Sunday, April 28, 2024
Մանկան ԱնկյունՆորություններ

Ցրվածություն, տեղում «տիտիկ անելու» անկարողություն, հուզական վարքագիծ․ ինչպես է դրսևորվում Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը երեխաների շրջանում

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշը (ՈւՊԳՀ) զարգացման նյարդաբանական-վարքային խանգարում է, որը հանդիպում է  միլիոնավոր երեխաների, երբեմն էլ չափահասների շրջանում։

Դա այն վիճակն է, երբ երեխան դժվարանում է կենտրոնանալ, անհանգիստ է, նրա ուշադրությունը հեշտությամբ շեղվում է, նա դժվարանում է «տիտիկ անել տեղում», և այդ վարքագիծը դրսևորվում է ինչպես տանը, այնպես էլ դպրոցում և այլուր։

Ինչպես հուշում է խանգարման անվանումը, երեխան՝ Չի կարողանում կենտրոնացնել ուշադրությունը Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի հիմնական ախտանշաններից մեկը հենց ուշադրության կենտրոնացման հետ կապված դժվարություններն են։ Այդ խնդրով երեխան դժվարանում է լսել խոսացողին, հետևել ցուցումներին, կատարել առաջադրանքները և այլն։ Նրանք շատ ժամանակ են տրամադրում երազելուն և պարբերաբար անուշադրության սխալներ են կատարում, կամ էլ սովորաբար խուսափում են այն գործողություններից, որոնք կենտրոնացում են պահանջում՝ դրանք համարելով ձանձրալի։
Գերակտիվ է

ՈւՊԳՀ ունեցող երեխան չի կարողանում տիտիկ անել տեղում։ Նրանք անընդհատ վազվզում են, մագլցում իրերի վրայով, թռչկոտում, անգամ եթե փակ տարածքում են գտնվում։ Նստած ժամանակ անգամ նրանք շարժվում են, թռթռում, սովորաբար չափից շատ են խոսում և չեն կարողանում անաղմուկ խաղալ։

Ունի իմպուլսիվ, հուզական վարքագիծ

Այդ խնդիրն ունեցող երեխաներն իմպուլսիվ են, նրանց համար դժվար է, օրինակ, իրենց հերթին սպասելը։ Դասի ժամանակ նրանք հակված են ընդհատելու մյուսներին, հարցը չլսելով՝ պատասխան հնչեցնելու։

Որո՞նք են ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշի զարգացման պատճառները

Այս խնդիրն ունեցող երեխաների գլխուղեղում ուշադրությունը վերահսկող հատվածում ակտիվության պակաս է նկատվում: Նրանց մոտ կարող է նաև գլխուղեղի որոշ քիմիական նյութերի անհավասարակշռություն լինել։ Հայտնի չէ, թե դա ինչպես է տեղի ունենում, բայց, ինչպես նշում են փորձագետները, այդ խանգարման զարգացման հարցում մեծ դեր ունեն գեները։

Ինչպե՞ս է ախտորոշվում խանգարումը

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշն ախտորոշող լաբորատոր թեստեր չկան։ Այս դեպքում կարևորագույն խնդիրը աշխույժ ու ցրված երեխային ՈւՊԳՀ-ով երեխայից տարբերակելն է: Բժիշկը սովորաբար հարցեր է տալիս երեխային, լսում վարքային խնդիրների նկարագրությունը՝ ախտորոշման համար օգտվելով երեխաների վարքագծային առանձնահատկությունների գնահատման հատուկ չափորոշիչներից: Ախտորոշումը դրվում է, երբ 6 ամսվա ընթացքում երեխայի մոտ նկատվում է թվարկված ախտանշանների համակցությունը՝ ուշադրության պակաս, գերակտիվություն և իմպուլսիվություն․ դրանք պետք է կայուն կերպով դրսևորվեն՝ բացասաբար անդրադառնալով երեխայի առօրյայի վրա։ ՈւՊԳՀ-ի ախտանշաններն ի հայտ են գալիս 12 տարեկանից ոչ ուշ։

ՈՒՊԳՀ-ի տեսակները

Ուշադրության պակասի և գերակտիվության համախտանիշն ունի մի քանի ենթատեսակներ՝ համակցված, երբ երեխան ուշադրության պակաս ունի, գերակտիվ է կամ իմպուլսիվ։ Գերազանցապես գերակտիվ/իմպուլսիվ տեսակի դեպքում գերակշռում է գերակտիվությունն ու իմպուլսիվությունը, իսկ առավելապես ուշադրության պակասի դեպքում երեխան դժվարանում է կենտրոնանալ, բայց շատ ակտիվ չէ ու սովորաբար չի խանգարում, ասենք, դասապրոցեսին։

Խորհրդատվություն․ հոգեթերապիա, վարքաբանական թերապիա

Դեղամիջոցներից զատ բարձր արդյունավետություն ունի մասնագիտական աջակցությունը, որը ցուցաբերվում է ինչպես խանգարումն ունեցող երեխային, այնպես էլ նրա ծնողներին։ Վարքաբանական թերապիան կարող է օգնել երեխային սովորել վերահսկել իր վարքը, հաղթահարել հիասթափությունն ու բարձրացնել նրա ինքնագնահատականը։ Թերապիայի տեսակներից մեկը կոչվում է սոցիալական հմտությունների ուսուցում, որը միտված է շտկելու երեխայի սոցիալական վարքագիծը, սովորացնելով, օրինակ, ինչպես սպասել իր հերթին և այլն։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/02/27/1325525/?fbclid=IwAR3MX1H1iRAC4UQda6JCj38nt-u68VqwhbIdoFHJlOAcAF8JuMMsQAhGRgo

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook