Sunday, May 5, 2024
ՆորություններԳեղեցկություն և խնամք

Եղունգների գել-լաքը կարող է ուժեղ ալերգիկ ախտանիշներ առաջացնել

Մաշկաբանները զգուշացնում են գել-լաքի գործածման վտանգի մասին․ պարզվում է, որ դա ոչ միայն եղունգները պատելու գեղեցիկ ու հարմար տարբերակ է։ Եթե այն ալերգիա առաջացնի, հետևանքները շատ տհաճ կլինեն և կվերաբերվեն ոչ միայն ձեր ձեռքերին։ Այս մասին հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը և Mirror պորտալը։

Փորձագետները սկսել են նկատել այն մարդկանց թվաքանակի աճ, որոնց մոտ ուժեղ ալերգիա է առաջանում, երբ գել-լաքը դիպչում է նրանց մաշկին։

Ինչ հետևանքներ կարող է ունենալ գել-լաք քսելը

Մասնագետները զգուշացնում են, որ գելային արտադրանքում քիմիական նյութերը, որ հայտնի են իբրև մետակրիլատներ, կարող են ալերգիա առաջացնել, որի դեպքում վատանում է եղունգների վիճակը, իսկ մաշկի վրա ուժեղ քոր առաջացնող ցան է հայտնվում։

Քիմիական նյութի հանդեպ լուրջ ռեակցիան ոչ միայն ձեռքերի վրա է հետքեր թողնում։ Այն կարող է խանգարել բժշկական որոշ միջամտություններ անցկացնելուն, այնպիսիք, ինչպիսիք են կատարակտի վերացումը, հոդերի փոխարինումը կամ ատամների բուժումը։

Բժիշկ Դեյդրա Բաքլին՝ Բատի մաշկաբան խորհրդատուն, այդ ախտանիշները  պարզաբանել է  BBC Today ծրագրում․ «Դրանք կարող են տարբերակվել եղունգների թուլացումից մինչև դրանց ընկնելը, կարող է ցան առաջանալ դեմքի, պարանոցի, կրծքի վերին մասում։ Մարդիկ կարող են շնչառական խնդիրներ ունենալ, ասթմայի սրացում կարող է լինել»։

Մյուս ախտանիշերը, որոնց վրա հարկ է ուշադրություն դարձնել, հետևյալն են՝ շրթունքների այտուց, խոցեր մատների վրա, կուտիկուլայի մասում մաշկի կարմրում և այտուց։

33934

Բժիշկ Բաքլին  բացատրել է․ «Այն բանից հետո, երբ օրգանիզմն արձագանքել է քիմիական նյութին, դուք չեք կարող բժշկական միջոցառւմներ անցնել, եթե դրանցում մետակրիլատներ են օգտագործվում, այն է ատամների ծեփապատճեններ անել, իմպլանտներ դնել»։

«Վատագույնն այն է, որ մարդիկ կարող են զգայուն դառնալ այլ իրերում առկա ակրիլատների նկատմամբ։ Դա կարող է նշանակություն ունենալ ատամնաբուժության մեջ, շաքարախտով  հիվանդների համար կամ օրթոպեդիկ վիրահատության ոլորտում։ Եվ դա ցմահ սենսիբիլիզացիա է»։ Այսինքն, եթե ալերգիան մի անգամ ի հայտ է եկել, ապա այն չի անհետանա թեկուզ տարիներ հետո, ալերգենի օգտագործմամբ միջոցառումները հակացուցված կլինեն, օրինակ՝ հոդերի փոխարինումը կամ մի շարք դեղամիջոցների ընդունումը։

 Կօգնի, արդյոք, մատնահարդարման սրահ գնալը

«Միանգամայն հնարավոր է, որ համավարակի ընթացքում մատնահարդարման սրահների փակումը նպաստել է այն մարդկանց թվաքանակի աճին, որոնք գործածում են տան համար նախատեսված պիտույքները։ Դա կարող է խնդիր դառնալ, եթե դուք դրանք սխալ եք օգտագործում»,- հաղորդում է մաշկաբանների բրիտանական ասոցիացիան։ Շատերը սկսեցին գել-լաքը քսել տնային պայմաններում՝ դրամը տնտեսելու նպատակով։

Մաշկաբանները կոչ են անում մատնահարդարումն անել միայն համապատասխան  ուսում ստացած մասնագետի մոտ։ Փորձագետները զգուշացնում են , որ տնային գելային հավաքածուները ալերգիկ ռեակցիաների հիմնական մեղավորն են, բայց անցանկալի հետևանքներ կարող են առաջանալ նաև սրահ այցելելիս, եթե վարպետը վատ է սովորել։

Մետակրիլատը այդ գործողությունների գլխավոր բաղադրիչն է և մատնահարդարման ժամանակ  այն կարող է ընկնել մաշկի վրա։ Նման բան պատահում է, երբ ուլտրամանուշակագույն լամպը, որ կիրառվում է գելի շերտերն ամրացնելու համար, բավականաչափ տևական չի օգտագործվում կամ սարքին չէ։ Լամպի հզորությունը պետք է լինի 42 Վտ (կամ գոնե 36 Վտ-ից ոչ պակաս) ալիքի 350 նանոմետր  երկարությամբ։ Հակառակ դեպքում գելը կարգին չի չորանում, թունավոր նյութերը թափանցում են եղունգի հունը և շրջակայքի մաշկը՝ գրգռում և ալերգիա առաջացնելով։

Ըստ մաշկային կլինիկաներ այցելող 742 մարդու հարցախույզի տվյալների, 16%-ը լուրջ ռեակցիա են զգացել սրահում գել-լաք քսելուց։ Մաշկաբանների բրիտանական ասոցիացիան տեղեկացնում է․ «Սկզբնապես մենք այս մասին ահազանգ ենք հնչեցրել 2018 թվականին, և այս խնդիրը մինչը այժմ գոյություն ունի»։

Եղունգների գելային առաջին արտադրանքը ստեղծվել է 2009 թվականին ամերիկյան Gelish ֆիրմայի կողմից։ Դրա գլխավոր տնօրեն Դենի Հեյլը նշել է, որ թեև իր ընկերությունն անում է հնարավոր ամեն բան, իր արտադրանքը ճիշտ սերտիֆիկացնելու և բոլորին դրանից օգտվել սովորեցնելու համար, այդուհանդերձ «որոշ ապրանքեր, որ վաճառվում են համացանցում, արտադրվում են երկրներում, որոնք սերտիֆիկացիայի խիստ կանոններին չեն հետևում և կարող են մաշկի գրգռվածություն առաջացնել»։

Նյութը ՝ NEWS.am Medicine

Leave a Reply

x Close

Like Us On Facebook