Կարելի՞ է հղիության ժամանակ ատամ հեռացնել
Հաճախ հղիները խուսափում են ատամնաբույժին այցելել: Եվ` իզուր: Ապագա մայրը, մինչև երեխայի ծնունդը, պետք է ատամնաբույժի մոտ հետազոտվի 3 անգամից ոչ պակաս: Եթե խնդիր չկա՝ մասնագետը խորհուրդներ կտա հղիության ընթացքում բերանի խոռոչի ճիշտ խնամքի վերաբերյալ: Իսկ խնդիրների ի հայտ գալու դեպքում՝ ատամնաբույժը կնշանակի բուժում, որը չի վնասի ոչ մորը, ոչ պտղին:
Բերանի խոռոչի հիգիենան հղիության ժամանակ
Հղիության ժամանակ փոխվում է թքի որակը և քանակը, այն դառնում է ավելի մածուցիկ, կորցնում է իր պաշտպանական հատկությունները, որի հետևանքով ատամներն այդ ժամանակ ավելի են ենթակա կարիեսով ախտահարվելուն: Բացի դա, պրոգեստերոն և գոնադոտրոպին հորմոնների քանակի ավելացումը նպաստում է լնդերի բորբոքումներին, որը հայտնի է հղիների գինգիվիտ անվանմամբ:
Այդ պատճառով հղիության ընթացքում շատ կարևորվում է բերանի խոռոչի ավելի ակտիվ հիգիենան: Որի մեջ մտնում է ատամների մաքրումը առավոտյան և երեկոյան, ատամների թելի և անտիսեպտիկ էլիքսիրի օգտագործումը:
Ատամների բուժումը հղիության ընթացքում
Դեռ ոչ վաղ անցյալում կարծիք կար, որ հղիության ընթացքում պետք չէ ատամների բուժում իրականացնել: Բայց իրականում լրիվ հակառակը.
Կարիեսով ախտահարված ատամը կամ բորբոքված, արյունահոսող լնդերը ինֆեկցիայի աղբյուր են հանդիսանում, որը սննդի հետ անցնելով ստամոքս, այնտեղից էլ արյան մեջ, կարող է վնասել և մորը, և երեխային: Հղի կնոջ ատամները բուժելը, իսկ անհրաժեշտության դեպքում նաև հեռացնելը կատարվում է վերջին սերնդի անեսթետիկներով, որոնք չեն առաջացնում անոթների նեղացում: Այդ պրեպարատները նաև չեն անցնում պլացենտար բարիերով և ուրեմն անվնաս են պտղի համար: Հաճախ, բարդությունների ժամանակ, ռենտգեն հետազոտման անհրաժեշտություն է լինում, որը նույնպես հակացուցված չէ հղիության ժամանակ: Խոսքը գնում է փոքրիկ, կետային ճառագայթման մասին, որի ժամանակ պարանոցը, կրծքավանդակը, որովայնի խոեոչը պաշտպանված են հատուկ պաշտպանիչ գոգնոցով: Դա երեխայի վնասման բոլոր վտանգները հասցնում է նվազագույնի:
Պետք է նաև հիշել, որ հղիության ընթացքում ատամների բուժման ամենաբարենպաստ շրջանը 13-ից մինչև 32 –րդ շաբաթնյա ընթացքն է:
Այնուամենայնիվ կան մի քանի միջամտություններ, որոնք հակացուցված են հղիության ժամանակ: Դրանք են՝ իմաստության ատամների հեռացումը և ատամների իմպլանտացիան: Այս վիրահատությունները հաճախ բարդություններ են առաջացնում, որոնց բուժումն անցկացվում է անտիբիոտիկներով, որոնց օգտագործումը հղիության ընթացքում ցանկալի չէ:
Պրոֆեսիոնալ սպիտակեցումը և պրոթեզների տեղադրումը նույնպես ցանկալի է հետաձգել մինչև երեխայի ծնունդը:
Նյութը՝ tsnndatun.am