Saturday, April 27, 2024
ՀիվանդություններՆորություններ

Հիդրոցեֆալիան ուղեղ-ողնուղեղային հեղուկի (լիկվորի) հոսքի խանգարման հետևանքով գլխուղեղի փորոքներում հեղուկի կուտակումն է

Հիդրոցեֆալիան ուղեղ-ողնուղեղային հեղուկի (լիկվորի) հոսքի խանգարման հետևանքով գլխուղեղի փորոքներում հեղուկի կուտակումն է:

Ուղեղ-ողնուղեղային հեղուկը թափանցիկ հեղուկ է, որը պաշտպանում է ուղեղային նուրբ կառույցները: Այն մեծ դեր ունի նաև գլխուղեղին սննդանյութեր մատակարարելու և պոտենցիալ վնասակար նյութերից պաշտպանելու հարցում:

Սովորաբար ուղեղ-ողնուղեղային հեղուկն արտադրվում է գլխուղեղի փորոքներում (գլխուղեղի խորքում գտնվող խոռոչներում), ողողում գլխուղեղը և ողնուղեղը, իսկ այնուհետև՝ ներծծվում ենթաոստայնային գրանուլացիաներում՝ անցնելով արյան հուն։

Սակայն երբ հեղուկի արտադրման և ներծծման արագությունների միջև առկա է անհավասարակշռություն (այսինքն՝ այն արտադրվում է ավելի արագ, քան կարող է ներծծվել), կամ կա որևէ խոչընդոտ, որը խանգարում է հեղուկի նորմալ հոսքին, ապա հեղուկը կուտակվում է փորոքներում, որի հետևանքով բարձրանում է ներգանգային ճնշումը։ Սա հանգեցնում է հիդրոցեֆալիայի առաջացմանը, որը մանկական նյարդավիրաբույժներին դիմելու ամենատարածված պատճառներից մեկն է։

🚩 Հիդրոցեֆալիան կարող է լինել․

ԲՆԱԾԻՆ (զարգանում է ներարգանդային կյանքում)

ՁԵՌՔԲԵՐՈՎԻ (զարգանում է ծննդաբերության ընթացքում կամ դրանից հետո):

🚩 Գոյություն ունի հիդրոցեֆալիայի 3 տեսակ.

1️⃣ Չհաղորդակցվող հիդրոցեֆալիա. առաջանում է, երբ ուղեղ-ողնուղեղային հեղուկի հոսքը խցանվում է փորոքներից դեպի գլխուղեղ և ողնուղեղ ուղղությամբ։

2️⃣ Հաղորդակցվող հիդրոցեֆալիա. առաջանում է հեղուկի ներծծման խանգարման պատճառով, բերում հեղուկի հավելյալ քանակի ավելացման։

3️⃣ Նորմալ ճնշման հիդրոցեֆալիայի դեպքում (սովորաբար հանդիպում է տարեց մարդկանց մոտ) մեծանում են գլխուղեղի փորոքները՝ առանց ներգանգային ճնշման բարձրացման։

🚩 ՊԱՏՃԱՌՆԵՐԸ

– Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) բնածին արատներ,

– Գլխուղեղի ուռուցքներ,

– Ներգանգային արնազեղումներ (մասնավորապես՝ ներփորոքային և ենթաոստայնային),

– Գլխի վնասվածքներ,

– ԿՆՀ ինֆեկցիաներ (մենինգիտ, էնցեֆալիտ, թարախակույտ)։

🚩 ԱԽՏԱՆԻՇՆԵՐԸ

Նորածինների մոտ՝

– Դյուրագրգիռ վարքագիծ,

– Գլխի դիրքի դժվար կառավարում,

– Արտափքված գաղթուն։

Քանի որ նորածնի գանգի ոսկրերն աճում են և կարող են ընդարձակվել՝ տեղավորելով ուղեղ-ողնուղեղային հեղուկի ավելորդ քանակությունը, ապա հիդրոցեֆալիայի դեպքում սովորաբար մեծանում է նորածինների գլխի շրջագիծը:

🚩 ԱԽՏՈՐՈՇՈՒՄԸ

Համակարգչային տոմոգրաֆիան (ՀՏ) և մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիան (ՄՌՏ) հեշտությամբ կարող է ախտորոշվել հիդրոցեֆալիան։ Երբեմն կիրառվում է նաև հատուկ կոնտրաստային նյութ՝ ուղեղային ախտահարված կառույցների տեսանելիությունը բարձրացնելու նպատակով:

Շատ կարևոր է որոշել հիդրոցեֆալիայի պատճառը. եթե այն պայմանավորված է գլխուղեղում ուռուցքի առկայությամբ կամ այլ հիվանդությամբ, ապա նաև անհրաժեշտ է վերացնել այդ պատճառը։

🚩 ԲՈՒԺՈՒՄԸ

Եթե հիդրոցեֆալիայի բուժման նպատակով անհրաժեշտ է վիրահատություն, ապա մանկական նյարդավիրաբույժը խորհուրդ կտա, թե որ տեսակի վիրահատությունն է լավագույնը երեխայի բուժման համար։

Հիդրոցեֆալիայի բուժման վաղուց հայտնի վիրահատությունն է՝ շունտի տեղադրումը. այն փոքր տրամաչափի խողովակներից և պոմպից կազմված համակարգ է, որի միջոցով ավելորդ հեղուկը գլխուղեղից ենթամաշկային տարածությամբ արտահոսում է դեպի որովայնի խոռոչ (վենտրիկուլո-պերիտոնեալ շունտավորում) կամ արյունատար համակարգ (վենտրիկուլո-ատրիալ շունտավորում):

Շունտերն արդյունավետ են հիդրոցեֆալիայի բուժման համար, սակայն դրանք պարունակում են վարակի և խցանման վտանգ:

Հիդրոցեֆալիայի բուժման մյուս եղանակը քիչ ինվազիվ էնդոսկոպիկ վիրահատությունն է: Էնդոսկոպիկ վենտրիկուլոստոմիայի (ETV) դեպքում նյարդավիրաբույժը փոքր կտրվածք է կատարում գլխամաշկի վրա, այնուհետև էնդոսկոպի (բարակ, լուսավորված խողովակ, որի ծայրին տեղադրված է տեսախցիկ) միջոցով մուտք է գործում փորոքային համակարգ՝լայնացնելով այն տեղամասը, որտեղից հեղուկը կարող է արտահոսել փորոքային համակարգից դուրս։

Հաշվի առնելով հիդրոցեֆալիայի տեսակը, առաջացման պատճառները և ռադիոլոգիական (ՀՏ, ՄՌՏ) տվյալները՝ նյարդավիրաբույժը որոշում է ընտրել էնդոսկոպիկ կամ բաց վիրահատական եղանակը։ Էնդոսկոպիկ վիրահատության դեպքում հնարավոր է խուսափել շունտը մշտականկրելու անհրաժեշտությունից, սակայն որոշ դեպքերում էնդոսկոպիկ վիրահատությունից հետո ևս կարիք է լինում տեղադրել այն։

Կարևոր է, որ վերոնշյալ նյարդաբանական ախտանիշների դեպքում երեխային հնարավորինս շուտ գնահատի մանկաբույժը, որը կարող է նրան ուղղորդել մանկական նյարդավիրաբույժի մոտ` հետագա հետազոտության և բուժման նպատակով։

🚩 Հիշե՛ք. հիդրոցեֆալիայի վաղ ախտորոշումը և բուժումը կարող է կանխել երեխայի մտավոր և ֆիզիկական զարգացման շատ խնդիրներ։

Նյութը ՝Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

Leave a Reply

x Close

Like Us On Facebook