Friday, May 3, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Հայաստանը մայիսի 18-21-ը կդառնա բժշկագիտական առաջատար մտքի կենտրոն. մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության 15-րդ համաժողովը

Հայաստանը մայիսի 18-21-ը կդառնա բժշկագիտական առաջատար մտքի կենտրոն. Հայաստանում մեկնարկել է Մանկական ուռուցքաբանության միջազգային միության ասիական  15-րդ համաժողովը  (SIOP Asia 2023 XV Congress):

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ համաժողովի պաշտոնական մեկնարկին նվիրված ասուլիսի ընթացքում պրոֆ. Ռ.Հ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն, ՀՀ առողջապահության նախարարի արյունաբանության և տրանսֆուզիոն բժշկության գծով խորհրդատու Սամվել Դանիելյանն ընդգծեց, որ  համաժողովը մայիսի 18-21-ը հյուրընկալել է մանկական ուռուցքաբանության համաշխարհային առաջատար ավելի քան 200 մասնագետների, բժշկական և ուսումնական հաստատությունների ղեկավարների, ովքեր հանդես են գալու զեկույցներով ու դասախոսություններով ոլորտի ամենաարդի զարգացումների շուրջ։

«Հարյուրավոր ականավոր բժիշկներ և գիտնականներ նաև ծանոթանալու են Հայաստանի բժշկագիտությանը, մասնագետներին, գիտական ներուժին ու ենթակառուցվածքներին, ինչը նորանոր հնարավորություններ է ձևավորելու տարաբնույթ  համագործակցությունների հաստատման և զարգացման համար»,-ասաց Դանիելյանը:

ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանն ընդգծեց, որ միջոցառումը շատ կարևոր է և այն փաստը, որ Հայաստանը  հայտնվել է առաջատար երկրների ցանկում, մեծ  պատիվ է:

«Միջազգային երկրների ցանկում հայտնվելով և նման ֆորում Հայաստանում անցկացնելու փաստը խոսում է ոլորտում մեր մասնագետների ունեցած հաջողության և միջազգային ճանաչման մասին: Մանկական ուռուցքաբանությունը և երեխաների առողջությունը կառավարության և նախարարության ուշադրության կենտրոնում է և մենք տարեցտարի ավելի ու ավելի ենք ընդլայնում ծառայությունները՝ փորձելով ավելի շատ կանխարգելել և բուժման պրոցեսի մեջ ընդգրկել»,- ասաց փոխնախարաը:

Խոսելով համաժողովի կարևորությունից՝ կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ, Մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի ղեկավար, ԵՊԲՀ մանկական ուռուցքաբանության և արյունաբանության ամբիոնի վարիչ, Իմունաուռուցքաբանության հետազոտական ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Գևորգ Թամամյանն ընդգծեց, որ Մանկական ուռուցքաբանության միջազգային միությունն (SIOP) աշխարհում միակ կազմակերպությունն է, որն ամբողջությամբ նվիրված է մանկական և դեռահասների քաղցկեղի բոլոր ասպեկտների ուսումնասիրությանն ու բուժմանը, ինչպես նաև այդ ոլորտում գիտելիքների ավելացմանն ու զարգացմանը: Միության առաքելությունն է պայքարել, որ ոչ մի երեխա չմահանա քաղցկեղից:

Մասնագետը նշեց, որ այժմ քաղցկեղից բուժվելու ցուցանիշը Հայաստանում հասնում է 75%-ի:

«Այս առաքելությանն է նվիրված նաև 2023 թվականին անցկացվելիք համաժողովը, որի ընթացքում ելույթով հանդես կգան համաշխարհային ճանաչում ունեցող ոլորտի մասնագետներ, կառույցների և գիտական հանձնաժողովների ղեկավարներ ողջ աշխարհից` ԱՄՆ-ից, Չինաստանից, Ճապոնիայից, Ռուսաստանից, Հնդկաստանից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Նիդերլանդներից, Բելգիայից, Իսպանիայից, Լիբանանից, Մեծ Բրիտանիայից, Հունաստանից, Չեխիայից, Լիտվայից, Շվեդիայից և այլ երկրներից: Այս օրերին Հայաստանը մանկական ուռուցքաբանական քարտեզի վրա է և միջազգային ուշադրության կենտրոնում է գտնվում, քանի որ հայկական հարթակից է բարձրաձայնվելու նորարարությունները, գիտնականները ներկայացնելու են իրենց հայտնագործությունները և կիսվելու են իրենց փորձով»,- ասաց  Գևորգ Թամամյանը:

Մասնագետը նշեց, որ  համաժողովի օրակարգը  բավականին հագեցած է և ընդգրկում է լայնամասշտաբ միջոցառումներ՝ սեմինարներ, քննարկումներ, բանախոսություններ և սիմպոզիումներ, որոնք կանցկացվեն մայիսի 18-21-ը Երևանի պետական բժշկական համալսարանի դահլիճներում և մի շարք բժշկական հաստատություններում։ Հանրության համար ներառված են նաև բաց և անվճար բացառիկ հանդիպումներ, սեմինար-քննարկումներ առողջության առաջնորդության վերաբերյալ:

Համաժողովի համակազմակերպիչներն են` Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանը, ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնը, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը հանդիսանում է ՀՀ ԱՆ պրոֆ. Ռ.Հ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի մաս, Իմունաուռուցքաբանության գիտահետազոտական ինստիտուտը (IMMONC) և Սիթի օֆ Սմայլ բարեգործական հիմնադրամը։ Համաժողովն անց է կացվում ՀՀ Առողջապահության նախարարության աջակցությամբ։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook