Saturday, May 4, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Միզուղիների ինֆեկցիա․ ինչպե՞ս է այն արտահայտվում փոքրիկի մոտ և ի՞նչ անել

Միզուղիների ինֆեկցիան հավաքական տերմին է, որը միավորում է տարբեր վիճակներ (պիելոնեֆրիտ՝ երիկամի բորբոքում, ցիստիտ՝ միզապարկի բորբոքում), որոնց պարագայում առկա է մանրէների աճ միզային համակարգում։ Միզուղիների ինֆեկցիայի առաջացումը երեխաների մոտ, նախ, պայմանավորվում է տարիքային, կառուցվածքային առանձնահատկություններով (տղաների մոտ` մինչև 1 տարեկան, աղջիկների մոտ` մինչև 4 տարեկան)։ Արական սեռի ներկայացուցիների շրջանում միզուկը լինում է երկար և բարակ, իսկ իգական սեռի դեպքում՝ ավելի լայն ու կարճ, ինչի պատճառով էլ աղջիկների մոտ առկա է արտաքինից ռետրոգրատ ինֆեկցիայի ծագման առավել մեծ հավանականություն։

Մյուս առանձնահատկությունն այն է, որ միզային և աղեստամոքսային համակարգերի ավշային հոսքերը փոխկապակցված են։ Միզուղիների ինֆեկցիայի զարգացման պիկային հատվածը նորածնային հասակն է և 2-4 տարեկանը, որը համընկնում է երեխայի՝ պետքարանից օգտվելու շրջանի հետ։ Միզուղիների ինֆեկցիայի առաջացմանը կարող է նպաստել փորկապությունը։  Այլ նպաստող գործոններ են ֆիմոզը, միզային կաթետրի երկարատև առկայությունը, միզապարկի նեյրոգեն դիսֆունկցիան, շաքարային դիաբետը, անհասությունը, միզային համակարգում բնածին արատների և օբստրուկցիայի առկայությունը, բարձր աստիճանի միզապարկ-միզածորանային հետհոսքը և այլն։

Ուղեկցող նշանները

Նորածինների մոտ միզուղիների ինֆեկցիայի ախտանշանները ոչ սպեցիֆիկ են և ներառում են ախորժակի անկում, դիարեա, փսխում, չափավոր դեղնություն, թուլություն, տենդ կամ ջերմության փոփոխություն։

Մինչև 2 տարեկան փոքրիկների մոտ կարող են նկատվել ընդհանուր նշաններ՝ տենդ (38°C-ից բարձր ջերմություն), փսխում, լուծ, ցավ որովայնի շրջանում կամ տհաճ հոտ մեզից։

2 տարեկանից բարձր երեխաների շրջանում սովորաբար դրսևորվում են ցիստիտի կամ պիելոնեֆրիտի դասական նախանշաններ։ Ցիստիտին բնորոշ են դիզուրիկ երևույթներ՝ հաճախամիզություն, միզարձակման դժվարացում, ցավոտ միզարձակություն, անմիզապահություն, մեզի տհաճ հոտ, էնուրեզ (գիշերամիզություն), ցավ վերցայլային հատվածում։ Պիելոնեֆրիտին բնորոշ է տենդը, դողը, սարսուռը, ցավը գոտկային շրջանում։ Պիելոնեֆրիտը ժամանակին չբուժելը պարունակում է մեծ վտանգ և կարող է հանգեցնել երիկամի վնասման, զարկերակային հիպերտենզիայի, երիկամային անբավարարության զարգացման։ Այսինքն՝ անդառնալիորեն երիկամի ֆունկցիոնալության կորստի։ 

Ի՞նչ անեն ծնողները, երբ փոքրիկի մոտ նկատում են միզուղիների ինֆեկցիային բնորոշ ախտանշաններ

Միզուղիների ինֆեկցիայի դեպքում բուժումը պետք է սկսել անհապաղ, որը ներառում է հակաբակտերիալ և ախտանշանային թերապիա։ Եթե ունենք կասկած, ինքնուրույն դեղեր չենք ընտրում բալիկի համար ու իրականացնում ոչ նպատակաուղղված բուժում հակաբիոտիկներով։ Վերջինիս նույնիսկ ցածր դեղաչափով կիրառումը կարող է աղավաղել կլինիկական և մեզի քննության պատկերը՝ բերելով ճշգրիտ ախտորոշման դժվարացման։ Մայրիկի կողմից տրվող օգնությունը՝ երեխային շատ հեղուկներ խմեցնել և դիմել բժշկի։

«Իմ փոքրիկ»-ը զրուցել է «Մուրացան» համալսարանական հիվանդանոցի մանկաբույժ Գայանե Մարգարյանի  հետ։

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook