Tuesday, April 30, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

Մարդու կողմնորոշման ընդունակությունը կախված Է այն վայրից, որտեղ նա մեծացել Է

Մանկության տարիներին մեզ շրջապատող միջավայրի մշակութային և աշխարհագրական առանձնահատկությունները հետագայում մեծ ազդեցություն են ունենում հոգեկանի մի շարք առանձնահատկությունների վրա:

Այժմ Լոնդոնի համալսարանական քոլեջի (Մեծ Բրիտանիա) Նեյրոգիտությունների ինստիտուտի գիտնականները պարզել են, որ այն վայրը, որտեղ մարդը մեծացել է, ազդում է հասուն տարիքում նրա կողմնորոշման ընդունակությունների վրա:

Գիտնականները հետազոտությունն անցկացրել են Sea Hero Quest տեսախաղի միջոցով, որը մշակվել էր Ալցհայմերի հիվանդության ուսումնասիրության համար։ Այն թույլ է տալիս գնահատել մարդու ոչ վերբալ տարածական կողմնորոշման ունակությունը: Հետազոտությանը մասնակցել է 397,162 մարդ՝ 38 երկրներից:

Խաղացողներին խնդրել էին մտապահել քարտեզը, ինչից հետո նրանք պետք է հասնեին վիրտուալ քաղաքի որոշակի վայր:

Պարզվեց, որ գյուղական միջավայրերում մեծացած մարդիկ շատ ավելի լավ են կողմնորոշվում տարածության մեջ, քան քաղաքաբնակները։ Այնուամենայնիվ, այս տարբերությունն առավել արտահայտված էր Կանադայի, ԱՄՆ-ի, Արգենտինայի և Սաուդյան Արաբիայի մասնակիցների մոտ, իսկ Ավստրիայի, Ֆրանսիայի, Հնդկաստանի և Վիետնամի քաղաքաբնակ և գյուղաբնակ մասնակիցների միջև տարբերությունները համեմատաբար քիչ էին։

Գիտնականները վերլուծել են նաև ուսումնասիրված երկրների խոշոր քաղաքների քարտեզները՝ դրանք դասակարգելով ըստ նախագծման բարդության։ Որոշ քաղաքներ՝ ինչպիսիք են Չիկագոն, կառուցված են հստակ ցանցային օրինաչափությամբ, որտեղ փողոցների մեծ մասը միմյանց հետ ուղիղ անկյան տակ է հատվում: Մյուս քաղաքներում, ինչպես օրինակ՝ Փարիզում, փողոցների դասավորությունը ավելի քաոսային է, իսկ նրանց հատման անկյունները՝ շատ ավելի բազմազան։ Նման չկանոնակարգված վայրերում մեծանալը նպաստում է ավելի լավ կողմնորոշման ընդունակությունների զարգացմանը:

Միևնույն ժամանակ, գիտնականները արձանագրեցին, որ մարդիկ ավելի լավ էին կողմնորոշվում այն վայրերում, որոնց տեղագրությունը նման էր իրենց՝ մանկուց սովորածին։ Այն մասնակիցները, ովքեր մեծացել էին պարզ կառուցվածք ունեցող քաղաքներում, ավելի լավ էին հանդես եկել տեսախաղի այն մակարդակներում, որտեղ տեղանքի դասավորությունն ավելի պարզ էր: Իսկ մարդիկ, ովքեր մեծացել էին գյուղական վայրերում կամ բարդ կառուցվածք ունեցող քաղաքներում, ավելի լավ էին հանդես եկել բարդ վիրտուալ տարածքներով մակարդակներում:

Հետազոտությունը հրապարակվել է Nature ամսագրում։

Leave a Reply

x Close

Like Us On Facebook