Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Աուտիզմի սպեկտրի խանգարումները՝ ԵՊԲՀ մասնագետի հետազոտության թիրախում

Աուտիզմի սպեկտրի խանգարումներն այսօր ամբողջ աշխարհում գիտնականների ուշադրության կենտրոնում են։ Առողջապահական համաշխարhային կազմակերպության տվյալներով՝ աշխարհում 160 երեխայից մեկն ունի աուտիզմի սպեկտրի խանգարում:

ԵՊԲՀ օտարերկրացիների ուսուցման դեկանատի փոխդեկան, Նորմալ անատոմիայի ամբիոնի դասախոս, ինչպես նաև  Հանրային առողջության և առողջապահության կազմակերպման ֆակուլտետի ասպիրանտ Մերի Մխիթարյանը որոշել է անդրադառնալ այդ խնդրին առանձին հետազոտության միջոցով։

«Աուտիզմի սպեկտրի խանգարման ռիսկի գործոնների ուսումնասիրումը և գնահատումը ՀՀ-ում Երևան քաղաքի օրինակով» թեմայով հետազոտության գիտական ղեկավարը ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր, Կենսաքիմիայի ամբիոնի պրոֆեսոր Կոնստանտին Ենկոյանն է։

Մերի Մխիթարյանի խոսքով՝ բժշկական բուհում գործող Նեյրոգիտության լաբորատորիայի շրջանակում իրականացվող հետազոտության թեման շատ արդիական է ամբողջ աշխարհում։ Նյարդային զարգացման հետ կապված խնդիրները, այդ թվում՝ աուտիզմը, ըստ նրա, տարածված են աշխարհի երկրների մեծ մասում։

«Վերջին 50 տարվա ընթացքում աշխարհում ահագնացող թվեր են արձանագրվել, և այդ թվերը մենք կարող ենք նկատել նաև Հայաստանում։ Եթե տարիներ առաջ հասարակության մեջ շատ հազվադեպ կարող էինք հանդիպել նման խնդրով երեխաների, ապա հիմա այդպիսի դեպքերն ավելի հաճախակի են դարձել։ Ճիշտ է, միգուցե, հիմա նման խնդիրներն ու հիվանդություններն ավելի ճանաչելի են, այսինքն՝ մենք ավելի շատ բան գիտենք դրանց մասին, կամ, միգուցե, ախտորոշումն ավելի լավ է կատարվում, ամեն դեպքում, որպես հանրային առողջապահության խնդիր, զարգացման հետ կապված հիվանդությունները շատ կարևոր և արդիական են, քանի որ այդ խնդիրներով երեխաները և ապագայում նաև մեծահասակները սովորաբար ունենում են հարակից մի շարք խնդիրներ և այս կամ այն աստիճանի հաշմանդամություն», – ասում է Մերի Մխիթարյանը։

Հաշվի առնելով հարցի արդիականությունը և քիչ ուսումնասիրված լինելը Հայաստանում՝ նրա մոտ հետաքրքրություն առաջացավ, և  որոշեց զբաղվել աուտիզմի սպեկտրի խանգարման խնդիրներով Հայաստանում, իսկ ավելի կոնկրետ՝ Երևանի տարածքում։

«Միջին զարգացում ունեցող երկրներում նմանատիպ հետազոտությունները սակավաթիվ են, որովհետև ավելի լուրջ առողջապահական խնդիրներ կան։ Այսինքն՝ զարգացման հետ կապված խնդիրները մի փոքր աչքաթող արված վիճակում են։ Նույնը կարող ենք ասել Հայաստանի մասին։ Մինչև օրս մենք չունեինք աուտիզմով ախտորոշված երեխաների հստակ թիվը։ Հետազոտության շրջանակում Հիգիենայի և էկոլոգիայի ամբիոնի հետ փորձեցինք կատարել նաև այդ քարտեզագրումը։ Արդյունքում 1000 երեխայի տվյալներ վերծանվեցին հանրապետության մասշտաբով», – շեշտում է Մերի Մխիթարյանը՝ հավելելով, սակայն, որ իրական թիվը կարող է մոտ 3 անգամ ավել լինել։

Աուտիզմի սպեկտրի խանգարումը նյարդազարգացման խանգարում է, այսինքն՝ իր մեջ ներառում է մի շարք խաթարված ոլորտներ։ Աուտիզմով երեխաների մոտ խաթարված է խոսքը, հաղորդակցումը, ունեն կրկնվող ստերեոտիպային վարք։

Մերի Մխիթարյանի համոզմամբ՝ աուտիզմի սպեկտրի խանգարումը՝ որպես առողջապահական խնդիր, շատ մեծ հուզական և ֆինանսական բեռ է և՛ ընտանիքի, և՛ երկրի համար։

«Այս կարևոր խնդիրը պետք է անպայման ուսումնասիրել և փորձել գտնել մեր առջև դրված խնդիրների հասցեագրված լուծումները։ Ցավալի է, որ Հայաստանում նմանատիպ հետազոտություններ դեռ չեն արվել, բայց սկիզբը դրված է», – շեշտում է նա։ 

Ինչո՞վ է պայմանավորված աուտիզմը (ռիսկի գործոնները)․ 

Չնայած ամբողջ աշխարհում կատարվող բազմաթիվ հետազոտություններին և այն փաստին, որ ժառանգական գործոնը բացահայտված պատճառների շարքում է, ԵՊԲՀ ասպիրանտի փոխանցմամբ, մոտավորապես 100-ից ավելի չուսումնասիրված գեներ կան, որոնք պատասխանատու են աուտիզմի սպեկտրի խանգարումների համար։

«Գործոնների մյուս շարքն անվանում են շրջակա միջավայրի գործոններ, որոնց կարելի է բաժանել պրե-, պերի- և նեոնատալ խմբերի։ Առավել նշանակալի հավանական պրենատալ գործոնները հետևյալն են՝ ծնողների տարիքը, հղիությունների միջև ընկած ժամանակահատվածը, հղիության ընթացքում կնոջ իմունային կարգավիճակը (վարակներ, աուտոիմուն հիվանդություններ), դեղերի օգտագործումը (մասնավորապես՝ հակադեպրեսանտներ, հակաասթմատիկ դեղեր, հակաէպիլեպտիկներ), կնոջ նյութափոխանակության վիճակը (օր.՝ շաքարային դիաբետ, գերճնշում, հղիության ընթացքում ավելորդ քաշ), կնոջ սննդակարգային կարգավիճակը (օր.՝ ֆոլաթթվի, երկաթի ընդունումը, վիտամին D-ի մակարդակը և այլն)», – մանրամասնում է հետազոտության հեղինակը:Որպես ռիսկի գործոն նա առանձնացնում է նաև ծննդաբերության ժամանակ խթանիչների օգտագործումը։ «Հարցված մայրերի մոտ նկատեցինք միտում, որ համարյա բոլորը ծննդաբերության ժամանակ առանց ուղեցույցներին հետևելու օգտագործել են խթանիչներ։ Վերջինները նշանակվում և կիրառվում են միայն հստակ ցուցումների դեպքում», – ընդգծում է Մերի Մխիթարյանը։

Նրա խոսքով՝ ռիսկի այլ գործոնների թվում է շրջակա միջավայրի աղտոտվածությունը ծանր մետաղներով կամ գյուղատնտեսական ոլորտում կիրառվող լուծիչների հետևանքով օդի աղտոտվածությունը։

«Ժառանգական գործոնը մենք չենք կարող փոխել, բայց շրջակա միջավայրի ռիսկի գործոնների վրա ազդել կարող ենք։ Այսինքն՝ դրանք այն գործոններն են, որոնք հնարավոր է փոփոխության ենթարկել և կանխել դրանցով պայմանավորված աուտիզմի առաջացման ռիսկը։ Մեր հետազոտության նպատակը հենց դա է՝ ուսումնասիրել պրենատալ, պերինատալ և նեոնատալ ժամանակաշրջաններում կնոջ մոտ առկա ռիսկի գործոնները, որոնք կարող են բերել պտղի մոտ աուտիզմի սպեկտրի խնդիրների առաջացման։ Մենք փորձում ենք հասկանալ՝ Երևանում որ ռիսկի գործոններն են տարածված, կազմակերպել կանխարգելիչ միջոցառումներ և տվյալ հետազոտության արդյունքում ստացված եզրակացության հիման վրա առաջարկել համապատասխան լուծումներ», – բացատրում է մասնագետը։

Հետազոտության արդյունքում, նրա խոսքով, կբացահայտվեն նորմայից շեղված մի շարք գործոններ և կիրականացվեն կանխարգելիչ միջոցառումներ։

«Մեր հետազոտության նպատակը փոփոխվող ռիսկի գործոնների բացահայտումն է, իսկ արդյունքները մեզ հնարավորություն կտան կատարելու պրոֆիլակտիկ միջոցառումներ, որոնք էլ կնպաստեն ահագնացող թվերի նվազմանը», – եզրափակում է Մերի Մխիթարյանը՝ ընդգծելով հետազոտության գիտական արժեքը և հույս հայտնելով, որ ուսումնասիրությունները կլինեն շարունակական։

 

Հեղինակ՝ Տաթևիկ Ղազարյան

ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook