Monday, May 6, 2024
ՀիվանդություններՆորություններ

Պետք չէ ինքնուրույն լրացնել վիտամինների դեֆիցիտը, օրգանիզմում դրանց ավելցուկը կհանգեցնի լուրջ հիվանդությունների

Գաղտնիք չէ, որ արյունն  օրգանիզմի կարևորագույն բաղադրիչներից է, և արյան բաղադրության որևէ փոփոխություն կարող է հանգեցնել լուրջ խնդիրների:

Սակավարյունության և արյան բաղադրության մեջ վիտամինների դերի, դրանց դեֆիցիտի և ավելցուկի հետևանքների մասին «Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման  շրջանակում մանրամասնում է Ռ. Հ. Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի բժիշկ-արյունաբան Ներսես Ղահրամանյանը:

Մասնագետն ընդգծեց, որ արյան արտադրության համար կարևոր դեր ունեցող վիտամինները և միկրոէլեմենտները շատ են, բայց կան վիտամիններ, որոնց դեֆիցիտը կամ ավելցուկն առավել հաճախ են  առաջացնում  խնդիրներ:

«Ամենահաճախակի խնդիրները՝ անեմիան կամ սակավարյունությունն առաջանում են երկաթից, որը միկրոէլեմենտ է,  վիտամին B9-ից (ֆոլաթթու) և  B12-ից: Բայց պետք է նշեմ, որ կան այլ վիտամիններ,  որոնք նույնպես կարող են սակավարյունության  պատճառ հանդիսանալ, որոնք շատ ավելի հազվադեպ են  հանդիպում»,- ասաց նա:

Բժիշկ-արյունաբանը նշեց, որ այսօր բնակչության գրեթե երեսուն տոկոսն ունի երկաթի պակաս:

Անդրադառնալով այն հարցին, որ վերջին շրջանում շատ են քաղաքացիները ինքնուրույն տարբեր վիտամիններ ընդունում՝ մի շարք խնդիրներ կապելով օրգանիզմում և արյան մեջ դրանց պակասի հետ, մասնագետը նշեց, որ ինքնուրույն փորձել վիտամինների բացը լրացնել՝ սխալ մոտեցում է:

«Վիտամիններից որոշները ջրի մեջ լուծվում են և ավելցուկը մեզի հետ օրգանիզմից դուրս է գալիս, բայց շատ այլ վիտամինների և միկրոէլեմենտների ավելցուկը  վնասակար է օրգանիզմին՝ օրինակ՝ նույն երկաթը, եթե այն օրգանիզմում ավելի է կուտակվում, շատ ծանր հետևանքներ կարող է ունենալ: Օրինակ՝ կարող է զարգանալ լյարդի և թոքերի անբավարարություն, այսինքն՝ ցանկացած օրգանում ավելորդ երկաթը խնդիր է և առաջացնում է լուրջ հիվանդություններ: Այնպես որ, այդ սովորական և անվնաս թվացող վիտամինները կամ երկաթի պրեպարատները չպետք է օգտագործվեն առանց  ախտորոշման և մասնագետի  հետ խորհրդակցության»,- ասաց Ներսես Ղահրամանյանը:

Արդյո՞ք հնարավոր է վիտամինների պակասը լրացնել սննդի միջոցով՝ մասնագետը նշեց՝ եթե արդեն կա խորացված լուրջ խնդիր, դա հնարավոր չէ միայն սննդի միջոցով լրացնել, բայց կարելի է տարբեր վիտամիններ պարունակող սննդակարգ ունենալով, կանխել մի շարք վիտամինների պակասը և դրանցից առաջացող մի շարք խնդիրներ:

Արյան լեյկոցիտների և թրոմբոցիտների  պակասը  ի՞նչ խնդիրների կարող է հանգեցնել: Ի՞նչ է անեմիան և ինչպե՞ս է դրսևորվում, որ տարիքային խմբի մոտ է ավելի հաճախ հանդիպում, բուժելի՞ է, թե՞ ոչ և  ինչի՞ հետևանքով է առաջանում այն:

Այս հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի  կողմից առաջարկվող լուծումներին  ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:

Գայանե Գաբոյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook