Friday, May 10, 2024
ՀայտարարություններՆորություններ

Asbarez. 6-րդ Միջազգային բժշկական համագումարը հրավիրում է բժիշկներին մասնակցել համագումարին

«Միասին կարող ենք ավելին» կարգախոսի ներքո համագումարն այս տարի մեկ հարկի տակ է հավաքելու Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առողջապահության ոլորտում ներգավված մասնագետներին՝ քննարկելու Հայաստանի և Արցախի առողջապահական համակարգերի առջև ծառացած խնդիրները, կիսվելու ոլորտի առաջադիմական փորձով, ինչպես նաև ամրապնդելու Հայրենիք-Սփյուռք կապերը։ Այս մասին գրում է Asbarez պարբերականը։

ՀՀ առողջապահության նախարարության, Հայկական բժշկական միջազգային կոմիտեի և «Բժշկական համագումար» հիմնադրամի հովանու ներքո 2023 թվականի հուլիսի 5-8-ին անցկացվող համահայկական նշանակության այս միջոցառման շրջանակում տեղի կունենան միջազգային ճանաչում ունեցող գիտնականների մասնակցությամբ լիագումար նիստեր, բժշկագիտության տարբեր ուղղություններով գիտական սեկցիաներ, ինչպես նաև թեմատիկ սատելիտային սիմպոզիումներ՝ բուն համագումարին նախորդող կամ հաջորդող օրերին։

«Հաշվի առնելով ներկա իրողություններն, ինչպես նաև Հայաստանի, Արցախի և Սփյուռքի առջև ծառացած մի շարք մարտահրավերները այս կարգախոսի ներքո մեր մասնագիտական համախմբվածությունն ավելի քան կարևոր է և անհրաժեշտ»,- նշել է համագումարի պատվավոր նախագահ, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։

Պարբերականի փոխանցմամբ՝ համագումարի Սփյուռքի թևը ներկայացնող համանախագահ Գևորգ Յաղջյանի խոսքով՝ համագումարը մեկ հարկի տակ է համախմբելու առողջապահական ոլորտի ճանաչված մասնագետների, մեծ փորձառություն ունեցող բժիշկների, բուժաշխատողների՝ վերջիններիս թույլ տալով հաղորդակից լինել և յուրացնել միջազգային առաջադեմ փորձի ոլորտային ձեռքբերումները։ Համագումարի հայաստանյան թևը ներկայացնող համանախագահ Համբարձում Սիմոնյանի խոսքով՝ համագումարի շրջանակներում առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու Հայաստանի և Արցախի առողջապահական ոլորտների առջև ծառացած բարդ և հրատապ խնդիրներին։ Համագումարի արցախյան թևը ներկայացնող համանախագահ Վիգեն Խաչատրյանի խոսքով էլ համագումարի կարևոր առաքելություններից է ոչ միայն առողջապահության ոլորտի նորարարական ձեռքբերումների ներկայացումը, այլ նաև այնպիսի մեխանիզմների մշակումը, որոնք թույլ կտան տեղայնացնել և ապահովել այդ ձեռքբերումների գործնական կիրառումը։

Պարբերականն հիշեցնում է, որ առողջապահության ոլորտի ներկայացուցիչները կարող են գրանցվել համագումարին և իրենց գիտական թեզիսներն ուղարկել www.6imca.am համագումարի պաշտոնական կայքի միջոցով։

 

 

Հետևեք NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook