Thursday, May 2, 2024
ՀիվանդություններՆորություններ

Ցանկացած նոր մեթոդի ներդրման ժամանակ հին մեթոդները խանգարում են․ «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը էմբոլիզացիայի թեմայով դասընթացին

«Էրեբունի» բուժկենտրոնի տնօրեն Միքայել Մանուկյանը «Արգանդային զարկերակների էմբոլիզացիան որպես միոմայի բուժման ժամանակակից մեթոդ» սեմինարի ժամանակ Հայաստանի գինեկոլոգներին առաջարկեց հիվանդների հետ միասին այցելել իրենց բուժկենտրոնը, որպեսզի հիվանդանոցի բժիշկներից խորհրդակցություններ ստանան ՝ բուժման նորագույն մեթոդի մասին։

Սեմինարին, որը կազմակերպել էր «Էրեբունի» բուժկենտրոնը, հրավիրված էին երկրի տարբեր բուժհաստատություններից գինեկոլոգներ ու մանկաբաձ գինեկոլոգներ, ինչպես նաեւ էնդովասկուլյար վիրաբույժներ։

«Ես հասկանում եմ, որ բարդ բան եմ առաջարկում,- հավելել է Միքայել Մանուկյանը,- բայց հետագայում, երբ յուրաքանչյուր բժիշկ իր օֆիսը կունենա, նրա գործառույթները սա էլ են ներառելու՝ բռնել հիվանդի ձեռքը ու նրան բերել հիվանդանոց, որպեսզի նրա հիվանդին բուժեն լավագույն մեթոդով»։

«Էրեբունի» ԲԿ-ի տնօրենը նշեց, որ էմբոլիզացիայի մեթոդի շուրջ դեռ շատ խմորումներ կլինեն, քանի որ ցանկացած նոր մեթոդի ներդրման ժամանակ հին մեթոդները խանգարում են։ «Ավագ սերունդը հիշում է, թե ինչ բարդ են ընդունվել լապարոսկոպիան ու հիստերոսկոպիան։ Բայց մեր կանայք արգանդը պահպանելու իրավունք ունեն ու յուրաքանչյուր միոմայի դեպքում պետք չէ գնալ հիստերէկտոմիայի, պետք է Հայաստանում նորագույն մեթոդներ կիրառել»,- ասաց նա։

Սեմինարի ընթացքում հիվանդանոցի բժիշկները ներկայացրեցին միոմա ունեցող հիվանդներին էմբոլիզացիայի մեթոդով բուժելու օրինակներ ու դրանց երկարաժամկետ արդյունքները, որոնք բավականին տպավորիչ էին։ Մասնավորապես մի հիվանդի մոտ էմբոլիզացիայից մեկ տարի անց միոմայի ծավալը 8 անգամ կրճատվել է։

Անդրանիկ Պողոսյանը, «Էրեբունի» ԲԿ-ի տնօրենի՝ ծննդօգնության գծով տեղակալը, NEWS.am Medicine -ի թղթակցի հետ զրույցի ժամանակ նկատեց, որ էմբոլիզացիան այլընտրանքային ոչ վիրահատական միջամտություն է։ Որոշ դեպքերում, ծանր սոմատիկ պաթոլոգիաների ժամանակ, երբ վիրահատական միջամտությունն ու անեսթեզիան խորհուրդ չեն տրվում, սա միակ այլընտրանքն է։ Մյուս դեպքում դա ընտրության մեթոդ է։ Բայց այն չի չեղարկում արգանդի միոմայի բուժման ավանդական մեթոդները՝ կոնսերվատիվ, միոմէկտոմիան ու հիստերէկտոմիան, քանի որ այդ մեթոդների կիրառման համար ցուցումները տարբեր են, ու դրանք տարբեր նպատակներ ունեն։ Այնպես որ Անդրանիկ Պողոսյանի խոսքով, այդ հարցում որեւէ հակասություն չկա գինեկոլոգների ու էնդովասկուլյար վիրաբույժների միջեւ։ «Էրեբունի» ԲԿ-ում, համենայն դեպս, հաստատ։ «Ոչ մի խելամիտ գինեկոլոգ դեմ չի լինի էմբոլիզացիայի մեթոդին»,- ասել է նա։

«Էրեբունի» ԲԿ-ի ինվազիվ սրտաբան Արսեն Ծատուրյանը, որը արդեն մի քանի տարի է մասնագիտանում է տարբեր պաթոլոգիաների՝ այդ թվում արգանդի միոմայի բուժման համար անոթների էմբոլիզացիայի մեթոդի վրա, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պարզաբանեց, որ արգանդային զարկերակների էմբոլիզացիան արմատական, քիչ տրավմատիկ մեթոդ է, որը հնարավորություն է տալիս արգանդը չհեռացնել այն դեպքերում, երբ ավանդական մոտեցումների ժամանակ հիստերէկտոմիա է խորհուրդ տրվում։ Այդ մեթոդը, նրա խոսքով, լավ այլընտրանք է ծանր պաթոլոգիաներով, ինչպես նաեւ վերարտադրողական տարիքի կանանց համար, որոնք ուզում են պահպանել երեխա ունենալու ունակությունը։

Հիշեցնենք, որ արգանդի զարկերակների էմբոլիզացիան մեթոդ է, որի շնորհիվ դադարում է արգանդի զարկերակների ճյուղերով արյան մատակարարումը արգանդի միոմային: Միաժամանակ, արգանդի առողջ հատված արյուն մատակարարող ճյուղերը չեն վնասվում: Դա հնարավոր է միոմայում արյան շրջանառության առանձնահատկությունների շնորհիվ. հանգույցներին արյան մատակարարումն իրականացվում է անոթների ցանցի միջոցով, որոնք շրջապատում են միոման: Այդ անոթները մինչեւ 0.5 մմ տրամագիծ են ունենում, այսինքն՝ մի քանի անգամ ավելի, քան նորմալ միոմետրիայի զարկերակը: Այդ անոթներ հատուկ էմբոլիզացիոն մասնիկների ներմուծման շնորհիվ միոման կորցնում է արյան շրջանառությունը, ինչը հանգեցնում է միոմայի չափի զգալի նվազման եւ/կամ անհետացման:

 

NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook