Thursday, May 2, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների որակավորումը դառնում է պարտադիր

Զբոսաշրջության ոլորտում 2024 թվականին նախատեսվում են մի շարք  փոփոխություններ. նոր օրենքով զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը դառնում է պարտադիր:

«Արմենպրես»-ի հետ հարցազրույցում ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Սուսաննա Հակոբյանը նշեց, որ «Զբոսաշրջության մասին» օրենքը, որով նախատեսվում են մի շարք  փոփոխություններ, Ազգային ժողովն ընդունել է 2023 թվականին. այն ուժի մեջ կմտնի 2024 թվականի սեպտեմբերից:

««Զբոսաշրջության մասին» օրենքի և հարակից փաթեթների ընդունումը, 2023 թվականի ամենամեծ ձեռքբերումներից է։ Oրենքի նախագիծը իրականում շատ երկար տարիներ մշակումների բազմաթիվ փուլեր է անցել։ Գործող օրենքի շրջանակում  խնդիրներ և բացեր շատ կան։ Հաշվի առնելով զբոսաշրջության ոլորտի դինամիկ զարգացումները և վերջին տարիներին  ամբողջ աշխարհում և Հայաստանում տեղի ունեցած մի շարք փոփոխությունները՝ շատ կարևոր էր փոփոխություններ իրականացնելը»,- ասաց նա։

Խոսելով հիմնական և կարևոր կետերից՝ Սուսաննա Հակոբյանն ասաց, որ օրենքի նոր նախագծով փոփոխությունները բաժանվում են երկու հիմնական մասի՝ կարգավորումներ և որակական մեխանիզմների ներդրումներ։

«Կարգավորումների մասով ունենք մի շարք փոփոխություններ․ օրինակ՝  զբոսաշրջային ծառայությունների տրամադրման պայմանների հստակեցման և վերահսկողական մեխանիզմներ ներդնելու նպատակով զբոսաշրջային ծառայություն մատուցողների գործունեությունը դառնում է ծանուցման ենթակա, որի  հիմնական նպատակներից մեկը  կայանում է նրանում, որ այս միջոցով մենք կարողանում ենք սպառողների պաշտպանությունն իրականացնել:  Սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով սահմանվում են որոշակի պահանջներ, այդ թվում՝ պայմանագրի կնքում (զբոսաշրջության ծառայությունների մատուցման պայմանագրերում ներառվող պարտադիր նվազագույն պահանջների հստակեցում), երաշխիքի պահանջի սահմանում և այլն:

Մինչև օրենքի ուժի մեջ մտնելը ենթաօրենսդրական ակտերի տեսքով կմշակվեն այն հիմանական պահանջները, որոնք դրվելու են զբոսաշրջային գործունեություն ծավալող բոլոր տնտեսվարողների` հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների, տեղեկատվական կենտրոնների, զբոսավարների և ուղեկցորդների համար։ Այդ մասին բոլորը կծանուցվեն: Պահանջներն այս պահին մշակման փուլում են»,-ասաց նա։

Զբոսաշրջության կոմիտեի նախագահի առաջին տեղակալն ընդգծեց, որ որակական նոր մեխանիզմների ներդրումը ևս շատ կարևոր է ոլորտի համար: Oրենքի նոր փաթեթով զբոսավարների, ուղեկցորդների, զբոսաշրջային ավտոբուսների որակավորումը դառնում է պարտադիր, իսկ հյուրանոցային տնտեսության օբյեկտների և տեղեկատվական կենտրոնների որակավորումը լինում է կամավոր սկզբունքով: «Կարող եմ ասել, որ  այս երկուսը այն հիմնական բացերն էին, որոնք գործող օրենքում որևէ ձևով չկան, հետևաբար նաև բացակայում է վերահսկողական մեխանիզմը։ Իսկ նոր  օրենքը այս փոփոխությունները, բնականաբար, իր մեջ ներառում է»,-ասաց նա։

Հակոբյանի խոսքով՝ նոր օրենքով սահմանվում են հստակ չափանիշներով պահանջներ զբոսաշրջային ծառայություն մատուցող անձանց համար: Հյուրանոցային տնտեսության օբյեկտների, զբոսաշրջային ավտոբուսների, տեղեկատվական կենտրոնների, զբոսավարների և ուղեկցորդների համար ներդրվելու են միջազգային չափանիշներին համապատասխան որակավորման մեխանիզմներ: Ըստ նրա ՝ սա ոլորտի համար շատ կարևոր պահանջ է եղել տարիներ շարունակ:

Զբոսաշրջության կոմիտեի համար շատ կարևոր է, որ զբոսավարները Հայաստանը ներկայացնեն՝ երկրի մասին ճիշտ տեղեկատվություն տալով և որակյալ ծառայություններ մատուցելով: «Որակավորման պահանջները նույնպես պարտադիր են, այսինքն՝ զբոսավարները անցնելու են վերապատրաստման դասընթացներ և ստանալու են համապատասխան որակավորում: Հստակ որոշվելու է, թե քանի տարին մեկ է զբոսավարն անցնելու վերապատրաստում, հանձնելու քննություն և որքան է որակավորման ժամկետը»,- նշեց Հակոբյանը։

Նա ընդգծեց, որ գովազդի հետ կապված էլ օրենքը հստակ սահմանում է, որ զբոսաշրջության կոմիտեն հանդիսանում է այն լիազոր մարմինը, որը գովազդի բովանդակության հիմնական պատասխանատուն է։ Իրականացվող ցանկացած հրապարակում և գովազդ, որը   նպատակ ունի Հայաստանը դիրքավորել միջազգային շուկայում, պետք է արվի զբոսաշրջության կոմիտեի հետ համատեղ:

Հստակեցվում են նաև զբոսաշրջության բնագավառում օգտագործվող հասկացությունները՝ անհրաժեշտության դեպքում համապատասխանեցնելով ԵՄ դիրեկտիվի դրույթներին:

«Միջազգային նորմերի տեսանկյունից շատ կարևոր եմ համարում նշել հյուրանոցային տնտեսության օբյեկտների հետ կապված փոփոխությունները, նախկինում աստղերի համակարգը կամ որակավորման գործընթացը նույնպես չէր վերահսկվում»,-ասաց Հակոբյանը։

Ըստ նրա՝ հաճախ հանդիպում են հյուրանոցներ, որոնք ներկայանում են հինգաստղանի, բայց երեք աստղին համարժեք սպասարկում են իրականացնում։ Նմանատիպ բոլոր հարցերը նույնպես լուծվելու են և բերվելու են միջազգային ստանդարտների։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում

Հարցազրույցը՝Գայանե Գաբոյանի

x Close

Like Us On Facebook