Sunday, April 28, 2024
Նորություններ

44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Գոռի մոտ հայտնաբերվել է սուր լեյկոզ. նրան օգնություն է անհրաժեշտ (ֆոտո)

Լոռու մարզի Դեբետ գյուղի բնակիչ, 44-օրյա պատերազմի մասնակից 20-ամյա Գոռ Նազլուխանյանի մոտ ախտորոշվել է սուր լեյկոզ: Գոռը բուժման մեկ փուլ անցել է Հայաստանում, սակայն հիվանդությունը նորից է կրկնվել, բժիշկները խորհուրդ են տվել հնարավորինս շուտ  մեկնել արտասահման բուժում ստանալու համար:

Գոռի մայրը` Սուսան Պողոսյանը  NEWS.am-ի հետ զրուցում պատմեց, որ Գոռը դեռ բանակում ծառայելու ժամանակ է իրեն վատ զգացել, սակայն հիվանդության մասին հետո են իմացել:

«Գոռը բանակ մեկնեց հուլիսին, երկու ամիս անց պատերազմը սկսվեց, բայց ինքը դեռ այդ ժամանակ իրեն վատ էր զգում, թուլություն, ջերմություն ուներ: Միայն 2021 թվականի ապրիլին սոնոգրաֆիա են արել, պարզվել է` լյարդը մեծացած է, եկավ արյունաբանական, հաստատվեց սուր լեյկոզ: Մեկ տարի բուժում ստացավ արյունաբանականում, հետո էլի թույլ էր, դեկտեմբերին նորից եկանք ստուգման, բժիշկն ասաց, որ իր մոտ նորից կրկնվում է ու խորհուրդ տվեց ժամանակ չկորցնել, անմիջապես մեկնել արտասահման»,-ասաց նա:

Գոռի մոր խոսքով` եթե արտասահմանում ոսկրածուծի դոնոր գտնեն, բուժման արժեքը կկազմի 150-160 հազար դոլար, իսկ դոնոր չգտնելու դեպքում 200 հազար դոլար:

«Մենք դիմեցինք պաշտպանության նախարարություն, կառավարություն, իրար վրա գցեցին, ասեցին` «Սիթի օֆ սմայլ»,- ը պետք է ֆինանսավորի, իսկ  «Սիթի օֆ սմայլ»-ից էլ ասում են, որ պատերազմի մասնակից է, իրենք են պարտավոր օգնել: Մենք առաջին երեք ամիսը մեր միջոցներով ենք բուժվել, մինչեւ զորացրվեց, այդ ժամանակ «Սիթի օֆ սմայլ»-ը սկսեց օգնել»,- պատմեց մայրը:

Գոռի մայրն ասաց, որ մի քանի բժշկական կենտրոններ են դիմել, կմեկնեն այնտեղ, որտեղ հնարավոր կլինի փոխպատվաստում անել:

Տիկին Սուսանը ասաց, որ սոցիալական ցանցերում արդեն տարբեր դրամահավաքներ են սկսել Գոռի համար, սակայն դեռ գումարը չի հավաքվել:

Տիկին Սուսանի հետ կարող եք կկապվել հետեւյալ հեռախոսահամարով` 093044119:

Քարտի համարը 4355053922577145՝ Ակբա բանկ, Սուսան Պողոսյան։

n6

Leave a Reply

x Close

Like Us On Facebook