ՁԻԱՀ-ի հակազդմանն ուղղված Հայաստանի լավագույն փորձը կներկայացվի միջազգային համաժողովում
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Նիդերլանդների արտակարգ և լիազոր դեսպան Յոհաննես Դաումային։
Հանդիպման ընթացքում քննարկվել են առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությանն առնչվող հարցեր։ Վերջին տարիներն այն հիմնականում ընթանում է Եվրամիության, ինչպես նաև Առողջապահության համաշխարհային կազմակերպության ծրագրերի իրականացման շրջանակներում:
Դեսպանը ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լևոն Ալթունյանին հրավիրել է հուլիսի 23-ից 27-ը մասնակցելու Ամստերդամում Արևելյան Եվրոպայում և Կենտրոնական Ասիայում ՄԻԱՎ վարակի և համակցված հիվանդությունների նկատմամբ վարվող քաղաքականությանը վերաբերող նախարարական հանդիպմանը, ինչպես նաև դրան հաջորդող ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային համաժողովին։ Նա նշել է, որ բարձր մակարդակի այդ հանդիպումները Հայաստանի համար լավ հնարավորություն են նեկայացնելու այս ոլորտում ունեցած իր լավագույն փորձը:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` Լևոն Ալթունյանը կարևորել է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ին հակազդման ոլորտում Հայաստանի ձեռքբերումները Նիդերլանդների կողմից բարձր գնահատելու համար։
Նշենք, որ դեռևս ՀՀ առողջապահության նախարարությունում շուրջ 3 տարի առաջ կայացած հանդիպման ժամանակ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի, սեռական և վերարտադրողական առողջության ու իրավունքների հարցերով Նիդերլանդների Թագավորության դեսպան, Նիդերլանդների արտաքին գործերի նախարարության սոցիալական զարգացման վարչության պետ Լամբերտ Գրիյնսն առաջարկել է, որ 2018 թվականին Ամստերդամում կայանալիք համաժողովում Հայաստանը ներկայացնի իր փորձը, ինչից դասեր կքաղեն տարածաշրջանի մյուս երկրները։
Ի դեպ, Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային համաժողովին նեսրկայացնելու է Եվրոպական տարածաշրջանի երկրների լավագույն վորձը, որին հայտ է ներկայացրել նաև ՀՀ ԱՆ ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը։ Հավելենք, որ ակտիվորեն մասնակցելով ՁԻԱՀ-ի հարցերով միջազգային 5 համաժողովի` կենտրոնն ունեցել է պաստառային 4 ներկայացում, համաժողովների ժողովածուներում մեր մասնագետների հեղինակությամբ տպագրվել է 4 թեզիս, 8-ը՝ ներառվել խտասկավառակներում, 4-ը՝ ներկայացվել որպես էլեկտրոնային պաստառ: