Friday, May 3, 2024
ՀիվանդություններՆորություններ

ԾԱՆՐԱԼՍՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐԵԼԻ Է ՎԵՐԱՑՆԵԼ ԵՎ ՎԵՐԱԿԱՆԳՆԵԼ ԼՍՈՂՈՒԹՅՈՒՆԸ

«Աստղիկ» ԲԿ ԼՕՌ ծառայության մասնագետներն իրականացնում են լսողությունը լավացնող վիրահատություններ՝ արտաքին եւ միջին ականջի մի շարք հիվանդությունների ժամանակ: Այս մասին նշում է կենտրոնի ականջաբան, Մ.Հերացու անվան ԵրՊԲՀ ԼՕՌ հիվանդությունների ամբիոնի դոցենտ Նունե Նահապետյանը:

Ծանրալսությունն առաջանում է ինչպես արտաքին եւ միջին, այնպես էլ ներքին ականջի հիվանդությունների դեպքում: Առաջին երկու դեպքում ծանրալսությունն ունի հաղորդչական բնույթ, այսինքն՝ խանգարվում է ձայնի հաղորդումը: Ներքին ականջի ախտահարումների դեպքում ախտահարվում է ձայնի ընկալումը (սենսոնեւրալ ծանրալսություն): Այսպիսի ծանրալսությունը, եթե ունի սուր բնույթ, պահանջում է անհապաղ բուժական միջամտություն: Քրոնիկ սենսոնեւրալ ծանրալսության դեպքում հաճախ պահանջվում են լսողական սարքեր, իսկ ավելի ծանր դեպքերում նույնիսկ՝ կոխլեար իմպլանտացիա:

Արտաքին ականջի մի շարք ախտահարումների (անցուղու ստենոզ, օստեոմա, էկզոստոզ) եւ միջին ականջի ախտահարումների (քրոնիկ միջին օտիտների) դեպքում լսողության վերականգնումը հնարավոր է վիրաբուժական միջամտությամբ, ինչը եւ հաջողությամբ իրականացվում է «Աստղիկ» ԲԿ-ում՝ նորագույն սարքավորումների եւ որակյալ իմպլանտների առկայության պայմաններում:

«Մեր կատարած վիրահատությունները նորություն չեն, պարզապես բաժանմունքը հագեցված է ժամանակակից մանրադիտակով եւ էնդոսկոպով, ականջի վիրահատությունների ժամանակ անհրաժեշտ գործիքներով եւ նյութերով, ինչպես նաեւ Grace Medical ընկերության լսողական ոսկրիկների վերջին սերնդի ամբողջական եւ մասնակի փոխարինիչներով (ТОRP եւ PORP) եւ ասպանդակի փոխարինիչով, որ կիրառվում է օտոսկլերոզի բուժման նպատակով: Այս բոլորը մեծապես ազդում են բուժման արդյունավետության վրա»,- նշում է Նունե Նահապետյանը:

Կլինիկայում կատարվում են միջին ականջի բոլոր վիրահատությունները:

Ինչպես նշում է մասնագետը՝ քրոնիկ թարախային միջին օտիտի վիրաբուժությունը 2 նպատակ ունի՝ արմատախիլ անել միջին ականջում տեղակայված բորբոքային պրոցեսը եւ վերականգնել ձայնի հաղորդման տրանսֆորմացիոն մեխանիզմը: «Դա հիմնականում միամոմենտ է կատարվում, բայց դեպքեր են լինում, երբ ստիպված ենք վիրահատությունը 2 փուլով կատարել»,- նշեց նա:

Վիրահատությունները հիմնականում կատարվում են մանրադիտակի վերահսկմամբ, բայց միջին ականջի այն հատվածների ախտահարման դեպքում, որոնք հնարավոր չէ տեսնել մանրադիտակի ուղիղ լույսով, օգնության է գալիս էնդոսկոպը, որը հնարավորություն է տալիս առանց պտկաձեւ ելունի ոսկրի եւ դրա լորձաթաղանթի հատման՝ ուղղակի ներանցուղային մոտեցումով արմատախիլ անել ախտաբանական պրոցեսը թմբկախորշից: Դա օգնում է պահպանել միջին ականջի նորմալ անատոմիան՝ խիստ նվազեցնելով հիվանդության կրկնության հնարավորությունը:

Բժիշկը պարզաբանում է, որ 0 աստիճանի էնդոսկոպն ապահովում է վիրաբուժական դաշտի ավելի լայն դիտարկում, իսկ 30 կամ 45 աստիճան անկյունով էնդոսկոպը հնարավորություն է տալիս դիտարկել նաեւ միջին ականջի «թաքնված անկյունները»:

«Աստղիկ» ԲԿ-ի օտորինոլարինգոլոգիայի բաժանմունքը հագեցած է էնդոսկոպիկ վիրահատությունների վերջին սերնդի գործիքակազմով: Կլինիկայի ձեռք բերած KARL STORZ ընկերության էնդոսկոպն ունի 0, 30, 45 եւ 70 աստիճանի անկյունների տեսադաշտով դիտակներ, նաեւ ասպիրացիոն, փափուկ եւ ոսկրային հյուսվածքների համար կտրող շեյվերներ՝ արտածծման եւ լվացող համակարգերով, որոնք լայնորեն կիրառվում են քթի եւ հարակից խոռոչների հիվանդությունների բուժման նպատակով: Այդ ամենը հնարավորություն է տալիս հետազոտել եւ ախտորոշել ԼՕՌ հիվանդությունների լայն սպեկտր, իսկ վիրահատությունները կատարել՝ չդիմելով արմատական վիրաբուժական միջամտությունների:

Նյութի աղբյուրը՝  astghikmc

Leave a Reply

x Close

Like Us On Facebook