Wednesday, May 1, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

Որոնք են սեռական օրգանների քորի հիմնական պատճառները

Սեռական օրգանների քորը բավական տհաճ խնդիր է, որը սովորաբար ասոցացվում է սնկային վարակի հետ, սակայն մասնագետները նախազգուշացնում են, որ սնկային ախտահարումը նման գրգռման ու տհաճ զգացողությունների առջացման միակ պատճառը չէ, ուստի մինչ որևէ միջոց ձեռնարկելը նախ հարկավոր է պարզել խնդրի առաջացման պատճառը։

Ինչպես գրում է MedikForum.ru կայքը, վտանգավոր հիվանդություններից բացի սեռական օրգանների քորը կարող է պամանավորված լինել նաև համեմատաբար անվնաս գործոններով, ուստի դրանցից ազատվելու համար բավական կլինի որոշակի փոփոխություններ անել կենսակերպում և խուսափել այդ գործոններից։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այն հիմնական գործոնները, որոնք կարող են դառնալ սեռական օրգանների քորի պատճառ։

Չափազանց նեղ տաբատ

Չափազանց նեղ հագուստը թույլ չի տալիս, որ մարմինը «շնչի» և խանգարում է մաքուր օդի շրջանառությունը սեռական օրգանների հատվածում։ Այս ամենի հետևանքով ստեղծվում է խոնավ միջավայր, որի նկատմամբ ցայլքի հատվածի նուրբ մաշկը չափազանց զգայուն է։ Սա կարող է դառնալ գրգռման ու քորի պատճառ՝ առաջացնելով շատ տհաճ զգացողություններ։

Խիստ մաքրասիրություն

Ինչպես գրում է գերմանական Wunderweib պարբերականը, օրական երկու անգամ սեռական օրգանները լվանալը ոչ միայն լավ սովորություն չէ, այլև կարող է վնասակար լինել։ Նման մաքրասիրությունը կարող է քայքայել հեշտոցի բնական պաշտպանիչ շերտն ու վնասել չափազանց զգայուն մաշկը։

Միջադիրների գործածություն

Սեռական օրգանների քորը կարող է լինել օրգանիզմի ալերգիկ ռեակցիան, որն առաջանում է նման հիգիենիկ միջոցներում պարունակվող քիմիական նյութերի, այդ թվում՝ գունաբացող նյութերի վնասակար ազդեցության հետևանքով։

Սխալ ներքնազգեստ

Որոշ դեպքերում քորի ու տհաճ զգացողությունների պատճառ կարող է դառնալ ներքնազգեստը։ Նման խնդիրներից խուսափելու համար հարկավոր է ճիշտ ընտրել ներքնազգեստը։ Առաջին հերթին հարկավոր է ուշադրություն դարձնել ներքնազգեցտի չափսին, քանի որ չափազանց մեծ կամ շատ նեղ լինելու դեպքում այն վնասում է մաշկը՝ հանգեցնելով գրգռման ու քորի։ Բացի այդ, շատ կարևոր է նաև կտորը, որից կարված է ներքնազգեստը, և դրա որակը։ Բանն այն է, որ քորի պատճառ կարող են դառնալ նաև ժանյակները, կտորի ներկանյութերը, ինչպես նաև արհեստական կտորները, որոնք ալերգիաներ են առաջացնում կամ ստեղծում են անցանկալի խոնավ միջավայր։

Մաքրող միջոցներ

Սեռական օրգանների հիգիենայի պահպանման համար ներկայում մարդիկ կիրառում են տարատեսակ մաքրող միջոցներ, օճառներ ու փրփուրներ, սակայն դրանք կարող են պարունակել բաղադրիչներ, որոնք բացասաբար են ադրադառնում այս հատվածի նուրբ մաշկի վրա՝ առաջացնելով ալերգիաներ։ Նմանատիպ ազդեցություն կարող են ունենալ նաև հագուստի խնամքի միջոցները, լվացքի փոշիներն ու տարատեսակ կոնդիցիոներները, որոնք կիրառվում են ներքնազգեստը լվանալու համար։ Ընդ որում՝ նմանատիպ միջոցների նկատմամբ ալերգիկ ռեակցիաները կարող են շատ անհատական լինել, ինչպես նաև տարբեր մարդկանց մոտ տարբեր դրսևորում ունենալ։

Վարակներ

Սեռական օրգանների քորը ոչ միշտ է պայմանավորված լինում վտանգավոր պատճառներով, սակայն որոշ դեպքերում այն այնուամենայնիվ հուշում է առողջական խնդիրների մասին։ Նման տհաճ ախտանշանով կարող է դրսևորվել սնկային վարակը, որը սովորաբար ուղեկցվում է նաև այրոցով, հեշտոցային արտադրությամբ ու ցավով։ Բժիշկների խոսքով՝ սնկային վարակի ախտանշանները ոչ միշտ են կապված լինում վատ հիգիենայի հետ։ Շատ հաճախ նման խնդրի զարգացման պատճառ է դառնում սթրեսը։ Բացի այդ, սնկային վարակների զարգացման հավանականությունն էլ ավելի բարձրանում հակաբիոտիկների ընդունման և բեղմնականխիչ միջոցների գործածության դեպքում։

Մասնագետները նախազգուշացնում են, որ երկար ժամանակ անհանգստացնող ու չմեղմվող քորը սեռական օրգանների հատվածում ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել։ Չնայած, որ շատ հաճախ այս խնդիրը պայմանավորված չի լինում լուրջ պատճառներով, այնուամենայնիվ որոշ դեպքերում քորը հուշում է առողջական խնդիրների մասին, որոնց դեպքում հարկավոր է հնարավորինս շուտ դիմել մասնագետին ու սկսել բուժումը։

Նյութը ՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook