Thursday, May 2, 2024
ՆորություններԲժիշկներ և հարցազրույցներ

Ժամանակակից հայ վիրաբուժության հիմնադիր, պրոֆեսոր Սարուխանյանի ծննդյան օրը առաջին անգամ նշվում է` առանց նրա

Մարտի 25-ը հայ վիրաբույժների մեծ համայնքի համար առանձնահատուկ օր է:  Այսօր է ծնվել անվանի վիրաբույժ, ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 3 ամբիոնի վարիչ Հովհաննես Սարուխանյանը: Առաջին տարին է, որ կրտսեր գործընկերները, ուսանողները տարեդարձը կնշեն առանց հազարավոր կյանքեր փրկած բժշկի ներկայության:

Ծննդյան տարեդարձից օրեր առաջ բժիշկ-գիտնականը հեռացավ կյանքից` թողնելով բազում հիշողություններ, մեծ հարգանք իր կատարած աշխատանքի հանդեպ:

Վիրաբուժության բնագավառում Հովհաննես Սարուխանյանն  անփոխարինելի դեր ուներ

ԵՊԲՀ վիրաբուժության թիվ 4 ամբիոնի վարիչ, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավար, Մուշեղ Միրիջանյանի  գնահատմամբ` ավագ գործընկերոջ մասին յուրաքանչյուր հուշ հետաքրքիր է ու տարբերվող:

«Հովհաննես Սարուխանյանը յուրահատուկ մարդ էր: Ոչ ոք չի կարող փոխարինել նրան, լրացնել բացը: Վիրաբուժությունը, կարծես, որբացավ նրա  մահով»,- նշում է պրոֆեսոր Միրիջանյանը, որը Հովհաննես Սարուխանյանին ոչ միայն վիրաբուժության, այլև կյանքի հարցերում իր ուսուցիչն է համարում:

«Հովհաննես Վազգենովիչից ես սովորել եմ վիրաբուժության ամենանուրբ գործողությունները:  Իմ բախտն իսկապես բերել է, որ հանդիպեցի իրեն: Մեզ մնում է արժանին մատուցել սիրելի ուսուցչի հիշատակին»,- ընդգծում է վիրաբույժը:

Երջանկահիշատակ պրոֆեսոր Սարուխանյանի հետ իր առաջին հանդիպումն ու ծանոթությունը Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնում է եղել:

Հովհաննես Սարուխանյանը հաճախ էր այցելում ամբիոնական իր գործընկերներին` այդ թվում Օպերատիվ վիրաբուժության և տեղագրական անատոմիայի ամբիոնի փորձարարական վիրասրահի հիմնադիր,  1983-1991թթ. ամբիոնի վարիչ, դոցենտ Միխայիլ Հովհաննիսյանին, Սերգեյ Սեխյանին: Պրոֆեսորադասախոսական կազմին հերթական անգամ հյուրընկալվելու ընթացքում է կայանում հետագայում արդեն գործընկեր վիրաբույժների հանդիպումը:

Լինելով ամբիոնի ասիստենտ, Մուշեղ Միրիջանյանը նաև 1-ին կլինիկական հիվանդանոցում է հերթապահել որպես վիրաբույժ, հերթապահություններից մեկի ընթացքում էլ միասին շախմատ խաղալու առիթ են ունեցել.

«Շախմատ խաղալիս ինձ հարցրեց՝ կգա՞ս իմ ամբիոն, ես էլ ասացի՝ կգամ անգամ, եթե պահակի հաստիք լինի»,- ժպիտով հիշում է Մուշեղ Միրիջանյանը:

Նրանց գործընկերությունն արդեն ավելի քան 30 տարվա պատմություն ունի, որը հարուստ է ինչպես ուրախ հիշողություններով, այնպես էլ տխուր ակնթարթներով, մարդկային ջերմությամբ:

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի վիրաբուժության կլինիկայի ղեկավարը փաստում է, որ մինչև կյանքի գրեթե վերջին ամիսները Սարուխանյանը վիրահատում էր: Անվանի բժիշկ-գիտնականը պատկառելի տարիքում մասնագիտական, գիտամանկավարժական ակտիվ գործունեություն էր ծավալում:

«Նա այնպիսի վիրաբույժ էր, որին հիվանդները չէին կարող չդիմել»,- շեշտում է նա:

Ինչպես ասում են կյանքի մայրամուտին, առավել  հասուն տարիքում իր և իր հաջողությունների մասին խոսել չէր սիրում, քչախոս էր, բայց խոսելիս երբեմն կարող էր նաև կտրուկ լինել:

Վիրաբույժին բնորոշ այդ հատկությունը իր բնավորությունն էր, որն արտահայտված էր նաև վիրաբուժության հանդեպ մեծ նվիրումով: Սիրում էր ընթերցել և ընթերցելը կարևորում էր նաև աշակերտների շրջանում:

«Գլխավոր նպատակն էր դաստիարակել լավ աշակերտներ, լավ սերունդ»,- հավելում է կտրսեր գործընկերը:

Եթե մեկ անգամ էլ մասնագիտությունն ընտրելու հնարավորություն ունենար, ապա կրկին բժիշկ կդառնար

Բժշկական բուհում ակադեմիկոս Հովհաննես Սարուխանյանի 75-րդ հոբելյանի առթիվ հրավիրված հանդիսավոր նիստին լրագրողների հետ զրույցում,  2013 թվականին նշել էր, որ եթե մեկ անգամ էլ մասնագիտությունն ընտրելու հնարավորություն ունենար, ապա կրկին բժիշկ կդառնար:

Հետադարձ հայացք նետելով անցած ուղուն` վիրաբույժը վստահեցրել է, որ բժշկի մասնագիտությունն Աստծո պարգև է:

Չկա մարդկային որևէ օրգան, որին դիպած չլինի պրոֆեսորի բուժիչ նշտարը: ՀՀ ԱՆ նախկին գլխավոր վիրաբույժը հազարավոր բուժառուների է օգնել, ապաքինել, վերադարձրել երկրորդ կյանք:

«Էրեբունի» բժշկական կենտրոնի վիրաբուժական կլինիկան ղեկավարում էր 1998 թվականից:  2018 թվականին  բաժանմունքն անվանակոչվել է անվանի բժշկի պատվին:

Կոչումով բժիշկն իր անգնահատելի ավանդն ունի մեր երկրում վիրաբուժության զարգացման,  մասնագետների պատրաստման, բուժման նոր մեթոդների ներդրման գործում:

«Անցած ուղին եղել է բարդ, ժամանակ առ ժամանակ ծանր, բայց՝ երջանիկ»,- կրկին իր 75-րդ հոբելյանի օրը ասել է պրոֆեսորը: 

Երիտասարդներին ուղղված ամենակարևոր հորդորն էր, հարգել այն կոլեկտիվները, որտեղ աշխատում են:

Հովհաննես Սարուխանյանը բժշկական մեծ գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչն է

Սարուխանյանների բժշկական մեծ ընտանիքի առաջին ճյուղը սկիզբ է առնում բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Վազգեն Սարուխանյանից:

«Հայրս լավ դպրոց է ստեղծել, իր գիտելիքները փոխանցել և բժշկական բարդ ոլորտ գործուղել շատ ու շատ պրոֆեսիոնալների: Ես ծնվել եմ բժիշկների ընտանիքում: Մայրս նույնպես բժիշկ էր: Ես և քույրս ընտրել ենք մեր ծնողների մասնագիտությունը: Քույրս` Կարինեն, բժշկական գիտությունների թեկնածու է, մասնագիտությամբ` անեսթեզիոլոգ: Նրա դուստրը և տղան ևս բժշկական գիտությունների թեկնածու են: Կինս` Սվետլանա Սարուխանյանը, ընտանեկան բժիշկ էր»,-  ընտանիքի բժշկական հարուստ կենսագրությունը ներկայացնելով` ասել է, ՀՀ գիտության վաստակավոր գործիչը:

 

ՀՀ նախագահի հրամանագրով բժշկության զարգացման գործում ունեցած ակնառու վաստակիառողջապահության բնագավառում ներդրած նշանակալի ավանդիինչպես նաև աշխատանքային գործունեության ընթացքում ցուցաբերած անմնացորդ նվիրումի համար Հովհաննես Սարուխանյանը պարգևատրվեց «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

Սարուխանյանների բժշկական ընտանիքի երկրորդ սերնդի ներկայացուցչի համոզմամբ` թեպետ հասարակության մեջ բժշկի դերը բարձրացնելու կարիք կա, այնուամենայնիվ, բոլոր ժամանակներում շատերը ճիշտ են ընկալել բժշկի դերը։ Այժմ էլ հիմնականում առկա է  մեծ հարգանք բուժաշխատողի բարդ ու պատասխանատու աշխատանքի հանդեպ.

«Ամենաթանկն առողջությունն է, որի վերականգնման, խնդիրների հաղթահարման առումով եթե կարողանում ես օգնել հիվանդին, ապա բժշկի համար դրանից մեծ երջանկություն չկա: Ուրախ եմ, որ երեք տասնյակից ավելի գիտության թեկնածուներ և դոկտորներ եմ պատրաստել: Նրանք հիմա ղեկավարում են բժշկական ամբիոններ, համակարգի տարբեր ստորաբաժանումներ, շատերն ավագ վիրաբույժներ են, ճանաչված մարդիկ. դա ինձ համար մեծ ուրախություն է»:

Հովհաննես Սարուխանյանի ավագ որդին` Վազգեն Սարուխանյանը, ստոմատոլոգ է, զբաղվում է պրակտիկ բժշկությամբ, իսկ կրտսեր որդին` Հովհաննեսը մանկաբույժ է.  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր: Հաջողված մասնագիտական գործունեություն է ծավալում ՌԴ-ում:

84-ամյա բարձունքից ճանաչված վիրաբույժը կարող էր հպարտությամբ նայել իրեն աշակերտողներին, որոնք այսօր մեր երկրի  լավագույն վիրաբույժներն են, պրոֆեսորներ, գիտության թեկնածուներ,  վիրաբուժության բնագավառի առաջամարտիկներ:

– See more at: https://ysmu.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook