Saturday, April 27, 2024
ՆորություններԱռողջ ապրելակերպ

11 մթերք աղիների աշխատանքը խթանելու և փորկապությունից ազատվելու համար

Նստակյաց կենսակերպը, հեղուկի պակասն ու ֆիզիկական ակտիվության բացակայությունը հանգեցնում են դեֆեկացիայի հետ կապված մի շարք խնդիրների, ուստի զարմանալի չէ, որ մարսողության խանգարումներն ու փորկապությունը ներկայում շատ տարածված խնդիր են: Նման խնդիրների դեպքում հարկավոր է խթանել աղիների աշխատանք, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում մի քանի մթերք, որոնք օժտված են լուծողական հատկություններով և մեղմորեն խթանում են աղիների աշխատանքը:

 Ջուր

Նման խնդիրների դեպքում լավագույն լուծումը կլինի առավոտյան դատարկ ստամոքսին մի մեծ բաժակ գոլ ջուր խմելը: Սա կստիպի աղիներին ավելի ակտիվ կերպով շարժվել, ինչը կազատի դեֆեկացիայի հետ կապված խնդիրներից:

Խաղող

Խաղողն օգնում է արագացնել մարսողությունը՝ դրանով իսկ ազատելով փորկապության խնդրից: Սակայն հարկ է հիշել, որ խաղողը պարունակում է մեծ քանակությամբ ֆրուկտոզա, ուստի հակացուցված է այդ տարրի նկատմամբ գերզգայուն մարդկանց:

Ամբողջական հացահատիկ

Այս մթերքը հարուստ է աղիների համար շատ օգտակար չյուրացվող մանրաթելերով, որոնք հատկապես արդյունավետ են փորկապության դեպքում: Ներկայում մարդիկ չափազանց քիչ մանրաթելեր են օգտագործում, ինչն էլ հանդիսանում է փորկապության հիմնական պատճառներից մեկը: Սակայն հարկ է հիշել, որ մանրաթելերը սննդակարգում հարկավոր է ներառել աստիճանաբար և չմոռանալ ջուր խմել:

Վարսակ

Վարսակի գործածությունը խթանում է աղիներում լորձի արտազատումը, ինչն էլ դրական ազդեցություն է ունենում աղիների աշխատանքի վրա:

Կաղամբի թթու

Խմորման գործընթաց անցած կաղամբն ու դրա հյութը մեղմորեն խթանում են աղիների աշխատանքն ու բարելավում մարսողությունը, սակայն այս մթերքի գործածության դեպքում հաճախ ի հայտ է գալիս այնպիսի կողմնակի բարդություն, ինչպիսին է փորափքանքը:

Ձիթապտղի յուղ

Ձիթայուղը խթանում է լեղու արտազատումը, ինչն օգնում է ավելի արագ ու հեշտ յուրացնել սնունդը: Բացի այդ, այն խթանում է աղիների աշխատանքն ու վերականգնում է աղիների լորձաթաղանթը, որը կարող է վնասվել փորկապության դեպքում:

Հալվեի հյութ

Այս հյութը շատերի համար տհաճ է, սակայն այն շատ արդյունավետ է փորկապության դեպքում, քանի որ ազդում է որպես մեղմ լուծողական միջոց:

Սալորաչիր

Սալորաչիրը փորկապության դեմ պայքարի ամենատարածված բնական միջոցներից մեկն է: Մասնագետները խորհուրդ են տալիս երեկոյան մի բաժակ խմելու ջրում թրջել մի քանի հատ սակլորաչիր, թողնել ամբողջ գիշեր, իսկ առավոտյան խմել ջուրն ու ուտել սալորները:

Թզի չիր

Այս մթերքն ազդում է գրեթե նույն կերպ, ինչ և սալորաչիրը, ուստի այն շատ օգտակար է փորկապության դեպքում:

Սուրճ

Ուտելուց հետո առանց շաքարավազի և սերուցքի մի բաժակ սուրճ խմելը կօգնի խթանել աղիների աշխատանքն ու կանխել փորափքանքը:

Հասած բանան

Բանանն ունիվերսալ միջոց է մարսողական խնդիրների դեմ: Այն շատ արդյունավետ է ինչպես փորլուծության, այնպես էլ փորկապության դեպքում, ուստի կարող է օգտագործվել ամենատարբեր խնդիրների դեպքում:

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook