Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ճառագայթային հիվանդություն

Ճառագայթային հիվանդությունօրգանիզմի վրա իոնացնող ճառագայթների կենսաբանական ազդեցության հետևանքով առաջացող հիվանդություն։ Մարդու ճառագայթային հիվանդությունը զարգանում է իոնացնող ճառագայթների, ինչպես նաև օրգանիզմ ներթափանցած (ներշնչվող օդի, ստամոքսա-աղիքային համակարգի կամ մաշկի միջոցով) ռադիոակտիվ տարրերի ազդեցության տակ։

Տարբերում են սուր ճառագայթային հիվանդություն․, որն առաջանում է իոնացնող ճառագայթների համեմատաբար մեծ դոզաների միանվագ ընդհանուր ազդեցության հետևանքով, և քրոնիկական, որն սկիզբ է առնում չբուժվող, ձգձգվող սուր ճառագայթային հիվանդության կամ իոնացնող ճառագայթների համեմատաբար փոքր դոզաների երկարատև ազդեցության հետևանքով։

Ճառագայթային հիվանդության կլինիկական արտահայտությունների (ճառագայթային սինդրոմ) ընթացքը պայմանավորված է օրգանիզմի ստացած իոնացնող ճառագայթների ընդհանուր գումարային դոզայով։ 100 ռ-ի սահմաններում միանվագ ընդհանուր ճառագայթահարումն առաջ է բերում ճառագայթային հիվանդության անցողիկ, թեթև ձև, 100 ռ-ից ավելին՝ միջին կամ ծանր արտահայտված ձևեր, որոնց դեպքում հիմնական ախտանշանները և հիվանդության ելքը կախված է արյունաստեղծ օրգանների ախտահարման աստիճանից։

Իոնացնող ճառագայթների 600 ռ-ից բարձր միանվագ ընդհանուր ճառագայթահարումից մարդու օրգանիզմում սկիզբ են առնում օրգանական և գործառական (ֆունկցիոնալ) այնպիսի խոր և ուժեղ արտահայտված փոփոխություններ, որոնք 1-2 ամսվա ընթացքում հասցնում են մահվան։

Սուր ճառագայթային հիվանդություն

Միջին ծանրությամբ արտահայտվող սուր ճառագայթային հիվանդությունը ընթանում է մի քանի փուլով․

  1. Ճառագայթային հիվանդության ընդհանուր նախնական հակազդեցության փուլ, զարգանում է ճառագայթահարումից անմիջապես հետո, տևում մի քանի րոպեից մինչև մի քանի օր։ Նկատվում է սրտխառնոց, փսխում, ախորժակի բացակայություն, ընդհանուր թուլություն։ Ծայրամասային արյան մեջ լինում է լիմֆոցիտանվազում, նեյարոֆիլային լեյկոցիտոզ, ոսկրածուծում՝ միելոկարիոցիտների քանակի պակասում, բջջային երիտասարդ ձևերի վերացում։
  2. Ճառագայթային հիվանդության գաղտնի կամ թաքնված փուլ, սկսվում է ճառագայթահարումից մի քանի օր հետո և տևում է 3-4 շաբաթ։ Հիվանդի մոտ նախնական հակազդեցության փուլին հատուկ կլինիկական երևույթները պակասում են, տեղի է ունենում կարծեցյալ բարելավում, երբեմն նկատվում է մազաթափություն։ Ծայրամասային արյան մեջ լեյկոցիտների քանակն արագորեն պակասում է, նվազում են նաև թրոմբոցիտները և ռեթիկուլոցիտները։
  3. Ճառագայթային հիվանդության արտահայտված կլինիկական երևույթների փուլ, հիվանդների ինքնազգացումը կրկին վատանում է, ջերմությունը բարձրանում։ Մաշկում, լորձաթաղանթներում, ներքին օրգաններում, ուղեղում առաջ են գալիս արյունազեղումներ (արյունահոսական սինդրոմ)։ Արյան մեջ լեյկոցիտանվազումն ավելի է ուժեղանում (ճառագայթային լեյկոպենիա), սկիզբ է առնում սակավարյունություն, նյութափոխանակության պրոցեսների խանգարում։
  4. Վերականգնման փուլ (տևում է 2-3 ամիս)։ Տեղի է ունենում ճառագայթային հիվանդության բարեհաջող ընթացքի դեպքում։ Բնորոշվում է ինքնազգացման լավացմամբ, ջերմության կարգավորումով, ախորժակի և քնի վերականգնումով։ Ոսկրածուծի գործունեության բարելավման շնորհիվ ծայրամասային արյան մեջ ի հայտ են գալիս ռեթիկուլոցիտներ, երիտասարդ լեյկոցիտներ ու թրոմբոցիտներ։ Վերականգնվում են նաև արյան ու մեզի կենսաքիմիական ցուցանիշները։

Սուր ճառագայթային հիվանդությունից հետո կարող են առաջանալ նյարդային համակարգի գործունեության և արյան շրջանառության խանգարումներ, չարորակ նորագոյացություններ, լեյկոզներ, սերունդների մոտ՝ զարգացման արատներ և ժառանգական հիվանդություններ։ Ճառագայթային հիվանդության ընթացքի առանձնահատկությունները պայմանավորված են անհատական և տարիքային ոադիոզգայնությամբ․ երեխաները, ծերերը և հղի կանայք առավել զգայուն են ճառագայթման հանդեպ։

Քրոնիկական ճառագայթային հիվանդություն

Քրոնիկական ճառագայթային հիվանդությունն ինքնուրույն ախտաբանական միավոր է և սուր ճառագայթային հիվանդությանը նմանվում է իր փուլային ընթացքով։ Նրան բնորոշ է երկարատևությունը, ընթացքի ալիքավորությունը։ Սուր ճառագայթային հիվանդության բուժումը փոխարինողական և ախտանշանային է։ Արյունաստեղծ օրգանների գործաոությունները կարգավորելու համար՝ արյան փոխներարկում, ոսկրածուծի պատվաստում, արյունաստեղծման պրոցեսները խթանող դեղանյութեր, վարակիչ հիվանդությունների դեմ՝ անտիբիոտիկներ ևն։

Քրոնիկական ճառագայթային հիվանդության բուժման համար կիրառվում են ախտանշանային դեղամիջոցներ (սիրտ-անոթային, ստամոքսա-աղիքային և այլ օրգան համակարգերի գործունեությունը կարգավորելու նպատակով), հատուկ սննդակարգ, բուժական ֆիզկուլտուրա։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook