Monday, May 6, 2024
Նորություններ

Նախատեսվում է խթանել ՀՀ-ի և Կատարի միջև համագործակցությունն առողջապահության ոլորտում. ԱԺ-ին ներկայացվեց համաձայնագիրը

ՀՀ ազգային ժողովի քննարկմանը ներկայացվեց համաձայնագիր, որը միտված է խթանելու առողջապահության ոլորտում Հայաստանի Հանրապետության և Կատարի Պետության միջև համագործակցությունը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Կատարի Պետության կառավարության միջեւ առողջապահության բնագավառում համագործակցության վերաբերյալ» համաձայնագիրը վավերացնելու մասին նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ առողջապահության փոխնախարար Լենա Նանուշյանը:

Փոխնախարարը նշեց, որ վերջին ամիսների ընթացքում կայուն առաջընթաց է արձանագրվում առողջապահության ոլորտում երկկողմ հարաբերություններում: 2022 թվականի հունիսի 13-ի երկկողմ ստորագրվել է համաձայնագիրը:

«Կատարի Պետության կառավարության հետ առողջապահության բնագավառում համագործակցությունը հետաքրքրություն է ներկայացնում բազմակողմ փոխշահավետ գործակցության հաստատման տեսանկյունից, որը կօգնի կողմերի միջև համագործակցությունը զարգացնել առողջապահության կազմակերպման, փորձի, գիտելիքի ուսումնասիրման և փոխանակման, առողջապահական և բժշկագիտական հաստատությունների միջև ուղղակի կապեր ստեղծելու, առողջապահության համակարգի բարեփոխումների, բժշկական ծառայությունների որակի բարելավման, բժշկական տուրիզմի զարգացման և մի շարք այլ երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներով»,-ասաց Նանուշյանը:

Նրա խոսքով՝ համաձայնագրով նախատեսված Կատարի Պետության հետ փոխայցելությունների արդյունքում ակնկալվում է առողջապահության ոլորտի Հայաստանի մասնագետների, բժիշկների, գիտնականների, ուսանողների որակավորման բարձրացում, որը կխթանի նաև Հայաստանում առողջապահության ոլորտի զարգացումն ու առաջխաղացումը, ինչպես նաև գիտակրթական ներուժի և առողջապահական ծառայությունների որակի բարձրացումը:

Leave a Reply

x Close

Like Us On Facebook