Wednesday, May 8, 2024
Նորություններ

«Գործ ունենք հիվանդացության աճի 3-րդ ալիքի հետ, եթե չբարձրացնենք զգոնությունը, կարող ենք ունենալ լուրջ խնդիր». Ռ. Աբովյան

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում ներկայացրել է կորոնավիրուսով պայմանավորված համաճարակային իրավիճակը:

«Նախ ասեմ, որ COVID-19-ի դեպքերի կտրուկ աճ արձանագրվեց, և վերջին 14 օրվա տվյալները նախորդ նույն ժամանակահատվածի հետ համեմատ կարող ենք դիտարկել, որ ունենք 119%-ով նոր դեպքերի աճ: Թեստավորման դրական արդյունքների մասնաբաժինը ևս ավելացել է՝ հասնելով 14%-ի, իսկ նախորդ 14-օրյակում ունեցել ենք 6,4% դրական թեստերի մասնաբաժին: Այս պահի դրությամբ մահացության մակարդակը 1,8%»:

Ըստ Աբովյանի՝ կորոնավիրուսային հիվանդացության դեպքերի աճը հիմնականում պայմանավորված է անվտանգային կանոնների ոչ լիարժեք պահպանման պատճառով:

«Կարող ենք դիտարկել նաև, որ այդ կանոնները չեն պահպանվում, որովհետև հանրային տրանսպորտում, այդ թվում փակ տարածքներում գրեթե չեն իրականացվում այն միջոցառումները, որոնք առաջարկված են եղել 2020թ.-ից ի վեր: Պարզ 3 կանոնները՝ ձեռքերի ախտահանում, դիմակի կրում և սոցիալական հեռավորության պահպանում: Այս վարքագծի, ինչպես նաև զգոնության նվազման արդյունքում մենք ունենք վարակի լուրջ տարածում»:

Ռոմելա Աբովյանի խոսքով՝ կարող ենք արձանագրել, որ այս պահին գործ ունենք հիվանդացության աճի 3-րդ ալիքի հետ:

«Եթե չբարձրացնենք զգոնությունը, կարող ենք ունենալ լուրջ խնդիր, որովհետև կարող է ծանրաբեռնվել առողջապահական համակարգը և, ինչպես աշնան ժամանակահատվածում էր, չհասցնի բժշկական օգնություն և սպասարկում բոլոր պացիենտներին: Քանի դեռ ուշ չէ, պետք է հորդորել բնակչությանը և նաև կազմակերպությունների ղեկավարներին՝ ուժեղացնելու վերահսկողությունը իրենց կազմակերպության ներսում՝ անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ»,-հայտարարեց Աբովյանը:

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի ներհիվանդանոցային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Ռոմելա Աբովյանի փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ «Սպուտնիկ V»-ով պատվաստվում են ռիսկային խմբերը:

«Պատվաստումներն իրականացվում են ՌԴ կողմից նվիրաբերած պատվաստանյութերով: Աշխատանքներ են տարվում առողջապահության նախարարի հրամանով հաստատված ռիսկային խմբերի համար պատվաստանյութ ձեռք բերելու ուղղությամբ, ինչպես նաև տարբեր միջազգային կազմակերպությունների հետ քննարկվում են պատվաստանյութերի ձեռք բերման գործընթացները։ Թե ինչ պատվաստանյութ կվերցնեն, մոտ ժամանակներում պարզ կլինի»,- եզրափակում է Ռոմելա Աբովյանը:

Պատվաստանյութից կօգտվեն ռիսկային խմբում գտնվողները, բուժաշխատողները, քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդիկ, փակ հաստատություններում գտնվող անձինք:

Անահիտ Չալիկյան

Leave a Reply

x Close

Like Us On Facebook