Thursday, May 2, 2024
Նորություններ

Կայացել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստը

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս.Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» նիստերի դահլիճում տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ ուղղված միջոցառումները համակարգող հանձնաժողովի (ՄՀՀ) 2017 թվականի 1-ին նիստը, որը վարեց ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ՄՀՀ անդամ Սամվել Մարգարյանը: Հյուրերի կազմում էին ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, տուբերկուլոզի և մալարիայի դեմ պայքարի Գլոբալ հիմնադրամի Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի երկրների պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան, ԱՀԿ հայաստանյան գրասենյակի ղեկավար Եգոր Զայցևը, ինչպես նաև ներկայացուցիչներ այլ միջազգային կառույցներից:

ՄՀՀ նիստի օրակարգը հաստատելուց և շահերի բախման հարցաթերթիկները լրացնելուց հետո Գլոբալ հիմնադրամի պորտֆոլիո մենեջեր Վալերիա Գրիշեչկինան մանրամասն ներկայացրեց Գլոբալ հիմնադրամի կողմից 2018-2021 թվականների համար տրամադրվող ֆինանսական միջոցները, որդեգրված նոր մոտեցումները և հետագա քայլերը:

ՀՀ առողջապահության նախարարության Գլոբալ հիմնադրամի ծրագրերը համակարգող խմբի ղեկավար Հասմիկ Հարությունյանը և «Առաքելություն Արևելք» մարդասիրական օգնության կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմեն Բեժանյանը ներկայացրեցին 2016 թվականի տարեկան հաշվետվությունները, որոնց հաջորդած հարցերին տրվեցին պարզաբանումներ:

ՄՀՀ նիստի ընթացքում ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի» տնօրեն Սամվել Գրիգորյանը, ինչպես նաև փորձագետներ Ահարոն Բարսեղյանը և Արշակ Պապոյանը նյութեր տրամադրեցին Հայաստանում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման 2017-2021 թվականների պետական նպատակային ծրագրի, ՄԻԱՎ վարակին առնչվող ծառայությունների միջին միավոր արժեքների գնահատման, պետական ու ոչ պետական կազմակերպությունների կողմից տրամադրվող այդ ծառայությունների արդյունավետության վերլուծության, ռիսկային խմբերի շրջանում 2016 թվականին իրականացված ՄԻԱՎ վարակի վերաբերյալ կենսաբանական և վարքագծային հետազոտությունների վերաբերյալ:

Հաշվի առնելով, որ նիստի օրակարգային հարցերը հագեցած էին և ծավալուն` հանձնաժողովը որոշում ընդունեց նիստը հետաձգել և մարտի 1-ին տասնօրյակում արտահերթ նիստ հրավիրել:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook