Wednesday, May 1, 2024
ՀիվանդություններՆորություններ

Միասնական փաթեթ բոլոր քաղաքացիների համար. 2027-ին ամբողջությամբ կներդրվի Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը

Բնակչության ֆինանսական պաշտպանվածության մակարդակի բարձրացում, հիմնական բժշկական ծառայություններից օգտվելու հասանելիության բարելավում, բնակչության մահացության, հիվանդության և հաշմանդամության հիմնական պատճառ հանդիսացող հիվանդությունների բեռի նվազեցում, բուժօգնության որակի բարելավում: Նմանատիպ արդյունքներ ակնկալվում են «Առողջության համապարփակ ապահովագրության մասին» օրենքի նախագծով: Առողջապահության ֆինանասավորման փորձագետ Սամվել Խարազյանը Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի գրասենյակում այսօր տեղի ունեցած քննարկման ընթացքում ներկայացրեց առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման սկզբունքներն ու մոտեցումները: Նախատեսվում է ներդնել փուլային տարբերակ. այս տարի նախապատրաստական փուլն է, 2024-2026-ին՝ փորձարկման, իսկ 2027-ին Հայաստանում ամբողջությամբ կներդրվի Առողջության համապարփակ ապահովագրության համակարգը:

«Նախապատրաստական փուլում փորձարկում կիրականացվի պետության կողմից որոշված բնակչության խմբի համար՝ ապահովելով միևնույն ծառայությունների փաթեթը: Այս համակարգը ենթադրում է, որ բոլոր քաղաքացիները պետք է ունենան մեկ՝ միասնական փաթեթ, որն էլ կապահովի նրանց հիմնական հիվանդությունների ախտորոշումը, բուժումը, ինչպես նաև հիվանդությունների շարունակական վերահսկումը», – ասաց Սամվել Խարազյանը: Փորձագետի խոսքով՝ փուլային ներդրման անհրաժեշտությունը պայմանավորված է մի շարք հանգամանքներով: «Կառավարությունը ստանձնել է ապահովագրության շրջանակներում ներառվող բնակչության ֆինանսական պաշտպանվածության բարձրացման ապահովումը և նաև առողջապահական պետական ծախսերի բարձրացումը, քանի որ վերջին 20 տարիների ընթացքում պետական առողջապահության ծախսերը բավականին ցածր են: Մեր նպատակն է վերջնական ուղենշային ՀՆԱ-ի ցուցանիշը 1,5-ից հասցնել չորս տոկոսի և տարեկան մինչև 40 մլրդ դրամի չափով ավելացում իրականացնել», – ասաց Սամվել Խարազյանը: Փետրվարին կառավարությունը հաստատել էր Առողջապահության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգը:

Առողջապահության նախարարի տեղակալ Լենա Նանուշյանի խոսքով՝ այդ հայեցակարգը շատ է տարբերվում առաջնային հայեցակարգից, որը 2019 թվականից սկսված հանրային քննարկումների, միջազգային գործընկերների հետ իրականացրած քննարկումների արդյունքում է կազմվել: «Մեզ մի քիչ քննադատեցին, որ հայեցակարգը շատ ընդհանրական է, բայց պետք է ասեմ, որ մենք, ի վերջո, եկանք համաձայնության, որ պետք է մեր սկզբունքները կիսենք հայեցակարգով, հետո օրենքով ու ենթաօրենսդրականներով փորձենք մանրամասներին անդրադառնալ:

Այժմ այս նախագիծը քննարկում ենք նաև գործընկեր գերատեսչությունների շրջանակում, որից հետո կներկայացնենք կառավարությանը»: Առողջապահության ֆինանսավորման փորձագետ Սամվել Խարազյանի դիտարկմամբ՝ ֆինանսավորման ներքին կառուցվածքը նույնպես կփոխվի և գրպանից դուրս կատարվող անմիջական վճարումների տեսակարար կշիռը կնվազի, իսկ արդյունքում կաճի ապահովագրավճարների և պետական բյուջեից կատարվող ծախսերի տեսակարար կշիռը:

«Ներկայումս ֆինանսական սահմանափակումների պատճառով մեր բնակչության մի մեծ մասն ուղղակի չի գնում բժշկի, կամ էլ զբաղվում է ինքնաբուժությամբ: Տնային տնտեսությունների հարցման վերջին տվյալների համաձայն՝ առաջնային բուժօգնության կարիք ունեցող բնակչության մոտ 17 տոկոսը չի դիմում բժշկի, իսկ մոտ 60 տոկոսն ինքնաբուժությամբ է զբաղվում»,- նշեց փորձագետը: Քննարկմանը ներկա էին նաև հասարակական կազմակերպությունների և առողջապահական ոլորտի տարբեր մասնագետներ, որոնք իրենց դիտարկումները ներկայացրին նախագծի վերաբերյալ: Անի Թամրազյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am

 

Leave a Reply

x Close

Like Us On Facebook