Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

Մեզանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի քաղցկեղն է. մասնագետները հորդորում են պարբերաբար հետազոտվել

Աշխարհի շատ երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, ուռուցքային հիվանդացության աճի միտումը շարունակվում է: «Արմենպրես»ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում Ուռուցքաբանության ազգային կենտրոնի օնկոուրոլգիական բաժանմունքի բժիշկ, ԵՊԲՀ-ի ուռուցքաբանության ամբիոնի դոցենտ Վիկտոր Բադեյանը նշեց, որ տարեկան աշխարհում մոտ 18 մլն նոր դեպք է գրանցվում: Հայաստանում հիվանդացության աճի միտումը ևս շարունակվում է, թեպետ, այստեղ ավելի շատ հաշվի է առնվում այն գործոնը, որ դիմելության ցուցանիշներն են ավելացել, ընդլայնվել է մահճակալային ֆոնդը: Ուռուցքաբանության ազգային կենտրոնում նախորդ տարի բուժվել է 15 հազար բուժառու: Կատարվել է 6 հազար վիրահատական միջամտություն:

«Դիմելիության աճին նպաստող պատճառները տարբեր են: Մասնավորապես, մի շարք ծրագրեր խթանել են բուժառուների դիմելիության գործընթացը: Բուժառուներն արագ են արձագանքում բժիշկների հորդորներին: Մի քանի տարի առաջ, երբ մարզերում հիվանդների էինք ընդունում ու ասում էինք պետք է բուժվել Երևանում:, 30 հոգուց 3-4-ն էին դիմում բուժօգնության: Մնացածը ձգձգում էին բուժման ժամկետները»,- ասաց բժիշկը: Եթե 3-4 տարի առաջ Ուռուցքաբանության ազգային կենտրոնում մահճակալային ֆոնդը 550 էր, ապա այժմ հասնում է 800-ի: Վիկտոր Բադեյանը նկատեց, որ այս ուղղությամբ բժշկական ծառայությունները հասանելի են դարձել բուժառուներին: Օրինակ՝ վիրահատական միջամտությունները չարորակ ուռուցքներ ունեցողների համար կատարվում են անվճար: Դրանից բացի, ճառագայթային բուժումը նույնպես կատարվում է անվճար, քիմիաթերապիան էլ իրականացվում է համավճարի սկզբունքով: Մասնագետի խոսքով, սա շատ կարևոր առաջընթաց է, որ բուժառուն ոչ թե մտածի գումար հայթայթելու, այլ հենց բուժվելու մասին:

«Չարորակ ուռուցքների հիմնական տարիքային խումբը 50-60 տարեկանն է՝ կախված տեսակից: Հայաստանում ամենատարածվածը թոքի, կրծքագեղձի, ստամոքսի, շագանակագեղձի քաղցկեղն է: Աշխարհում ընդհանուր միտումները գրեթե նույնն են, թեպետ, կան բացառություններ: Օրինակ, ԱՄՆ-ում շագանակագեղձի քաղցկեղն ավելի բարձր հիվանդացության մակարդակ ունի, քան թոքինը: Եգիպտոսում, օրինակ, առաջնային տեղ է զբաղեցնում միզապարկի քաղցկեղը»,-ասաց Վիկտոր Բադեյանը:

Մասնագետի խոսքով՝ շատ կարևոր են կանխարգելիչ միջոցառումները, սքրինինգային ծրագրերը, որոնք օգնում են ինչպես իրազեկել մարդկանց, այնպես էլ անցկացնել անհրաժեշտ հետազոտություն: Վիկտոր Բադեյանն ընդգծում է՝ բուժման արդյունավետությունը շատ բարձր է, եթե հիվանդությունը վաղ փուլում է հայտնաբերվում: Այդ իսկ պատճառով խրախոսվում է պարբերաբար հետազոտվելը:

«Այդ առումով հիմա իրավիճակը շատ է փոխվել: Ես հիշում եմ իմ բժշկական կարիերայի սկզբնական փուլը, երբ գրեթե ամեն օր մեզ դիմած հիվանդների մոտ տեսնում էինք բացարձակ բարձիթողի վիճակ: Հիմա նման բան գրեթե չի լինում: Սա խոսում է թե՛ տեղերում կազմակերպված բուժօգնության բարձր մակարդակի, թե՛ բնակչության իրազեկվածության մասին»,- ասաց Վիկտոր Բադեյանը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook