Friday, May 3, 2024
Նորություններ

Տնօրհնեքի կարգ՝ Մարգարյան ծննդատանը

Այսօր՝ ապրիլի 22-ին, Սուրբ Աննա և Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցիների հոգևոր հովիվ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը Սուրբ Հարության տոնի առթիվ այցելեց Մարգարյան ծննդատուն։ Ծննդատան նախասրահում հավաքված էր ողջ բուժանձնակազմը՝ բժիշկները, բուժքույրերը, սպասարկող անձնակազմը։ Տեր Զենոն քահանա Բարսեղյանը կատարեց Տնօրհնեքի կարգ, օրհնեց հացը, աղը և ջուրը։

Տեր հայրը, մինչ կարգը սկսելը, ներկաներին շնորհավորեց Սուրբ Հարության տոնի առթիվ և փոխանցեց Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը՝ նշելով․ «Մարգարյան ծննդատունն ինձ համար դարձել է հարազատ անկյուն։ Այսօր Քրիստոսի Սուրբ Հարության Ավետիսը փոխանցելով՝ առողջություն ենք մաղթում բոլոր ծննդկաններին, բոլոր նորածին մանուկներին մաղթում ենք խաղաղ երկինք և անհոգ մանկություն։

Կյանքում փորձությունները հաղթահարելի են, երբ մեր հույսն Աստված է։ Ու երբ մենք փարված ենք Քրիստոսին, անգամ խնդիրների մեջ, մեր աչքերի ուրախությունը չի մարի։ Քրիստոս այն սերն է, այն ներկայությունն է, Ով միշտ ոգևորությամբ և Ավետիսով է լցնում մեր սրտերը։ Թող Տիրոջ սերն ու խաղաղությունը միշտ ձեզ հետ լինեն»։

Ապա Տեր Զենոն քահանա Բարսեղյանը շրջեց ծննդատան բոլոր սենյակներով, խաչեր և սրբապատկերներ նվիրեց նորածիններին և նրանց մայրերին։ Եղավ նաև նորածինների վերակենդանացման բաժանմունքում, ուր Բժշկության աղոթք կարդաց նրանց համար։ Այնուհետև այցելեց նրանց մայրերին, օրհնեց և շուտափույթ ապաքինում մաղթեց։

Հավելենք, որ նման այցերն ունեն պարբերական բնույթ։ Արարատյան Հայրապետական թեմը մշտապես կարևորում է նման հաստատություններ այցելությունները։

Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին

Leave a Reply

x Close

Like Us On Facebook