Friday, May 3, 2024
Նորություններ

Նպատակներն ու ծրագրերը համահունչ են ԱՀԿ-ի «Առողջություն 2020» ռազմավարության գաղափարախոսությանը

Նախարարի տեղակալ Սամվել Մարգարյանը ներկայացրել է առողջապահության ոլորտում ֆինանսական բարփոխումները։ Նշելով, որ մեր երկրի 2017թ. առողջապահության բյուջեն  կազմում է 85 մլրդ ՀՀ դրամ, հավելել է, որ տարբեր գնահատականներով այսօր Հայաստանում առողջապահության վրա պետությունը և բնակչությունը միասին ծախսում են մոտ 250 մլրդ ՀՀ դրամ։ Դա անուղղակիորեն անվանվել է օպտիմալ բյուջեի նախնական գնահատական։

Նախարարի տեղակալը նշել է, որ զարգացած երկրներում ոլորտի ֆինանասավորման  առնվազն 70-80%-ը բաշխվում է մեկ աղբյուրից` պետական բյուջեից կամ ապահովագրական միջոցներից։

«Այս մեխանիզմը հնարավորություն է տալիս կառուցվածքային ցանկալի արդյունքի հասնել և անհրաժեշտ միջոցներ ուղղել գերակա խնդիրների լուծմանը»,-ասել է Սամվել  Մարգարյանը։

Ներկայացնելով այդ ուղղությամբ կատարված աշխատանքները` նախարարի տեղակալը մանրամասն տեղեկացրել է, թե ինչ աշխատանքներ են տարվել պետական պատվերի տեղադրման այլևս իրեն չարդարացնող մեխանիզմը քայլ առ քայլ սկզբունքորեն փոխելու  ուղղությամբ։  Ֆինանսական վերահսկողության բարելավման, պետական բյուջեից հատկացվող միջոցների առավել նպատակային և հասցեական ծախսման նպատակով մշակվել է ֆինանսավորման մեխանիզմների բարելավման ժամանակացույց: Համաձայն դրա` մայիսի վերջին կառավարության հաստատմանը կներկայացվի մոտ 100 հազար պետական ծառայողի հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական փաթեթների տրամադրման մեխանիզմը։ Հունիսին կյանք մտնող այս համակարգը կդառնա պիլոտային ծրագիր ավելի մեծ խմբերին պետության միջոցներով ապահովագրելու համար։

Ինչո՞ւ առաջինը պետական ծառայողները կունենան պետական բյուջեի միջոցներով փոխհատուցվող ապահովագրական փաթեթ։ Ի պատասխան լրագրողների այս հարցին` Սամվել Մարգարյանը  նշել է, որ դա պայմանավորված է նաև տեխնիկական և բյուջետային  հնարավորություններով։

Տեղեկացվել է, որ հաջորդ փուլում հիվանդանոցային բժշկական ծառայությունների ապահովագրական  փաթեթ կունենա սոցիալապես անապահով 612 հազար բնակչությունը։ Նախագիծը ՀՀ կառավարության հաստատմանը կներկայացվի հունիսին, սակայն համակարգը կսկսի գործել 2018 թվականի սկզբից: Այդ նույն ժամանակ բժշկական ծառայությունների ապահովագրական  փաթեթներ կունենան նաև զինծառայողները, փրկարար ծառայողները և նրանց ընտանիքի անդամները (շուրջ 450 հազար շահառու)։

«Արդյունքում, այս երեք խմբի հանրագումարը կկազմի մեր ազգաբնակչության մեկ երրորդ մասը»,-ասել է Սամվել Մարգարյանը։

Նախանշվել է պարտադիր բժշկական ապահովագրության հայեցակարգը քննարկման ներկայացնել 2018-2019թթ.։

«Սրանք ծրագրեր են, որոնց մշակումն ու իրականացումը ժամանակ է պահանջում։ Արդեն իսկ մեծ քայլեր են արվում եղած միջոցներն արդար և թափանցիկ բաշխելու ուղղությամբ»,-ասել է փոխնախարարը։

Անդրադառնալով Էլեկտրոնային առողջապահական համակարգի ներդրմանը` Սամվել Մարգարյանը շեշտել է, որ հիշատակված բոլոր ծրագրերն առանց այդ համակարգի անհնար կլինի արդյունավետորեն իրականացնել։

«Նշածս բոլոր քայլերն իրականացվելու են  Էլեկտրոնային առողջապահական համակարգի հենքի վրա` սկսած շահառուի ապահովագրական ընկերություն դիմելուց մինչև հիվանդանոցային բուժման ավարտը»,-հավելել է բանախոսը։

Ամփոփելով ասուլիսը` Լևոն Ալթունյանը շեշտել է, որ  նախարարության այժմյան նպատակն ու ծրագրերը համահունչ են Առողջապահության համաշխարհային կազմակերպության «Առողջություն 2020» ռազմավարության գաղափարախոսությանը` ամբողջ բնակչության համար հասանելի դարձնել երկրում առկա առողջապահական կարողությունները։ Այդ նպատակով մենք գնացել ենք սոցիալապես առավել խոցելի խմբերին պետական միջոցներով ապահովագրելու ճանապարհով»։

Բանախոսները նաև պատասխանել են լրագրողների հարցերին։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook