Sunday, May 5, 2024
Նորություններ

Նախարարը կարևորել է լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ներդրումը

Շվեդիայի Լունդ համալսարանական հիվանդանոցի մանկական ուռուցքա-արյունաբանական բաժանմունքի ղեկավար բ.գ.դ., պրոֆեսոր Յացեկ Տոպորսկին, ով լեյկեմիայով հիվանդ երեխաների մոտ ալլոգեն փոխպատվաստման միջազգային պրոտոկոլի ազգային համակարգողն է, Հայաստան կատարած այցի շրջանակում ՀՀ ԱՆ «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի» մասնագետներին ծանոթացրել է մանկական ուռուցքա-արյունաբանության բուժական ժամանակակից մեթոդներին։

Այսօր Արյունաբանական կենտրոնում ներդրվել է պրոֆեսորի կողմից նվիրաբերված լեյկեմիայով հիվանդ երեխաների կլինիկական ռեգիստրի ծրագիրը։

ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հետ հանդիպման ժամանակ Յացեկ Տոպորսկին և կենտրոնի տնօրեն Սմբատ Դաղբաշյանը ներկայացրել են, որ բավական արդյունավետ ու հեշտությամբ գործող այդ ծրագիրն  Էլեկտրոնային առողջապահական համակարգի հետ միասին հնարավորություն կտա վերահսկել հիվանդների բուժման ընթացքը, արդյունավետությունը, կառավարել նրանց  հոսքը և հետագա հսկողությունը։

«Կարևոր է, որ ծրագիրը հնարավորություն է տալիս, օգտվելով սոցիալական ցանցերից,  տալ բուժված հիվանդների ապրելիությ ան գնահատական և անհրաժեշտության դեպքում խորհրդատվություններ տրամադրել կամ վերանայել բուժման սխեմաները»,-ասել է պրոֆեսոր Տոպորսկին։

Եվրոպական մի շարք առաջատար կլինիկաներում լայնորեն կիրառվող ռեգիստրի այս ծրագրով  միաժամանակ  վարվում է արյան հիվանդությունների համաճարակաբանական վիճակագրությունը: Ծրագիրը կարևորվել է ոչ միայն հիվանդների կլինիկական բուժման, այլև ադմինիստրատիվ ղեկավարման  արդյունավետության բարձրացման տեսանկյունից։

Լևոն Ալթունյանը շնորհակալություն է հայտնել  Յացեկ Տոպորսկուն ինչպես Հայաստանին մեծ աջակցություն ցուցաբերելու, այնպես էլ աշխարհում մանկական քաղցեղի հաղթահարման գործում ունեցած ավանդի համար։

«Ձեր օգնությամբ Դուք ոչ միայն երեխաների բուժման գործում մեծ հույսեր եք արթնացնում, այլև մեր բժիշկներին ոգեշնչում  կենտրոնի և իրենց մասնագիտական գործունեության զարգացման  գործում»,-նշել է նախարարը։

Կարևորվել է, որ արդիականացված Արյունաբանական կենտրոնը շարունակում է ընդլայնել կապերը աշխարհի առաջատար կլինիկաների և մասնագետների հետ։

Նշենք, որ Լունդի համալսարանական հիվանդանոցը  երեխաների մոտ ուռուցքային հիվանդությունները մեծ արդյունավետությամբ է բուժում ինչպես փոխփատվաստման, այնպես էլ վիրահատական եղանակով։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook