Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից. ԿԳ նախարար
Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը «Ազատություն» ռադիոկայանի ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում խոսել է մայիսի 15-ից գործարկվող ծրագրի մասին, որի ժամանակ ծնողները էլեկտրոնային եղանակով կարող են իրենց երեխաներին գրանցել դպրոցներում:
Նրա խոսքերով՝ եթե գրանցումից հետո ծնողը չի հավանում դպրոցը, ապա պետք է չեղարկի գրանցումը և տեսնի, թե որ դպրոցում ինչ ազատ տեղ կա:
«Բոլոր առարկայացանկերում կրթական ծրագրերը փոփոխության են ենթարկվում: Դպրոցը երբեմն լրացուցիչ ծանրություն է առաջացնում աշակերտի մոտ, իսկ աշակերտը պետք է հավեսով գնա դպրոց: Շատ առարկաներ կփոխվեն, իսկ որտեղ համընկնումներ կան, կմեկտեղենք: Կլինեն առարկաներ, որոնք ընդհանրապես կհանվեն կրթական ծրագրից, սակայն այս պահին դեռ հստակ չեմ կարող ասել թե որոնք և երբ»:
Արայիկ Հարությունյանը նշեց, որ քննարկվում է տարրական դպրոցում գնահատական չդնելու հարցը, սակայն սրան պետք է երկար գնալ, քանի որ սա լրացուցիչ հմտություններ է պահանջում:
Նա նաև խոսել է ինֆորմատիկայի ծրագրի մասին և նշել, որ այսօր դպրոցներում և բուհերում հին ծրագրեր են դասավանդում: Նախարարի խոսքերով՝ ինֆորմատիկայի դասագրքերով դասավանդելը սխալ է, և ճիշտ կլինի, որ այդ առարկան մատուցվի օնլայն ձեռնարկներով, որոնք պարբերաբար կթարմացվեն:
Նյութը ՝ shantnews.am