Thursday, May 2, 2024
Հոգեբանի անկյունՆորություններ

10 քայլ, որ կօգնեն նևրոտիկ մարդկանց հանգիստ ապրել

«ԱՅՍ ՄԱՍԻՆ ՀԱՂՈՐԴՈՒՄ Է TERT.AM–Ը:Նևրոտիկ պահվածքը մարդկանց համար այնքան սովորական է դարձել, որ նրանք դադարել են այն նկատել: Սակայն գալիս է մի պահ, երբ ախտորոշումն արդեն բավականին լուրջ է լինում:

Նևրոտիկ խանգարումների դեպքում մարդկանց մոտ ի հայտ են գալիս այնպիսի տհաճ խնդիրներ, ինչպիսին են տագնապը, ճնշվածությունը, դյուրագրգիռությունը, անինքնավստահությունը, աշխատունակության, ախորժակի և սեռական ակտիվության վատացումը, հոգնածության զգացումն ու մոտիվացիայի բացակայությունը:

Սակայն բավականաչափ ջանք գործադրելու դեպքում այս խնդրից նույնպես կարելի է ազատվել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում 10 քայլ, որոնց հետևելու դեպքում կարելի է հեշտությամբ հաղթահարել նևրոտիկ խանգարումները:

1. Հաշտվել խնդրի առկայության հետ

Առաջին հերթին հարկավոր է ընդունել խնդիրը, քանի որ միայն այդ դեպքում կարելի է ազատվել դրանից: Սակայն պետք չէ ամեն ինչ դրամյի վերածել: Հարկավոր է փորձել հասկանալ խնդրի առաջացման պատճառն ու աստիճանաբար ազատվել դրանից:

Հարկ է նաև հիշել, որ ոչ մի դեպքում չի կարելի մեղադրել սեփական խնդիրների համար ուրիշներին կամ առավել ևս զբաղվել ինքնախարազանմամբ:

2. Դիմել «ամենամտերիմ ընկերոջ» օգնությանը

Սթրեսային իրավիճակներում մարդուն կարող է օգնել միայն մեկը՝ամենամտերիմ ընկերը, իսկ դա հենց ինքն է: Հարկավոր է մոտենալ հայելուն, սիրո խոսքեր ասել «ընկերոջը» և սովորել սիրել սեփական անձը: Այդ դեպքում խնդիրներն ու դեպրեսիաները հաղթահարելը շատ ավելի հեշտ կլինի:

3. Մեդիտացիա անել

Երբ խնդիրները չափազանց շատ են լինում և իրավիճակն անելանելի է թվում, պետք չէ շտապել և հույզերով առաջնորդվել: Գրեթե ցանկացած իրավիճակում մարդը կարող է 10-15 րոպեով «կտրվել» անհանգստացնող կամ նյարդայնացնող խնդիրներից: Այս դեպքում հիանալի օգնական կլինի մեդիտացիան: Հարկավոր է սովորել որոշ ժամանակով ազատվել բոլոր մտքերից ու հույզերից: Սա կարող է դժվար լինել, սակայն մարդը պետք է բոլոր ջանքերը գործադրի արդյունքի հասնելու համար:

4. 21 օր ապրել առանց բացասական հույզերի

Մի փոքր կայունության հասնելուց հետո մարդը կարող է իր առջև ավելի բարդ նպատակ դնել և փորձել 21 օր ապրել առանց բացասական հույզերի: Սա կարող է պարզ թվալ, սակայն իրականում բացասական հույզերից խուսափելու համար մարդիկ պետք է շատ ուշադիր ու համբերատար լինեն:

Կարելի է ամեն ինչ խաղի վերածել և վարվել հետևյալ կերպ: Առավոտյան հարկավոր է ձեռքին ապարանջան դնել և օրվա ընթացքում դնել այն մյուս ձեռքին ամեն անգամ որևէ իրավիճակի, մարդու կամ սեփական անձի հանդեպ բացասական հույզեր նկատելու դեպքում: Խաղի կանոնների համաձայն՝ հնարավորության դեպքում կարելի է փոխել իրավիճակը, սակայն եթե ոչինչ անել հնարավոր չէ, ապա հարկավոր է խուսափել ավելորդ հուզականությունից:

5. Ընդունել ձախողումն ու առաջ շարժվել

Ձախողումների դեպքում մարդը պետք է հնարավորինս արագ ազատվի զայրույթից, մեղքի, ամոթի և վախի զգացումից ու առաջ շարժվի: Հարկ է հիշել, որ բոլորն էլ ունեն սխալվելու իրավունք և բոլորն էլ սխալվում են: Պարզապես հարկավոր է խիզախ լինել և ընդունել սխալը: Ի տարբերությունը տառապանքի՝ երջանկությունը ջանքեր է պահանջում, սակայն այդ ջանքերը միշտ վարձատրվում են:

6. Սպորտով զբաղվել և զբոսնել մաքուր օդին

Լինում են պահեր, երբ մարդը վերադառնում է հին սովորություններին, սակայն նման պահերից նույնպես հարկավոր է օգուտ քաղել: Օրինակ՝ կարելի է սպորտով զբաղվել և ժամանակ անցկացնել բնության գրկում: Նևրոզներից առավել հաճախ տառապում են մեծ քաղաքների բնակիչներն ու նստակյաց կենսակերպ վարող մարդիկ, հետևաբար՝ անհրաժեշտ է լինել ֆիզիկապես ակտիվ և ժամանակ անցկացնել այնտեղ, որտեղ մարդիկ քիչ են, իսկ բույսերը՝ շատ:

7. Ներել բոլորին

Նևրոտիկները շատ խոցելի են և վիրավորվելու սովորությունը նրանց համար իրական կախվածություն է, որից հնարավոր չէ միանգամից ազատվել: Սակայն գոյություն ունեն արդյունավետ հնարքներ, որոնք օգնում են ազատվել այդ վնասակար սովորությունից (ատելության նամակներ, մեդիտացիաներ և այլն): Օրինակ կարելի է պատկերացնել մի թուր, որը կտրում է վիրավորանքը փոխանցող կապը, այնուհետև ներել ու «բաց թողնել» մարդուն:

8. Շնորհակալություն հայտնել

Վիրավորանքի միջոցով մարդն իր մասին արժեքավոր տեղեկություն է ստանում, քանի որ ստացած վիրավորանքները միշտ մատնանշում են մարդու թույլ կողմերը, որոնցից ազատվելու համար հարկավոր է ջանքեր գործադրել: Սա է պատճառը, որ վիրավորողին հարկավոր է շնորհակալություն հայտնել: Առհասարակ շնորհակալության զգացումը շատ կարևոր ու բուժիչ էմոցիա է, որն օգնում է հաղթահարել բացասական հույզերը:

9. Փոխել շրջապատը

Մարդու տրամադրությունն ու աշխարհայացքը զգալիորեն կախված են շրջապատից ու ընտանիքից, ուստի եթե նևրոտիկ պահվածքի պատճառն այդ միջավայրն է, ապա հարկավոր է ազատվել դրանից:

Անհրաժեշտ է հնարավորինս խուսափել ուրիշների բացասական հույզերից: Հնարավորության դեպքում հարկավոր է փոխել խոսակցության թեման, իսկ հակառակ դեպքում՝ պարզապես ընդհատել զրուցակցին: Հարկ է հիշել, որ բացասական հույզերից խուսափելու համար մարդը պետք է շփվի միայն հետաքրքիր մարդկանց հետ, որոնք ոգեշնչման աղբյուր կդառնան:

10. Որևէ բան ստեղծել

Բոլոր մարդիկ էլ կարող են որևէ բան ստեղծել և դրա համար պարտադիր չէ լինել տաղանդավոր երաժիշտ կամ նկարիչ: Նաև պետք չէ միանգամից մեծ նպատակներ դնել: Կարելի է սկսել քչից: Օրինակ՝ եթե մարդը միշտ երազել է գիրք գրելու մասին, ապա կարող է նախ որևէ հոդված կամ պատմվածք գրել:

Նյութի աղբյուրը՝ psychologies.ru

Leave a Reply

x Close

Like Us On Facebook