Որն է մաշկի ճիշտ խնամքի ընտրության հիմնական սկզբունքը. պարզաբանում է մասնագետը
Եղանակի փոփոխության հետ փոխվում է նաև մեր մաշկը, տարբեր մարդկանց մոտ մաշկի տեսակները տարբեր են, այդ իսկ պատճառով ցանկացած մաշկ պահանջում է առանձնահատուկ խնամք և ուշադրություն:
«Արմենպրես»-ի «Հարց բժշկին» նախագծի հերթական թողարկման շրջանակում այս մասին շեշտեց բժիշկ-մաշկաբան, կոսմետոլոգ Կարինե Տեր-Գրիգորյանը՝ ընդգծելով, որ շատ կարևոր է մաշկը խնամել եղանակին համապատասխան: Ըստ նրա՝ յուրաքանչյուր սեզոն և մաշկի տեսակ պահանջում է համապատասխան խնամք:
Ըստ մասնագետի՝ մաշկն օրգանիզմի հայելին է, որն իր վրա կրում է շրջակա միջավայրի, սննդակարգի, տարատեսակ կոսմետիկ միջամտությունների և միջոցների ազդեցությունը։
«Որպես կանոն առանձնացվում է մաշկի 4 տեսակ՝ նորմալ, չոր, յուղոտ և կոմբինացված (համակցված)։
Յուղոտ մաշկ․ հիմնական բնութագիրը առատ ճարպարտադրությունն ու մաշկի յուղոտ փայլն է։
Մաշկին բնորոշ են լայն ծակոտիները, այն հակված է կոմեդոնների և սև կորյակների առաջացման։
Չոր մաշկ․ այստեղ նկատում ենք յուղոտ մաշկի հակառակ պատկերը։ Ճարպարտադրությունը քիչ է, մաշկը չի փայլում, հաճախ չորությունից կարող է ճաքճքել և թեփոտել։ Չոր մաշկը ավելի բարակ և նուրբ է, բայց դրա վրա կնճիռներն ավելի արագ են հայտնվում, երբեմն նույնիսկ մինչև 30 տարեկան: Այս տեսակի մաշկի վրա ծակոտիները գրեթե անտեսանելի են:
Նորմալ մաշկ․ մաշկի այս տիպը ոսկե միջինն է։ Ճարպարտադրությունը չափավոր է, մաշկը կարող է փայլել միայն T- գոտում, ծակոտիները սովորաբար փոքր են և լայնանում են միայն դեմքի կենտրոնական մասում: Սովորաբար այս տեսակի մաշկը դիմացկուն է արտաքին և ներքին ազդակների նկատմամբ
Համակցված մաշկ․ մաշկի այս տիպն ունի վերը թվարկված տիպերին բնորոշ բոլոր առանձնահատկությունները։ Համակցված մաշկի դեպքում կարող են դիտվել լայնացած ծակոտիներ հիմնականում T-գոտում, դեմքի որոշ հատվածներում կարող է աճել ճարպարտադրությունը։
Դեմքի մաշկի խնամքն ընտրելիս՝ պետք է հաշվի առնել այս բոլոր հատկությունները։ Ի վերջո, եթե դուք օգտագործում եք այն քսուքներն ու լոսյոնները, որոնք «չեն համապատասխանում» ձեր մաշկին, կարող եք ստանալ հակառակ արդյունք ՝ խնամքը ոչ միայն կձախողվի, այլև կարող է վատթարացնել մաշկի վիճակը»,-նշեց մասնագետը։
Ըստ նրա՝ տնային պայմաններում մաշկի ճիշտ խնամքի ընտրության հիմնական սկզբունքը խնամքի ընտրությունն է՝ մաշկի տիպով պայմանավորված։
Շատ կարևոր է մշտապես արևապաշտպան քսուք օգտագործելը՝ նույնիսկ խոր ձմռանը. Իհարկե, երբ դրսում շատ շոգ է, դուք պետք է օգտագործեք արևից պաշտպանման ավելի բարձր մակարդակի քսուքներ, բայց արևը շողում է ամբողջ տարի, և նրա ուլտրամանուշակագույն ճառագայթները կարող են վնասել ձեր մաշկը:
Անդրադառնալով մաքրող միջոցներին՝ մասնագետը շեշտեց, որ հարկավոր է ընտրել այն մաքրող միջոցը, որը նախատեսված է հենց ձեր մաշկի տեսակի համար. «Հակաբակտերիալ միջոցը օգնում է բշտիկների լավացմանը, սակայն այն շատ ուժեղ է զգայուն մաշկի համար: Մաշկը միշտ պետք է խոնավ պահել, օգտագործելով խոնավեցնող միջոցներ օրվա ընթացքում, և երեկոյան քնելուց առաջ՝ քսուք: Եթե նույնիսկ ձեր մաշկը չափից ավելի յուղոտ է, միևնույն է՝ խոնավեցման կարիք ունի, պարզապես պետք է ընտրել յուղազերծ քսուքներ»,-ասաց մաշկաբանը:
Եղանակի հետ հնարավոր է մաշկի յուղայնությունը փոխվի, ինչպե՞ս խուսափել բերանի շրջանի և դեմքի որոշ շրջանների թեփոտությունից: Դեմքի մաքրումները արդյոք կարելի են, թե ոչ: Ի՞նչ հաճախականությամբ է անհրաժեշտ փոխել խնամքի միջոցները, և հնարավո՞ր է մաշկը ձեռք բերի կախվածություն այդ քսուքներից և դառնա անարդյունավետ: Այս և մի շարք այլ հարցերի մասին մանրամասներին ու մասնագետի կողմից առաջարկվող լուծումներին առաջարկում ենք ծանոթանալ՝ լսելով փոդքաստը:
Գայանե Գաբոյան