Պատրաստ են «Տաշիր պիցցայում» գրանցված թունավորման հետ կապված լաբորատոր հետազոտության արդյունքները
Դեպքին անմիջապես արձագանքել են թե՛ ԱՆ ՀՎԿԱԿ, թե՛ ՍԱՏՄ տեսուչներն ու մասնագետները:
ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի կողմից իրականացված համաճարակաբանական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ բոլոր հիվանդները օգտվել են հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցի մասնաճյուղերում մատուցվող սննդից:
«Տաշիր պիցցա» ՍՊ ընկերությանը պատկանող հանրային սննդի կազմակերպություններում, լաբորատոր հետազոտությունների նպատակով, իրականացվել է՝ շրջակա միջավայրի և սննդամթերքի ու կենսանմուշների նմուշառում:
Լաբորատոր հետազոտությունների արդյունքում խմելու ջրի 4 նմուշում շեղումներ չեն հայտնաբերվել, մակերեսներից վերցված լվացուկների 40 նմուշներից 14-ում հայտնաբերվել են աղիքային ցուպիկի խմբի մանրէներ (ԱՑԽՄ), աշխատակիցներից վերցված մանրէակրության վերաբերյալ 24 կենսանմուշներից երկուսում հայտնաբերվել է salmonella enteritidis, ստաֆիլակոկակրության վերաբերյալ քիթ-ըմպանից վերցված 26 քսուքից՝ 9 աշխատակիցների մոտ անջատվել է ստաֆիլակոկ: Սննդամթերքի 16 նմուշից մանրէաբանական հետազոտության արդյունքում 3-ում հայտնաբերվել է ստաֆիլակոկ և սալմոնելլա (հավի մսից՝ staphylococcus aureus, «կեսար» աղցանի, սոուսի, մարինացված սնկի, երշիկի, կտրատած երշիկի, եփած սնկի, քերած պանրի, հավով միջուկի մեջ՝ salmonella enteritidis):
«Ինֆեկցիոն ազգային կենտրոնում» հոսպիտալացված հիվանդներից վերցված կղանքի 9 նմուշից 7-ում և «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտում» հոսպիտալացվածներից վերցված 5 նմուշից 4-ում հայտնաբերվել է salmonella enteritidis:
Տեսչական մարմնին ենթակա «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ից ստացված՝ մանրէաբանական ցուցանիշներով իրականացված լաբորատոր փորձարկումների արդյունքներով՝ սահմանված նորմերին չեն համապատասխանում՝
- թռչնի մսով պատրաստված «Կեսար» աղցանը՝ ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշով,
- թռչնի խաշած միսը՝ ԱՑԽՄ, սալմոնելաներ և ոսկեգույն ստաֆիլակոկ ցուցանիշներով,
- Հազարը (մարոլ)՝ ԱՑԽՄ և սալմոնելաներ ցուցանիշներով,
- Տավարի աղացած միսը՝ լիստերիա մոնոցետեգենես ցուցանիշով:
Համադրելով ստուգումների արդյունքում ձեռք բերված տեղեկատվությունը՝ ՍԱՏՄ մասնագետները ստուգումներ են սկսել նաև հանրային սննդի «Տաշիր պիցցա» ցանցում օգտագործվող մայոնեզը արտադրող («Հայր եվ որդի Ավագյաններ» ՍՊԸ) և թռչնամիս մատակարարող (Սարատովի թռչնակոմբինատ «Կուռնիկով» ՍՊԸ) ընկերություններում։
Այս ընկերություններում առկա մայոնեզից և թռչնամսից ևս կատարվել են նմուշառումներ և ներկայացվել լաբորատոր հետազոտության։
Արդյունքները կհրապարակվեն: