Thursday, May 2, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Հունվարի 1-ից նախատեսվում է մինչև 2 տարեկան երեխաների խնամքի նպաստի նոր չափ սահմանել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի դեկտեմբերի 29-ի N 1566-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Iravaban.net-ը հայտնում է, որ նախագծով առաջարկվում է 2022 թվականի հունվարի 1-ից խնամքի նպաստի չափը սահմանել՝

  1. մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող կամ գյուղաբնակ ծնողի համար՝ 31600 դրամ (գործող՝ 28600 դրամի փոխարեն),
  2. 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ 31600 դրամ,
  3. 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար խնամքի նպաստի չափը հաշվարկել «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի 50 տոկոսից։ Հաշվի առնելով, որ 2023 թվականի հունվարի 1-ից նախատեսվում է նվազագույն աշխատավարձը սահմանել 75000 դրամ, ապա խնամքի նպաստի չափը նախագիծն ընդունվելու դեպքում կկազմի 37500 դրամ։

Նշվում է, որ ներկայումս խնամքի նպաստի գործող չափը, ինչպես գյուղաբնակ, այնպես էլ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի դեպքում սահմանված է 28600 դրամ։

 Ըստ այդմ, որպես Կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագրային դրույթ, նախատեսվում է սահմանել խնամքի նպաստի նոր չափ։
Բացի այդ, 2022 թվականի հոկտեմբերի 26-ին 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց «Պետական նպաստների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքը, որի համաձայն՝ վերանայվեց խնամքի նպաստի գործող համակարգը և սահմանվեցին նոր պայմաններ։ Մասնավորապես, նշված փոփոխությամբ սահմանվեց, որ 2023 թվականի հունվարի 1-ին և դրանից հետո ծնված երեխային խնամելու կապակցությամբ խնամքի արձակուրդում գտնվող ծնողին խնամքի նպաստի չափը սահմանելու է Կառավարությունը՝ տոկոսով «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածով սահմանված չափի նկատմամբ, իսկ խնամքի արձակուրդում չգտնվող ծնողի համար՝ խնամքի արձակուրդում գտնվող ծնողի համար սահմանված չափի 85 տոկոսը չգերազանցող չափով:

Իրավաբան.net

Leave a Reply

x Close

Like Us On Facebook