Wednesday, May 8, 2024
ՀիվանդություններՆորություններ

Որոնք են ինտիմ հատվածների պապիլոմաների ախտանշաններն ու բուժման եղանակները.tert.am

Այս մասին հաղորդում է Tert.amը: Ինտիմ հատվածներում առաջացած պապիլոմաները շատերին են ծանոթ: Այս նորագոյացությունները կարող են բազում տհաճ զգացողություններ պատճառել: Ընդ որում՝ վիճակագրական տվյալներով՝ մարդու պապիլոմավիրուսից տառապում է մոլորակի բնակչության գրեթե ¼ մասը:

Պապիլոմաները բարորակ ուռուցքներ են, որոնք ոչ միայն տհաճ են, այլև կարող են բազմաթիվ առողջական խնդիրներ առաջացնել: Սա է պատճառը, որ նման ախտաբանությունը ոչ մի դեպքում չի կարելի անուշադրության մատնել:

Պապիլոմաները կարող են առաջանալ.

· սեռական օրգանների վրա
· հետանցքի մոտ,
· աճուկային հատվածում,
· արգանդի վզիկի վրա,
· հեշտոցում:

Հարկ է նշել, որ ինտիմ հատվածների պաիլոմաներն ունեն որոշ առանձնահատկություններ, որոնցով էլ տարբերվում են հասարակ մաշկային գոյացություններից.

· Առաջին հերթին հարկ է նշել, որ այս հիվանդությունը սաստիկ վարակիչ է և հիվանդ զուգընկերոջից սեռական ակտի հետևանքով վարակվելու հավանականությունը գրեթե 100% է:

· Բացի այդ, հենց ինտիմ հատվածների պապիլոմաներն են նպաստում չարորակ ուռուցքների առաջացմանը: Օրինակ՝ ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինտիմ հատվածների պապիլոմաները կարող են դառնալ արգանդի վզիկի քաղցկեղի պատճառ:

Սակայն սա չի նշանակում, որ կանայք ավելի հաճախ են տառապում այս հիվանդությունից, քանի որ վարակվել կարող են հավասարապես և՛ կանայք, և՛ տղամարդիկ:

Հայտնվելով սեռական օրգանների վրա՝ ախտածին բջիջները սկսում են ակտիվորեն բազմանալ ու աճել և որոշ ժամանակ անց վարակված մարդու մարմնի վրա ի հայտ է գալիս մակաճ, որը տեսանելի է նույնիսկ անզեն աչքով:

Ինտիմ հատվածներում պապիլոմաների առաջացման պատճառները

Ոչ ակտիվ վիճակում մարդու պապիլոմավիրուսը կարող է բավական երկար ժամանակ մնալ օրգանիզմում: Մարդը կարող է նույնիսկ գլխի չընկնել, որ վարակված է, սակայն երբ իմունային համակարգի աշխատանքը խանգարվի, այն կսկսի բազմանալ ու տարածվել:

Ցավոք՝ վիրուսը մնում է օրգանիզմում և թույլ իմունիտետի դեպքում ակտիվորեն սկսում է բազմանալ: Այն կարող է գտնվել նաև սպիտակեղենի և ներքնազգեստի մեջ: Առհասարակ՝ խոնավ միջավայրը շատ հարմար է հիվանդության հարուցիչի գոյատևման ու բազմացման համար:

Վիրուսը կարող է փոխանցվել նաև հիգիենայի պարագաների օգտագործման դեպքում (օրինակ՝ սրբիչի): Բացի այդ, մարդը կարող է վարակվել նաև շոգեբաղնիք կամ լողավազան հաճախելու դեպքում:

Հիվանդ մարդու հետ սեռական ակտի դեպքում վարակվելու հավանականությունը 100% է: Ընդ որում՝ ավելի շատ վտանգված են նախկինում այլ սեռավարակներից տառապած մարդիկ:

Բացի այդ, գոյություն ունեն նաև որոշ գործոններ, որոնք նպաստում են «քնած» պապիլոմավիրուսի ակտիվացմանը: Այդ գործոնների շարքին են դասվում.

· սթրեսն ու գերլարվածությունը,
· թույլ իմունային համակարգը,
· հորմոնալ դիսբալանսը,
· քիմիաթերապիան,
· հորմոնալ և հակաբեղմնավորիչ միջոցների երկարատև ընդունումը:

Հիվանդության ախտանշանները

· Տղամարդկանց մոտ մարդու պապիլոմավիրուսի դեպքում պապիլոմաներ են առաջանում առնանդամի գլխիկին, ամորձապարկի վրա, աճուկային հատվածում կամ մարմնի որևէ այլ հատվածում:

· Կանանց դեպքում պապիլոմաները կարող են ի հայտ գալ սեռական շուրթերի հատվածում, ինչպես նաև ներքին սեռական օրգանների վրա, որոնք հայտնաբերվում են գինեկոլոգիական բուժզննման ժամանակ:

· Բացի այդ, և՛ կանանց, և՛ տղամարդկանց դեպքում պապիլոմաներ կարող են առաջանալ հետանցքի մոտ: Այս նորագոյացությունները կոչվում են սրածայր կոնդիլոմաներ:

Նորագոյացությունները վնասվելու դեպքում կարող են արյունահոսել: Սեռական ակտից հետո կնոջ մոտ կարող են ի հայտ գալ ցավեր ու արյունահոսություն, ինչը կարող է վկայել հեշտոցում կամ արգանդի վզիկում բարորակ նորագոյացության զարգացման մասին: Եթե պապիլոմայի վնասվածքի դեպքում տեղի է ունենում նաև վարակում, ապա կարող է ի հայտ գալ տհաճ հոտ:

Պապիլոմաների բուժման ու հեռացման մեթոդները

Պապիլոմաների հայտնաբերման դեպքում որակավորված մասնագետը կնշանակի բուժում, որի ժամանակ վերականգնվում է իմունային համակարգի աշխատանքը և հեռացվում են պապիլոմավիրուսի դրսևորումները: Բուժումը պետք է նշանակի և վերահսկի այդ գործընթացքը միայն փորձառու մասնագետը, որը կանցկացնի համապատասխան բուժզննումը, կախտորոշի հիվանդությունն ու կնշանակի բուժումը:

Պապիլոմավիրուսը հաջողությամբ բուժելու համար հարկավոր է ոչ միայն ազատվել դրա արտաքին դրսևորումներից, այլև ազդել հիվանդության հիմնական պատճառի՝ վիրուսի վրա: Հիվանդին նշանակվում են հատուկ հակավիրուսային դեղամիջոցներ, որոնք ճնշում են մարդու պապիլոմավիրուսի բազմացումը:

Հաջորդ քայլը նորագոյացության հեռացումն է, որի համար գոյություն ունի մի քանի մեթոդ: Մեթոդի ընտրությունը կախված է ախտահարման լրջությունից և տարածվածությունից: Կիրառվում են հետևյալ մեթոդները.

· Լազերային հեռացում. այս մեթոդով պապիլոմաները հեռացվում են մարմնի ցանկացած հատվածից: Ընդ որում՝ վիրահատությունց հետո սպիներ ու հետքեր չեն լինում, վերքը գրեթե չի արյունահոսում և հիվանդն ապաքինվում է մոտ 5 շաբաթում:

· Կրիոթերապիա. պապիլոման այրվում է հեղուկ ազոտի միջոցով: Այս պրոցեդուրայից հետո կարող է փոքրիկ հետք մնալ: Հիվանդն ապաքինվում է 2 շաբաթում, սակայն այրվածքի տեղում կարող է կրկին պապիլոմա առաջանալ:

· Ռադիոալիքային թերապիա. ախտահարված հյուսվածքները մշակվում են «Սուրգիտրոն» սարքով: Ապաքինումը տևում է 2-3 շաբաթ:

· Էլեկտրակոագուլյացիա. նորագոյացության հեռացում էլեկտրական հոսանքի միջոցով:
· Վիրահատական միջամտություն. պրոցեդուրան անցկացվում է տեղային ցավազրկմամբ:

Մարդու պապիլոմավիրուսից խուսափելու համար խորհուրդ է տրվում ավելի զգոն լինել, խուսափել պատահական սեռական կապերից և ավելի մեծ պատասխանատվությամբ մոտենալ սեռական զուգընկերոջ ընտրությանը: Բացի այդ, հարկավոր է սեռական ակտի ժամանակ անպայման պահպանակ օգտագործել և ավելի ուշադիր լինել իմունային համակարգի հանդեպ:

Նյութի աղբյուրը՝ kozhica.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook