Saturday, May 4, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հազ, աչքերի կարմրություն, գրգռված վիճակ. արդյո՞ք ալերգիայի և շնչառական վարակի ախտանշանները նման են

Այժմ ամառ է, արև ու արձակուրդներ:  Սա նաև նշանակում է, որ շրջապատում շատացել են բազմաթիվ ալերգենները,  բարձրացել է դրանցով պայմանավորված տարաբնույթ ալերգիաների զարգացման հավանականությունը։

Ապացուցված է, որ երեխաների 10-20 տոկոսը կյանքի որոշակի շրջանում ունենում են գերզգայունություն սեզոնային ալերգենների նկատմամբ և ախտանշանները կախված են լինում համապատասխան սեզոնին (գարուն-աշուն) տվյալ ալերգենի գերակշռող լինելուց։

Մանկաբուժության թիվ 2 կլինիկայի ալերգոլոգ,  ԵՊԲՀ կլինիկական ալերգոլոգիայի ամբիոնի ասիստենտ Նունե Հովհաննիսյանն ընդգծում է, որ ալերգիաներին բնորոշ հիմնական ախտանշաններն են՝ աչքերի շուրջ մաշկի մգացում, քոր,  արցունքահոսություն, աչքերի կարմրություն, փռշտոցներ, սպաստիկ բնույթի, չոր հազ, դժվարաշնչություն, գրգռված վիճակ, հոգնածության զգացում և այլն: Նկարագրված  ախտանշանները կարող են դիտվել շնչառական վարակների ժամանակ նույնպես: Հետևաբար այդ երկուսի միջև կարևոր է անցկացնել համապատասխան տարբերակում՝ բուժման հետագա ընթացքը ճիշտ կազմակերպելու նպատակով։ Նման իրավիճակում կարելի է  ուշադրություն դարձնել դուրս բերվող խորխի բնույթին (թափանցիկ, ոչ խիտ/ խիտ, գունափոխված),  հազի տիպին (չոր/թաց), աչքերին (արցունքահոսության, կարմրության առկայություն/ բացակայություն), ջերմության առկայությանը կամ բացակայությանը:  Եթե երեխայի մոտ առավելապես գերակշռում են առաջին տարբերակների պատասխանները, հավանաբար առկա է սուր շնչառական վարակ, երկրորդի դեպքում՝ ալերգիա։ Կարևոր է հաշվի առնել երեխայի տարիքը ևս (առավելապես 3-5 տ.), ախտանշանների պահպանման տևողությունը, ընտանիքի մյուս անդամների մոտ ալերգիաների առկայությունը։ Մտապահեք, որ ջերմության բարձրացումը խոսում է վարակի առկայության մասին: Փորլուծությունն էլ առավելապես վարակի նշան է (բացառությամբ տևական ընթացքին՝ պայմանավորված սննդային ալերգեններով)։

Այսպիսով, վերոնշյալ ախտանշանների պարագայում հարկավոր է այցելել մանկաբույժի, որն անհրաժեշտության դեպքում կուղղորդի ալերգոլոգի խորհրդատվության։

impoqrik.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook