Monday, May 6, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Ինչպես ազատվել վախից ու տագնապից․ խուճապային գրոհի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցները

Խուճապային գրոհն անբացատրելի վախի և տագնապի նոպաներն են, որոնք բնորոշվում են սրտի աշխատանքի արագացմամբ, կրծքավանդակում սեղմվածության զգացողությամբ, սառը քրտինքով և սաստիկ անհանգստությամբ։ Սա բավական տարածված հոգեբանական խնդիր է, որի դեպքում հարկավոր է անպայման միջոցներ ձեռնարկել խուճապից ազատվելու համար, ուստի մասնագետները ներկայացրել են այս խնդրի դեմ պայքարի ամենապարզ ու արդյունավետ միջոցները։

 Առաջին օգնություն

Խուճապային գրոհի դեպքում հարկավոր է անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Առաջին հերթին անհրաժեշտ է լվացվել սառը ջրով, թարմանալ ու գլխին սառը կոմպրես դնել։ Կարելի է նաև մի բաժակ ջուր խմել, օդափոխել տարածքը, որից հետո որևէ հարմարավետ դիրք ընդունել մկանների լարվածությունից ազատվելու համար։ Նման դեպքերում շատ օգտակար կարող են լինել նաև հաճելի երաժշտությունն ու հետաքրքիր ֆիլմը, որոնք կօգնեն շեղել ուշադրությունը։

 Շնչառական վարժություններ

Ոչ շատ լուրջ դեպքերում խնդիրը հաղթահարելու համար բավական կլինի պարզապես որոշակի շնչառական վարժություններ անելը։ Հարկավոր է կենտրոնանալ շնչառության վրա և շնչել ստոծանիով, այլ ոչ թե որովայնով։ Նախ հարկավոր է խորը շունչ քաշել, այնուհետև պահել շնչառությունը, հաշվել մինչև 10-ն ու արտաշնչել։ Կրկնել այն գործողությունը երեք վայրկյան անց։

Վիզուալիզացում

Վիզուալիզացման մեթոդը կօգնի հոգեբանորեն ազատվել նոպայից։ Հարկավոր է հանգստանալ ու նստել հարմար դիրքով, փակել աչքերը, փորձել պատկերացնել վախը՝ տալով դրան հստակ պատկեր ու ձև, այնուհետև մտովի ոչնչացնել այն։

Ինքնավերլուծություն

Տագնապային գրոհների հիմնական պատճառը վախն է, ուստի հարկավոր է վերլուծել սեփական ֆոբիաներն ու հասկանալ՝ որն է դրանց առաջացման պատճառը և արդյոք դրանք արդարացված են։ Հարկ է հաճախ հիշել այն փաստը, որ խուճապային գրոհը պարզապես օրգանիզմում ընթացող քիմիական ռեակցիա է, որն ուղեկցվում է կորտիզոլի արտազատմամբ։

Բուսական թեյեր

Տագնապային գրոհների ժամանակ հանգստանալու լավագույն միջոցը բուսական թեյերն են։ Կարելի է դեղատնից գնել պատրաստի խառնուրդներ, սակայն հարկավոր է ուշադրություն դարձնել դրանց բաղադրությանն ու ընտրել այն տարբերակները, որոնցում առկա են ուրց, եղինջ, նարդոս, լորենի, սրոհունդ, կատվախոտ կամ եղերդակ։ Հարկ է հիշել, որ նման միջոցները կարելի է ընդունել օրական առավելագույնը 2-3 բաժակ, այլապես մեծ է կողմնակի բարդությունների զարգացման հավանականությունը։

Հանգստացնող լոգանք

Հանգստացնող դեղաբույսերի թուրմով հաճելի տաք լոգանքը տագնապային գրոհի դեմ պայքարի լավագույն միջոցներից մեկն է։ Բուսական թուրմերի փոխարեն կարելի է կիրառել նաև նարդոսի, անանուխի կամ վարդի եթերային յուղեր։

Մերսում

Մերսումն օգնում է ազատվել լարվածությունից ու մարմնի տարբեր հատվածներում զարգացած լճացումներից։ Այս պրոցեդուրան հանգստացնում է և ազատում է վախերից ու տագնապից։ Նման դեպքերում ինքնամերսումը չի խրախուսվում, ուստի ցանկալի է դիմել մասնագետին կամ հարազատներից որևէ մեկին։

Դեղորայքային բուժում

Այս խնդրի դեմ պայքարի համար կիրառվում է չորս տեսակի դեղամիջոց՝ հանգստացնողներ, տրակվիլիզատորներ, հակադեպրեսանտներ ու հոգեմետ դեղեր։ Դեղամիջոցն ընտրվում է մասնագետի հետ խորհրդակցելուց և անհրաժեշտ անալիզները հանձնելուց հետո, ուստի ինքնուրույն դրանք չի կարելի ընդունել։

Հոգեթերապիա

Խուճապային գրոհները միշտ ունենում են հոգեբանական հիմք, ուստի հոգեթերապևտին դիմելը տարատեսակ ֆոբիաներից ու անհանգստությունից ազատվելու լավագույն միջոցը կլինի։

Մարզումներ

Սթրեսից ազատվելու լավագույն միջոցը ֆիզիկական ակտիվությունն է։ Այն բարելավում է արյան շրջանառությունը, կարգավորում է հորմոնների արտադրությունն ու խթանում էնդորֆինի մակարդակի բարձրացումը։ Սակայն հարկավոր է ընտրել ակտիվության այնպիսի տեսակ, որը չի նպաստի սթրեսի մակարդակի բարձրացմանը, ուստի շատ արդյունավետ կարող են լինել պարերը, զբոսանքը, հեծանվավազքը, լողը և այլն։

Նյութի աղբյուրը՝ med.tert.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook