Ծխելը տղամարդկանց մոտ կարող է հանգեցնել ընդհուպ մինչև անպտղության
Առհասարակ ծխախոտը վնասակար է, դրա օգտագործումը կարող է ազդել առողջության վրա և առաջացնել մի շարք խնդիրներ: Ծխախոտի վնասակար ազդեցություններից մեկն էլ տղամարդկանց մոտ անպտղության հանգեցնելու հավանականությունն է:
Տղամարդու անպտղության ժամանակ սերմնահեղուկում լեյկոցիտների բարձրացումը կարող է պայմանավորված լինել ծխելով:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական հաղորդման շրջանակում առողջապահության նախարարության`սեքսոպաթոլոգիայի գծով խորհրդատու Սևադա Հակոբյանը նշեց, որ հաճախ անպտղության խնդիր ունեցող տղամարդկանց սերմում բարձր է լինում լեյկոցիտների ( բորբոքային պաշտպանական բջիջներ) թիվը, ինչը հիմնականում պայմանավորված է լինում ինֆեկցիոն-բորբոքային խնդիրներով, որը կարգավորվում է անտիբիոտիկոթերապիայից հետո:
«Սակայն լինում են դեպքեր, երբ անտիբիոտիկների նշանակումը որևէ օգուտ չի տալիս, այդ դեպքում ախտորոշվում է որպես իդեոպաթիկ պիոսպերմիա: Ներկայիս նոր տերմինոլոգիան՝ ստերիլ լեյկոցիտոսպերմիան, նույնպես հաստատում է, որ այդ դեպքում լեյկոցիտների բարձր թվի պարագայում իմաստ չունի տևական անտիբիոտիկների նշանակում, քանի որ այն կարող է պայմանավորված լինել նաև ծխախոտի օգտագործմամբ»,-ասաց մասնագետը:
Ծխախոտի տոքսիկ (թունավոր) ազդեցությունը հանգեցնում է ինչպես սերմնաբջիջների որակի վատացման, շարժունակության նվազման, այնպես էլ սերմում լեյկոցիտների բարձրացման:
Ի՞նչ ազդեցություն կարող է ծխելը ունենալ սեռական առողջության վրա, հատկապես տղամարդկանց մոտ: Հնարավո՞ր է վերականգնել ծխախոտի ազդեցությամբ տղամարդկանց սերմում բարձրացած լեյկոցիտների քանակը:
Այս և մի շարք կարևոր այլ հարցերի պատասխանները ստանալու և մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին ավելի մանրամասն ծանոթանալու համար առաջարկում ենք լսել փոդքաստը:
Գայանե Գաբոյան