Wednesday, May 1, 2024
Նորություններ

Քննարկվել են հեպատիտ Ց-ով հիվանդների բուժման ծրագրի ընդլայնման հարցերը

Վրաստանի կառավարության կողմից նվիրաբերված սովալդի դեղով մեր երկրում հեպատիտ Ց-ով 1000 հիվանդի բուժման աննախադեպ ծրագիր է իրականացվում։ Այն կյանքի չէր կոչվի առանց ժամանակակից այդ դեղն արտադրող, աշխարհում ճանաչված  «Գիլեադ» կազմակերպության բարի կամքի։

ՀՀ առողջապահության նախարարությունը մշտապես կապի մեջ է եղել այս կազմակերպության հետ` բանակցելով հեպատիտ Ց-ով հիվանդների առավել մեծ խմբերի բուժում իրականացնելու հարցի շուրջ։

Լևոն Ալթունյանն այսօր ընդունել է  «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլուն և ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտին։

Նախարարը նշել է, որ հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում։

Հանդիպման ընթացքում ներկայացվել են առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։

Կարևորելով «Գիլեադի» աջակցությունը` նախարարն առաջարկել է համատեղ իրականացնել նաև հայ մասնագետների լրացուցիչ վերապատրաստում ժամանակակից դեղերով բուժումն առավել արդյունավետ կատարելու համար։

Այնուհետև, քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել ստեղծված համագործակցությունը։ Առաջիկայում դեղ արտադրող խոշորագույն կազմակերպությունը հեպատիտ Ց-ի բուժման համար Հայաստանին կտրամադրի նոր սերնդի, միջազգային որակին համապատասխան դեղեր` եվրոպական շուկայական արժեքից անհամեմատ մատչելի` հատուկ գնով։

Նշենք, որ Հանդիպմանը մասնակցել են ՀՀ ԱՆ աշխատակազմի դեղորայքային քաղաքականության և բժշկական տեխնոլոգիաների վարչության պետ Վարդուհի Գրիգորյանը,  Ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի անվան դեղերի և բժշկական տեխնոլոգիաների փորձագիտական կենտրոնի տնօրեն Հակոբ Թոփչյանը, ՀՀ ԱՆ գլխավոր հեպատոլոգ Հասմիկ Ղազինյանը։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook