Կանանց միզուղիների բորբոքումներ (Urinary tract infections in women)
Միզուղիների բորբոքումները շատ տարածված են կանանց մոտ: Կանանց մոտավորապես 60%-ը կյանքի ընթացքում հիվանդանում է միզուղիների բորբոքումով: Այս բորոքումների հիմնական պատճառն աղիքային ցուպիկն է (E.coli): Բորբոքման պատճ կարող են լինել նաև այլ միկրոբներ, ինչպիսին են՝ աղիքային բակտերինաներն ու կոկերը (Enterobacteriaceae, Enterococcus, Klebsiella) և այլն:
Ըստ ԱՄՆ-ի ներկայացրած վիճակակագրական տվյալների` միզուղիների բորբոքումների կապակցությամբ տարեկան կատարվում է.
- 7 մլն բժշկական խորհրդատվություն,
- 1 մլն շտապ օգնության դեպք,
- 100.000 հոսպիտալիզացիա:
Բակտերիուրիա (Bacteriuria)
Բակտերիուրիան բակտերիաների առկայությունն է մեզի մեջ: Բակտերիուրիան դասակարգվում է հետևյալ կերպ.
- ≥103 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-չբարդացած ցիստիտ,
- ≥104 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)- չբարդացած պիելոնեֆրիտ,
- ≥105 ուրոպաթոգեն միկրոբներ/մլ (մեզի միջին բաժնի մեջ)-միզուղիների բարդացած ինֆեկցիաներ:
Պատճառները.
- Հիգիենա: Հետանցքի սխալ մաքրումը՝ հետևից առջև ուղղությամբ:
- Միզուկ: Կանանց միզուկի տեղակայումն ու կարճությունը նպաստավոր պայմաններ է ստեղծում ինֆեկցիաների ներթափանցմանն ուղիղ աղիքից դեպի հեշտոց, այնուհետև` միզուղիներ: Երբեմն պատճառ կարող է լինել նաև միզուկի անմիջական գրգռումն ու վնասումը սեռական հարաբերության ժամանակ:
- Սեռական կյանք: Կան մի շարք սեռավարակներ, որոնք առաջացնում են միզուկաբորբ: Այդ ինֆեկցիաներից են՝ խլամիդիան, ուրեապլազման, գոնոռեան և այլն:
- Հակաբեղմնավորչ կամ խոնավացնող քսուքների հաճախակի օգտագործումը
- Հղիություն: Միզուղիների բորբոքումներ առավել հաճախ հանդիպում են հղիության ընթացքում, որոնք երբեմն ընթանում են անախտանիշ (անախտանիշ բակտերիուրիա), որոշ դեպքերում նաև` բարդացած ընթացքով (հղիության պիելոնեֆրիտ):
- Դաշտանադադար: Այս ընթացքում մեծանում է կնոջ ինֆեկցիաների ընկալունակությունը, որը պայամավորված է էսթրոգենների անբավարարությամբ
Դասակարգումը.
- ոչ բարդացած ստորին միզուղիների ինֆեկցիաներ կամ ցիստիտ (cystitis),
- ոչ բարդացած պիելոնեֆրիտ (uncomplicated pyelonephritis),
- բարդացած միզուղիների ինֆեկցիաներ՝ պիելոնեֆրիտի առկայությամբ կամ` ոչ (complicated UTI’s or pyelonephritis),
- ուրոսեպսիս(urosepsis),
- միզուկաբորբ (urethritis):
Ախտանշանները.
- անզուսպ միզարձակման ցանկություն,
- այրոց,
- հաճախակի և քիչ քանակությամբ միզարձակություն,
- պղտոր մեզ,
- արյունամիզություն,
- մեզից` հոտ,
- կոնքի և վերցայլքային շրջանի ցավեր,
- սրտխառնոց, փսխում, դող և բարձր ջերմություն (ինֆեկցիաներով բարդացած դեպքերում):
Բուժումը
Հիմնական բուժումը հակաբակտերիալ է: Շատ կարևոր է խուսափել ոչ տեղին և երկարատև անտիբիոտիկներ ընդունելուց՝ հատկապես ոչ բարդացած միզուղիների բորբոքումների բուժման ժամանակ` խուսափելու անտիբիոտիկների նկատմամբ անընկալունակության զարգացումից (antibiotic resistance), ինչը կարող է դժվարացնել հիվանդության բուժման հետագա ընթացքը:
Կարևոր է նաև կրկնվող ինֆեկցիաների դեպքում հայտնաբերել հավանական պատճառը, որը կարող է կապված լինել հորմոնային ստատուսի, սեռական հարաբերության, միզաքարային հիվանդության, միզուղիների խցանման և միզապարկի դիսֆունկցիայի հետ:
Կանխարգելումը
- Անձնական և սեռական կյանքի հիգիենայի պահպանումը (ուղիղ աղիքի մաքրումը առջևից դեպի հետ, հեշտոցի և ուղիղ աղիքի միջև տարածության լվացումը, սեռական հարաբերությունից առաջ և հետո լվացվելը և այլն):
- Ժամանակին միզարձակումը (չհետաձգել միզարձակումը և չգերլցնել միզապարկը):
- Սեռական ակտից առաջ և հետո միզելը:
- Վիտամին C-ի պարբերաբար ընդունումը:
- Բամբակյա ներքնազգեստ կրելը (խոնավությունից խուսափելու համար):
- Լոռամրգի (cranberry) օգտագործումը:
- Սեռական այն դիրքերից խուսափումը, որի ժամանակ միզուկը կարող է երկար շփվել ու բորբոքվել:
- Ջրի բավարար ընդունումն օրվա ընթացքում:
- Ոչ մասնագիտական մոտեցումից խուսափումը և միզուղիների բորբոքումների հայտնաբերման ու բուժման համար ժամանակին ուրոլոգի խորհրդատվության դիմելը:
Ռաֆֆի Ջանեցյան, ուրոլոգ
Նյութի աղբյուրը՝ urolog.am