Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են թրոմբոզի մասին նախազգուշացնող հիմնական ախտանշանները

Թրոմբոզը շատ տարածված ու վտանգավոր հիվանդություն է, որը ժամանակին չբուժելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ։ Առողջական ցանկացած խնդրի դեպքում օրգանիզմը նախազգուշացնում է որոշակի ախտանշաններով և թրոմբոզը ևս բացառություն չէ, սակայն խնդիրն այն է, որ այս հիվանդության ախտանշանները մարդիկ հաճախ վերագրում են այլ խնդիրներին և հազվադեպ են ուշադրություն դարձնում դրանց։ Այնուամենայնիվ մասնագետներն ընդգծում են, որ այս հիվանդության վաղ ախտորոշումը թույլ է տալիս ժամանակին միջոցներ ձեռնարկել ու խուսափել բարդություններից, ուստի այդ ախտանշաններն իմանալը շատ կարևոր է։

Ինչպես նշում են փորձագետները, գոյություն ունի թրոմբոզի երկու հիմնական տեսակ, որոնք են խորանիստ երակների թրոմբոզը (ԽԵԹ)  և մակերեսային երակների թրոմբոզը կամ թրոմբոֆլեբիտը։ Առավել վտանգավոր է համարվում խորանիստ երակների թրոմբոզը, ինչը պայմանավորված է նրանով, որ հիվանդության այս տեսակը գրեթե ոչ մի արտաքին դրսևորում չի ունենում, սակայն կարող է հանգեցնել մահվան։ Բանն այն է, որ անգամ ախտանշանների բացակայության դեպքում երակներում առկա թրոմբները կարող են պոկվել և արյան հոսքի հետ հատնվել թոքերում՝ խցանելով թոքային զարկերակը։

Այնուամենայնիվ մասնագետները նշում են, որ կան որոշակի ախտանշաններ, որոնք կարող են հուշել այս վտանգավոր հիվանդության զարգացման մասին։ Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել ոտքերում ծանրության զգացողությանն ու քայլելիս երակների հատվածում ի հայտ եկող ցավին։ Բացի այդ, թրոմբոզի մասին կարող են հուշել նաև մաշկի կարմրածությունն ու այտուցվածությունը, որոնք համարվում են հիվանդության ամենաակնհայտ արտաքին դրսևորումները։

Թրոմբոզի մասին հուշող ախտանշանների շարքին է դասվում ինքնազգացողության վատթարացումը, որը կարող է դրսևորվել ջերմության բարձրացմամբ, դողով և ընդհանուր թուլությամբ։ Բացի այդ, խորհուրդ է տրվում նաև ուշադիր զննել ոտքերը, քանի որ որոշ դեպքերում թրոմբոզը կարող է ախտահարել միաժամանակ և՛ մակերեսային երակները, և՛ խորանիստ երակները, ինչը շատ վտանգավոր է։

Այս ախտանշանների առկայության դեպքում մասնագետները հորդորում են անհապաղ բուժզննում անցնել ու անհրաժեշտության դեպքում սկսել բուժում։ Հարկ է հիշել, որ անգան չնչին կասկածի դեպքում չի կարելի անուշադրության մատնել խնդիրը, քանի որ այն կարող է լուրջ հետևանքներ ունենալ։

Նյութի աղբյուրը՝ tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook