Տեղի ուեցավ պլաստիկ վիրաբուժությանը և դերմատոկոսմետոլոգիային վիրված հերթական, XI միջազգային կոնգրեսը
Հուլիսի 6-ին մեկնարկեց պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի կողմից կազմակերպված պլաստիկ վիրաբուժության և դերմատոկոսմետոլոգիայի հերթական, XI միջազգային եռօրյա կոնգրեսը:
Բացման խոսքով հանդես եկավ Պլաստիկ, էսթետիկ և վերականգնողական վիրաբույժների հայկական ասոցիացիայի, XI միջազգային կոնգրեսի նախագահ Արմեն Հովհաննիսյանը.
«Հայաստանում կազմակերպվող և արդեն ավանդույթ դարձած մեր հանդիպումները գիտաժողովների շրջանակներում ջերմ փոխգործակցությունից և փոխշահավետ համագործակցությունից զատ` առանձնացել են գիտական բարձր մակարդակով ու նորարարական բնույթով, ուստի միշտ արդյունավետ են եղել: Կարծում եմ, որ պրակտիկ գործունեության արդյունքում ձեռք բերված փորձը, գործընկերների հետ քննարկումները կտան իրենց դրական արդյունքները»:
Մեդ-Պրակտիկի հետ զրույցում Արմեն Հովհանննիսյանը, խոսելով միջացառման նպատակի ու կարեւորության մասին, նշեց.
«Հանդիպումը կարեւորում եմ, քանի որ տեղի է ունենում փորձի փոխանակում:
Հրավիրված են մասնագետներ տարբեր երկրներից, ովքեր կիսվում են վերջին նորարարութուններով եւ տեխնոլոգիաներով, բուժման մեթոդներով: Այս ամենն, ինչ խոսք, տանում է դեպի նոր ներդրումներ: Կարծում եմ՝ պրակտիկ բժշկությունը բավականին արագ է առաջ գնում, ուստի զարգացումները թելադրում են գիտական, ուսումնամեթոդական և հետազոտական համընդհանուր դաշտի ստեղծման, տարբեր երկրների մասնագետների համատեղ աշխատանքի, փորձի փոխանակման և համագործակցության անհրաժեշտություն»,- ասաց նա անցում կատարելով պլաստիկ ու էսթետիկ վիրաբուժության գերակա հարցերին. «Գերակա հարցերի մասին խոսելիս պարզապես կառանձնացնեմ բուժման լավագույն ու ամենաօպտիմալ մեթոդների ներդրումները, որոնք բավականին արդյունավետ են ու անվտանգ: Պլաստիկ վիրաբուժությունը, ինչպես բժշկության բոլոր ոլորտները, դինամիկ զարգանում է»:
Արմեն Հովհանննիսյանն իր զեկույցներում անդրադարձել է դեմքի լիպոֆիլինգին եւ մամոպլաստիկային վերաբերող խնդիրներին.
«Հայաստանում գնալով զարգանում է կրծքագեղձի էսթետիկ վիրաբուժությունը: Այստեղ ասօր ներկա են մամոպլաստիկայի ասպարեզի խոշոր մասնագետներ: Կոնգրեսից հետո «Էրեբունի» բժշկական կենտրոնում կիրականացվի ուղիղ հեռարձակմամբ վիրահատություն, և մասնագետները հնարավորություն կունենան հետևել ընթացքին, վիրաբույժի մոտեցումներին ու վիրահատական սկզբունքներին»:
Մոսկվայից ժամանած «К+31» կլինիկայի պլաստիկ վիրաբուժության գծով գլխավոր բժշկի տեղակալ, բարձրակարգ բժիշկ, պրոֆեսոր Ռուբեն Ադամյանը խոսեց էսթետիկ կոմպլեքս միջամտութունների մասին.
«Կոմպլեքս էսթետիկ վիրահատությունները բավականին մեծ պահանջարկ ունեն: Մարդիկ ցանկանում են մեկ վիրահատական շրջանակում անել հնարավորը մարմնի տարբեր հատվածներում ու միաժամանակ շտկել դեմքի վրա տարիքային փոփոխությունները: Երբ կա վիրահատող բժիշկների համապատասխան թիմ, կարելի է, իհարկե, իրականացնել պահանջկոտ պացիենտների ցանկությունները՝ կատարելով բավականին ծավալուն վիրահատություններ մեկ վիրահատական շրջանակում:»:
Քլիվլենդ կլինիկայի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վիրաբույժ Րաֆֆի Գուրունլուօգլուն, խոսելով կրծքի վերականգնման մասին ընդգծեց.
«Իմ զեկույցում անդրադարձել եմ կրծքի քաղցկեղի ժամանակ իրականացվող կրծքագեղձի հեռացմամբ վիրահատություններին: Նման իրավիճակներում կարեւորում եմ կանանց հոգեբանական առանձնահատկությունները և մասնագետների վերաբերմունքը: Խոսել եմ որովայնի առաջնային պատի ռեկոնստրուկցիային վերաբերող հարցերի շուրջ: Նման խնդիրներ առաջանում են կամ ուռուցքային հիվանդությունների, կամ որովայնի առաջնային պատի մեծ ճողվածքների ժամանակ:
Աշխարհում այս վիրահատությունները կատարվում են միայն խոշոր կենտրոններում եւ արդյունքները փայլուն են: Կարծում եմ այդ փորձն ու հմտությունները պետք է արմատապես հաստատել նաեւ Հայաստանում: Ծնկի ռեկոնստրուկցիայի պարագայում մեր դերն էսթետիկ տեսքի ապահովումն է»:
Վրաստանից ժամանած «ЭСТА Кузанов Клиник» կլինիկայի պրոֆեսոր Ալեքսանդր Կուզանովը խոսեց վերականգնողական վիրաբուժության մեջ անոթավորված հյուսվածքների կիրառման մասին.
«Անոթավորված հյուսվածքների կիրառման շնորհիվ հնարավոր է վերացնել ի ծնե եւ ձեռքբերովի թերությունները: Այս մեթոդով մենք կարողանում ենք վերականգնել, օրինակ՝ կուրծքը, հյուսվածք վերցնելով մեջքից կամ որովայնի հատվածից: Աուգմենտատիվ մամոպլաստիկան, ինչպես գիտենք, կրծքի մեծացումն է: Այն աշխարհում համարվում է ամենահանրայնացվածը, օրինակ՝ Վրաստանում պլաստիկ վիրաբուժության ոլորտում զբաղեցնում է երկրերդ հորիզոնականը: Առաջին հորիզոնականում քթի վիրահատություններն են: Թեև էսթետիկ վիրաբուժությունը սկսել է քթի վիրահատություններից, առայսօր այս ուղղությամբ հայտնվում են նոր մեթոդներ, որոնք թույլ են տալիս ստանալ առավել բնական տեսք»:
http://www.med-practic.com