Sunday, April 28, 2024
ՀիվանդություններՆորություններ

Առողջական ինչ խնդիրների մասին կարող է հուշել մարդու դեմքը

Հիվանդություններն ախտորոշելու համար մասնագետները սովորաբար զննում են հիվանդին ու հաշվի են առնում առկա բոլոր ախտանշանները, որից հետո միայն բարձրաձայնում են ախտորոշումը։ Այս գործընթացը որոշ դեպքերում բավական բարդ ու երկարատև է լինում, քանի որ հստակ ախտորոշման համար հարկավոր է լինում տարբեր հետազոտություններ անցկացնել, սակայն լինում են նաև դեպքեր, երբ խնդիրն ախտորոշելու համար բավական է լինում պարզապես նայել հիվանդի դեմքին։

Թերապևտ, ալեգոլոգ ու իմունաբան Իրինա Յարցևայի խոսքով՝ գոյություն ունեն որոշակի հիվանդություններ, որոնց ախտանշաններն առաջին հերթին ի հայտ են գալիս մարդու դեմքին։ Նման հիվանդությունների շարքին կարող են դասվել սրտի հետ կապված որոշ խնդիրները, որոնք որ մի դեպքում չի կարելի անտեսել։ Օրինակ՝ քթի ծայրի և քթի ու վերին շուրթի միջև գտնվող հատվածի վառ կապտավուն երանգը հուշում են սրտային անբավարարության մասին, իսկ այս ախտաբանությունն անուշադրության մատնելը կարող է շատ վտանգավոր լինել։

Մաշկի դեղնավուն երանգը հուշում է լյարդի ու լեղապարկի հետ կապված խնդիրների մասին։ Բացի այդ, դեմքի նման գույնը կարող է պայմանավորված լինել նաև այսպես կոչված «դեղին անեմիայով, որը դրսևորվում է օրգանիզմում հեմոգլոբինի մակարդակի նվազմամբ։

Վահանագեղձի հիվանդությունների մասին կարող են հուշել ոչ միայն դուրս պրծած աչքերը, այլև անհանգստությունն ու դրա հետևանքով քրտինքով ծածկված ճակատը։ Ինչպես բացատրում է մասնագետը, դուրս պրծած աչքերը հուշում են հիվանդության զարգացման ուշ փուլերի մասին, մինչդեռ անհանգստությունն ու առատ քրտնարտադրությունն ի հայտ են գալիս շատ ավելի վաղ փուլերում, ուստի դրանց ուշադրություն դարձնելը կօգնի ժամանակին միջոցներ ձեռնարկել ու խուսափել հետագա լուրջ բարդություններից։

Բացի այդ, առողջական որոշակի խնդիրների մասին կարող են հուշել նաև ականջների կամ ծնոտի չափազանց մեծ լինելը։ Եթե դրանք չափերով չեն համապատասխանում մարմնին կամ դեմքին, ապա մեծ է ակրոմեգալիայի կամ գիգանտիզմի հավանականությունը։ Այս հիվանդության դեպքում օրգանիզմում նորմայից շատ աճի հորմոն է արտադրվում, ինչն էլ հանգեցնում է նման հետևանքների։

«Հիվանդների ընդունելության ժամանակ մենք ուշադրություն ենք դարձնում տարբեր գործոններին։ Անպայման զննում ենք աչքերը, որոնց օգնությամբ պարզ է դառնում՝ կան արդյուք խոլեստերինային վահանիկներ կամ երկաթի նստվածք։ Բացի այդ, զննում ենք նաև ձեռքերի մատների եղունգներն ու լեզուն, որի շնորհիվ երևում են աղեստամոքսային տրակտի հետ կապված խնդիրները», – նշել է բժիշկը Nation News պարբերականի հետ զրույցում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook