզինեմիան, ընտանեկան հիպերխոլեստերինեմիան և այլն)
  • լյարդի չարորակ ուռուցքները (հեպատոցելուլյար կարցինոման, խոլանգիոկարցինոման, հեպատոբլաստոման, հեմանգիոէնդոթելիոման և այլն)

-Ասացեք խնդրեմ ինչպիսի՞ն են դոնորի և ռեցիպիենտի ներվիրահատական ռիսկերը:

-Ռեցիպիենտի ներվիրահատական մահացության հավանականությունը կազմում է մոտ 5%: Դոնորի ներվիրահատական մահացությունը գնահատվում է 0.5-1%: Լյարդի փոխպատվաստումից հետո մեծ բարդությունների ռիսկը կազմում է  2-4%, իսկ փոքր բարդությունների ռիսկը՝ 15-20%: Պետք է նշել, որ վերոնշյալ թվերը շատ հարաբերական են, պայմանավորված են փոխպատվաստման կենտրոնների փորձով, դոնորների և ռեցիպիենտների ընտրությամբ, հետվիրահատական շրջանի խնամքով:

-Ինչպե՞ս են ընտրվում դոնորները, ինչպիսի՞ չափորոշիչներ գոյություն ունեն: 

-Դոնորի գնահատման հիմնական նպատակն է պարզել, թե արդյոք կամավորը կարող է հանդես գալ որպես դոնոր թե ոչ: Գոյություն ունեն գնահատման 3 կարևոր ասպեկտներ.

  • Հիվանդության հայտնաբերում, որը բացահայտ կամ թաքնված ձևով կարող է մեծացնել դոնորի և ռեցիպիենտի ռիսկը
  • Հոգեբանական վիճակի, այդ թվում՝ որպես դոնոր հանդես գալու մոտիվացիայի գնահատում
  • Լյարդի անատոմիայի, ծավալի և ֆունկցիայի տեսակետից նախատեսված տրանսպլանտի համապատասխանության ուսումնասիրություն

Դոնորի տարիքը  պետք է լինի 16-65 տարեկան, քանի որ թաքնված հիվանդությունների հանդիպման հավանականությունը տարիքին զուգահեռ աճում է (հատկապես ճարպակալումով հիվանդների մոտ): Դոնորի քաշը տատանվում է 50-85 կգ կամ BMI=23.1-27.5 (BMI>27.5 դեպքում բարդությունների զարգացման հավանականությունը մոտ 31 % է, իսկ BMI <27.5 դեպքում՝ մոտ 13.6%): Մեծամասամբ փոխպատվաստման համար ցանկալի է առաջին խմբի բարեկամական կապ (քույր-եղբայր, ծնող-երեխա): Փոխպատվաստման համար անհրաժեշտ է միևնույն արյան խմբային պատկանելիությունը: Ինչպես նաև պետք է ճշգրիտ լինեն ռեցիպիենտի լյարդի և դոնորի մնացորդային լյարդի ծավալները: Ռեցիպիենտին անհրաժեշտ լյարդը ռեցիպիենտի քաշի 0.8-1%-ն է (օրինակ 70կգ ռեցիպիենտի համար 560-700 գրամ): Շատ կարևոր է նաև դոնորի մնացորդային լյարդը, այն պետք է լինի 35-40%:

-Որո՞նք են լյարդի փոխպատվաստման հակացուցումները:

-Գոյություն ունեն լյարդի փոխպատվաստման բացարձակ և հարաբերական հակացուցումներ: Բացարձակ հակացուցումներն են՝ ուղեղի մահը, արտալյարդային չարորակ ուռուցքները, ակտիվ ալկոհոլիզմը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, սուր սիրտ-թոքային հիվանդությունները, սեպսիսը, լյարդի փոխպատվաստմանը խոչընդոտող անատոմիական շեղումները և այլն: Հարաբերական հակացուցումներն են՝ խոլանգիոկարցինոման, դռներակի թրոմբոզը, հոգեբանական անկայունությունը, 60 տ. բարձր տարիքը, ճարպակալումը՝ BMI>35 և այլն:

-Ովքե՞ր են կարող հանդես գալ որպես լյարդի դոնոր:

-Գոյություն ունի երկու տեսակի լյարդի դոնոր: Կենդանի դոնոր, երբ օգտագործվում է առողջ մարդու լյարդի աջ կամ ձախ բիլթը: Դիակային դոնոր, երբ օգտագործվում է ուղեղի մահ գրանցված հիվանդի ամբողջական լյարդը (որոշ երկրներում մասնատում են լյարդը և փոխպատվաստում երկու տարբեր ռեցիպիենտների)` միայն հիվանդի հարազատների համաձայնության դեպքում: Ամերիկայում և Եվրոպայում առավել ընդունված է դիակային լյարդի փոխպատվաստումը, իսկ Ասիայում՝ կենդանի դոնորից լյարդի փոխպատվաստումը:

-Որո՞նք են լյարդի փոխպատվաստումից հետո ամենահաճախ հանդիպող խնդիրներն ու բարդությունները:

-Լյարդի փոխպատվաստումից հետո հանդիպող բարդություններ են.

  • Օրգանի մերժումը. հազվադեպ է հանդիպում կենդանի դոնորից փոխպատվաստման ժամանակ: Մերժումը լինում է սուր (50% դեպքերում), որը կարելի է հեշտությամբ վերացնել, և քրոնիկ (2% դեպքերում), որը չի վերահսկվում
  • Լեղահոսությունը. հանդիպում է մոտ 25% դեպքերում, ի դեպ հաճախ դոնորների մոտ կենդանի դոնորից փոխպատվաստման ժամանակ
  • Արյունահոսությունը. հանդիպում է 7% դեպքերում
  • Անոթային բարդությունները (թրոմբոզ, ստենոզ). հանդիպում է 3% դեպքերում
  • Ինֆեկցումը. եթե արդյունքում զարգանում է թոքաբորբ, ապա բավականին մեծ է լետալ ելքի ռիսկը
  • Տրանսպլանտատի չափսի սխալ ընտրությունը. անհրաժեշտ է կատարել կրկնակի փոխպատվաստում
  • Օրգանի անգործությունը. հազվադեպ հանդիպող բարդություն է, երբ փոխպատվաստված օրգանը չի սկսում աշխատել, այս դեպքում նույնպես անհրաժեշտ է կատարել կրկնակի փոխպատվաստում

-Ինչպիսի՞ն է ռեցիպիենտի ապրելիությունը լյարդի փոխպատվաստումից հետո:

-Պետք է նշել, որ 60-70% դեպքերում լյարդի փոխպատվաստումն իրականացվում է ցիռոզի կապակցությամբ, իսկ մոտ 7-15% դեպքերում՝ հեպատոցելուլյար կարցինոմայի կապակցությամբ: Բնականաբար տարբեր են նաև ապրելիութան ցուցանիշները: Լյարդի ցիռոզի կապակցությամբ փոխպատվաստված հիվանդների մոտ 1 տարվա ապրելիությունը կազմում է 85-90%, իսկ լյարդի ուռուցքով հիվանդների մոտ ՝ 65-70%: Լյարդի ցիռոզի կապակցությամբ փոխպատվաստված հիվանդների մոտ 3 տարվա ապրելիությունը կազմում է 80-83%, իսկ լյարդի ուռուցքով հիվանդների մոտ՝ 55-60%: Իսկ 5 տարվա ապրելիությունը համապատասխանաբար կազմում է՝ 75-80% և  35-50%:

-Որքա՞ն արժե լյարդի փոխպատվաստումը:

-Լյարդի փոխպատվաստումը բավականին թանկ վիրահատություն է: Ամերիկայի Միացյալ Նահանգներում այն արժե մոտ 500 հազար դոլլար, Գերմանիայում՝ 200-400 հազար դոլլար, Իսրայելում՝ 160-270 հազար դոլլար, Հյուսիսային Կորեայում՝ 200-250 հազար դոլլար, Համեմատաբար ավելի էժան է Թայվանում՝ 70-80 հազար դոլլար:
Նյութը պատկանում է aroxjblog.am կայքին

Կայքի հրապարակումների մասնակի կամ աղբողջական օգտագործման ժամանակ կայքի ակտիվ հղումը ՊԱՐՏԱԴԻՐ Է

Leave a Reply

x Close

Like Us On Facebook