Friday, May 3, 2024
ՆորություններԺամանցտեսանյութեր

Հայկական նոր սոցիալական ստարտափի շահույթը՝ զինհաշմանդամներին. «Նեթվորք արշավներ»

Եթե պատահմամբ հայտնվեք Հարավաֆրիկյան Հանրապետությունում ու տեսնեք մի խումբ երիտասարդ բիզնեսմենների, որոնք միասին գարեջուր են խմում, ծանոթանում, համագործակցության, փորձի փոխանակման պլատֆորմ մշակում, ու որոշեք հայրենիքում նույնն իրագործել, ապա շտապեմ հիասթափեցնել։ Հայաստանում մոտ մեկ տարի առաջ գործարար Մայիս Մարգարյանը նմանաբովանդակ ստարտափի մեկնարկը տվեց առաջինը։ Հայկական ստարտափը կոչվեց «Նեթվորք արշավներ», նպատակն էլ հստակորեն ձևակերպվեց. «Նեթվորք արշավը շփման, համագործակցության, փորձի փոխանակման պլատֆորմ է ակտիվ ապրելակերպով բիզնեսմենների, մասնագետների, ամբիցիոզ անձանց համար: Արշավի այս ֆորմատը նաև յուրօրինակ պլատֆորմ է քաղաք-գյուղ նեթվորքի համար»:

Առաջին արշավը մեկնարկեց ուղիղ տասը ամիս առաջ՝ առանց գարեջրի. «Միտք կար բիզնեսմեններին հավաքել ու ոչ թե գնալ, հաց ուտել, զվարճանալ, այլ գնալ ակտիվ հանգստի՝ արշավի։ Եվ հենց առաջին փորձին 50 հոգի հավաքվեց, մոտ 40 տոկոսը բիզնեսմեններ էին, և հասկացանք, որ ֆորմատը կենսունակ է։ Միջինը 3 շաբաթը մեկ արշավներ են լինում Հայաստանի տարածքում։Մեր նպատակներից մեկը ոչ միայն նեթվորքինգն է, այլև, քանի որ ստացվում է հավաքել ակտիվ, որոշակի հնարավորություններով զինված մարդկանց, փորձում ենք ուղղություններն ընտրել այնպես, որոնք Հայաստանի տուրիստական պոտենցիալ ունեցող, սակայն անարդարացիորեն անտեսված տեղերն են։ Օրինակ՝ ասկերանցիները դիմեցին, ասացին՝ արցախյան տուրհոսքերը չեն կանգնում Ասկերանում, գնացինք 3 օրով, բացահայտեցինք Ասկերանի տուրիստական գրավչությունը, որից հետո Ասկերանի որոշ ռեստորաններ, հյուրատներ սկսեցին Երևանի տուրընկերությունների հետ համագործակցել։ Եվ վերջին արշավը․ Շամշադինից ակտիվ երիտասարդները դիմեցին, ասացին՝ մեր մոտ տուրիստական հոսքերը քիչ են, եկեք, գնացինք, դռոն տարանք, ցուցադրեցինք, նկարեցինք, տեսահոլովակ սարքեցինք»,- նշում է հիմնադիր Մայիս Մարգարյանը։

Հայաստանի գողտրիկ վայրերի տուրիստական գրավչությունը բացահայտելուց զատ՝ արշավները հանձն են առել ևս մեկ կարևորագույն գործ. կադրերի բացահայտում. «Մենք շեշտը դնում ենք կադրերի վրա։ Սա ոչ օֆիցիալ անվանում է ստացել, կոչվում է «Լինքդին արշավներ» (համանուն կադրային ուղղվածության սոցիալական ցանցի անունով), այսինքն՝ սկսած առաջին քայլից՝ գրանցումից մինչև իվենթում ներկայացնելը, մենք անընդհատ գրանցվողից վերցնում ենք ինֆորմացիա, նրա աշխատանքը, աշխատավայրը, մասնագիտությունը։ Հայտարարում ենք իվենթում, որ արշավին միանալու է այսինչ մարդը՝ այսինչ մասնագիտությամբ, այսինչ ընկերությունը կամ բիզնեսը ներկայացնող։ Հենց արշավով ամեն ինչ սկսվում է և արշավով ոչինչ չի ավարտվում։ Մենք այդ համայնքով հետո փորձում ենք տարբեր միջոցառումներ անել, բիզնես խաղեր ենք կազմակերպում և այլն։ Եվ ասեմ, որ արշավի ողջ շահույթը տրամադրվում է հաշմանդամություն ունեցող զինծառայողների կարիքները հոգալուն»։

Ընդհանուր հաշվով մոտ տասը արշավ է կազմակերպվել, որոնց մասնակցել է շուրջ 265 հոգի։ Ֆեյսբուքյան փակ խումբն էլ օգնում է արշավականների հետագա համագործակցությանը. «Մենք արշավից հետո բոլորին ընդգրկում ենք հատուկ ֆեյսբուքյան փակ խմբում, և եթե մեկը ինչ-որ բանով, ինչ-որ համագործակցության կամ ռեսուրսի, աշխատողի կամ ինֆորմացիայի կարիք ունի, մենք էլ, ունենալով մեր ձեռքի տակ մասնակիցների տվյալները, որպես կազմակերպիչ տրամադրում ենք այդ տվյալները»։

Սոցիալական այս նախագիծն իրագործողները՝ սկսած հիմնադրից աշխատում են անվճար հիմունքներով. «Մենեջեր, տոմսերի առաքիչ, թարգմանիչ, վիդեոմոնտաժող, բոլորը կամավորական հիմունքներով են աշխատում։ Արշավականներ են, որոնք ցանկացել են ներդրում ունենալ այս գործում։ Իսկ արշավի տոմսերի գներն էլ փոփոխական են լինում։3 շաբաթ առաջ լինում է վերջին շաբաթից 2 հազար դրամ էժան, հետո՝ հազար դրամ, բայց ուզում եմ շեշտել, որ տոմսը ոչ թե թանկանում է, այլ սկզբում է էժան, իսկ վերջին շաբաթում հասնում է շուկայական գնին։ Մի սկզբունք էլ ունենք. մի տրանսպորտով ենք գնում։ Եթե ևս 10 հոգի հավաքվեր, ավելի շատ շահույթ կունենայինք, բայց պետք է լինելու ևս մեկ տրանսպորտ, մենք դա չենք անում, քանի որ նեթվորքինգ բառը ենթադրում է՝ բոլորը մի տեղ լինեն»։

Ոչ ֆորմալ այս արշավները կազմակերպվում են Հայաստանի հենց այն գյուղերում, որտեղ տուրիստական հոսք չկա, փոխարենը կան հրաշալի բնություն, տեսարժան վայրեր և, իհարկե, հյուրընկալ գյուղացիներ։ Ստարտափի հիմնադիր Մայիս Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ ծրագրի նպատակը միայն արշավականների օրը գունավորելը չէ.«Ոչ միայն այցելում ենք գյուղացիների տուն, ծանոթանում ենք տատիկ, պապիկների հետ, այլև հասկանում ենք՝ ինչով են զբաղվում,ինչ ռեսուրսներ ունեն։ Վերցնում ենք կոնտակտներ, հետո փորձում ենք օգտակար լինել ու օգտվել։ Օրինակ՝ վերջերս Տավուշի գյուղերից մեկում ծանոթացանք մեղր արտադրող ընտանիքի հետ և հետո որոշ չափով օգնեցինք մեղրի իրացմանը։ Ի դեպ, նշեմ, որ մենք արշավի ընթացքում սեմինար էլ ենք ունենում, որի ընթացքում ամեն անգամ հրավիրում ենք մի հաջողակ անձնավորություն, օրինակելի բիզնեսմեն, ով էլ արշավի հանգստի ժամին սեմինար է անցկացնում՝ զերծ ֆորմալությունից»։

Նախագծի հիմնադիրը նաև նշում է, որ արշավը իր առջև դրած նպատակները իրականացնում է բարձր մակարդակով։ «Կարողանում ենք շոշափելի գումարով օգտակար լինել զինհաշմանդամություն ունեցողներին։ Կարողանում ենք գյուղացիների հետ կապ հաստատել, տվյալների բազա ձևավորել և օգտակար լինել շատերին»։

Վով Մուշեղյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook