Monday, May 6, 2024
ՆորություններՏուրիստական նորություններ

Dine Sky. Ճախրող Ռեստորան Հայաստանում

Dine Sky՝ ռեստորան երկնքում, ուր շուտով կկարողանան այցելել սուր զգացողությունների սիրահար ՀՀ քաղաքացիներն ու մեր երկրի հյուրերը: 

Ճախրող ռեստորանը կամ Dine Sky-ը (դայն սքայ) նման է մետաղական տաղավարի, որը վերև է բարձրացնում ամբարձիչ կռունկը: Այն ունի 8 մ երկարություն և 3 մետր լայնություն, կազմված է երկու հատվածից՝ հատակամածից, որին ամրացված են սեղաններն ու աթոռները, և տանիքից: Հատակամածը պատրաստված է հատուկ ամրակայուն պողպատից և իրենից ներկայացնում է իրար մեջ մխրճված և եռակցված հանգույցների ցանց: Այս կառուցվածքի բոլոր էլեմենտները, սկսած հեղույսներից մինչև ճոպաններ գերմանական են, անցել են որակի ստուգում և ունեն համապատասխան սերտիֆիկատներ:

Հայաստան ուղևորվող ռեստորանը անցել է 10 տոննայի հավաստագրում բոլոր հանգույցների համար: Դա նշանակում է, որ դրանք կարող են մինչև 10 տոննա ծանրություն կրել: Ռեստորանը պատրաստվում է Դուբայում ACE ընկերության կողմից:

Ճախրող ռեստորանում ուղղանկյունաձև միակցված ընդհանուր սեղանի շուրջ տեղադրված են լինելու 22 աթոռներ: Աթոռները պատրաստված են կարբոն-ֆիբրայից: Աթոռները ձևով ու հարմարությամբ շատ նման են սպորտային մեքենաների նստարաններին: Յուրաքանչյուր նստարանը առանձին ճոպանով ամրացված է հիմնական հանգույցին և ունի անվտանգության երեք գոտիներ: 22 այցելուների հետ երկինք են բարձրանում նաև խոհարարն ու մատուցողները: Միակցված սեղանների արանքում ազատ տարածք կա, որտեղ էլ աշխատում են մատուցողներն ու խոհարարը:

Ռեստորանը երկինք բարձրացնելու և հյուրերի ընթրիքը երկնքում անվտանգ ապահովելու համար Հայաստան է բերվելու 150 տոննա ամբարձունակությամբ մոբայլ ամբարձիչ կռունկ: Ռեստորանը կկախվի 45-50 մ բարձրության վրա: Կռունկի տեխնիկական հնարավորություններն, ի դեպ, թույլ են տալիս բարձրացնել 3 անգամ ավելի ծանրություն: Ամբարձիչ կռունկի անվտանգության համակարգը կառավարվում է գերմանական Hirschmann-ի արտադրության սարքավորումներով: Այն ներառում է իր մեջ քամու ուժը, ծռման և թեքման աստիճանները:
Մարդկային ֆակտորը ամբողջ Dine Sky-ում զրոյական է՝ համակարգն ամբողջովին ավտոմատացված է հուսալի և բազմակի ստուգումներ անցած անվտանգության համակարգերով:
Ռեստորանն ունի 8 անվտանգության ճոպաններ. այդպիսի ամրակայուն ճոպանները օգտագործվում են նավթային օֆշորներում: Անգամ եթե 7 ճոպանները կտրվեն, մեկը կարող է պահել ամբողջ կառուցվածքի ծանրությունը:
Dine sky-ի տանիքը պատրաստված է հատուկ նեյլոնից, որը թույլ չի տալիս որ թափանցեն արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթները: Թե Երևանում որտեղ կտեղակայվի ճախրող ռեստորանը, գաղտնի է պահվում: Ընտրվել է այնպիսի տեղամաս, որն ունի հարթ մակերևույթ և որտեղ քամիների հաճախականությունն ու ուժգնությունը թույլ է:

742-dine-sky-flying-restaurant-in-yerevan-armenia-1

Ռեստորանը պտտվելու է 360 աստիճանով և բոլոր հյուրերը հավասարապես կկարողանան հիանալ թե՛ Երևանի կենտրոնի, թե՛ Արարատյան դաշտավայրի ու Արարատի տեսարաններով: Ի դեպ 180 աստիճանով պտտվում են նաև աթոռները, նաև կարելի է թիկնակը հետ գցել և պառկել: Երևանյան Dine Sky-ը մյուս երկրներում գործող նմանատիպ ռեստորաններից երեք անգամ էժան է լինելու:

Տոմսի գումարի մեջ ներառվում է նաև ուտելիքը: Մենյուն նախօրոք պատվիրվում է՝ նախուտեստ, գլխավոր ուտեստ և աղանդեր, ոչ ալկոհոլային խմիչքը անվճար է: Ի դեպ բոլոր երկրներում նման ռեստորանները շարժական են, այսինքն հեշտորեն տեղափոխվում են տեղից տեղ, միակ սահմանափակումը, որ կարող է պատվիրատուներին վշտացնել, պատվիրված վայրում պետք է բավականաչափ հարթ տարածություն լինի կռունկի տեղակայաման համար:

742-dine-sky-flying-restaurant-in-yerevan-armenia-2

Հայկական ճախրող ռեստորանը կունենա մեկ առանձնահատկություն ևս. Երևանը կլինի առաջին քաղաքը որտեղ կգործի նաև ճախրող ռեստորանի ձմեռային տարբերակը՝ նախատեսված 16 հոգու համար:
Dine sky-ի բացումը պլանավորվում ու կազմակերպվում է արդեն երեք տարի: Մեկ տարի տևել են կառուցվածքի նախագծման աշխատանքները, հաջորդ 1,5 տարվա ընթացքում կառուցվել է ռեստորանը, իսկ կես տարի այն անցել է համապատասխան փորձարկում, թեստավորում և հավաստագրում:

Հայաստանում նման ռեստորան բացելու նախապայման է հանդիսացել երկրում արագ տեմպերով զարգացող տուրիզմն ու նրա հեռանկարները:

Dine sky-ը Երևանում կբացվի ապրիլ ամսին:

Աղբյուր՝ http://www.construction.am

Leave a Reply

x Close

Like Us On Facebook