Կատարեք ներդրումներ հեպատիտների վերացման համար
Նոբելյան մրցանակի դափնեկիր, հեպատիտի վիրուսի հայտնագործության հեղինակ (1965թ.) Բարուխ Բլումբերգի ծննդյան օրը` հուլիսի 28-ը, ամեն տարի նշվում է որպես Հեպատիտի համաշխարհային օր: Այն նպատակ ունի բնակչության շրջանում բարձրացնելու գիտելիքները վիրուսային հեպատիտների վերաբերյալ:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն (ԱՀԿ) այս տարի օրվա կենտրոնական հարցն է համընդհանուր առողջապահական ծածկույթի համատեքստում ընդունել հեպատիտների կանխարգելման, ախտորոշման, բուժման, խնամքի ծառայությունների համար ֆինանսավորման ավելացման անհրաժեշտությունը: Օրվա կարգախոսն է. «Կատարե’ք ներդրումներ հեպատիտների վերացման համար»:
ԱՀԿ-ի տվյալներով` 325 միլիոն մարդ ապրում է հեպատիտ B-ով և C-ով, յուրաքանչյուր 20 վրկ-ում հեպատիտ Ց-ի նոր դեպք է արձանագրվում, հեպատիտով ապրող մարդկանց 80%-ի համար ախտորոշումը և բուժումը հասանելի չէ: Տարեկան 6 միլիարդ ԱՄՆ$ ներդրում է անհրաժեշտ մինչև 2030 թվականը հեպատիտների վերացման նպատակին հասնելու համար:
Այսօր՝ Հեպատիտի համաշխարհային օրը, ԱՀԿ-ն հիվանդության մասին ևս մեկ անգամ մտածելու և վիրուսի փոխանցման ու սպառնալիքների վերաբերյալ առավելագույն տեղեկություններ ձեռք բերելու կոչ է հղում աշխարհին:
Վիրուսային հեպատիտների արդյունավետ պայքարի կազմակերպումն ու իրականացումը Հայաստանի առողջապահության համակարգի առաջնահերթ խնդիրներից է:
Վերջին տարիներին պատվաստումների շնորհիվ Հայաստանի Հանրապետությունում դիտվում է սուր և քրոնիկ վիրուսային հեպատիտ Բ-ի հիվանդացության նվազման միտում. մանկական բնակչության շրջանում վերջին 20 տարում արձանագրվել է հիվանդացության կտրուկ նվազում 140 անգամ (ցուցանիշը 9.8-ից նվազել է 0.07-ի):
Ինչ վերաբերում է հեպատիտ Ց-ին, ապա այն շարունակում է հիմնախնդիր մնալ, և բնակչության շրջանում հեպատիտ Ց-ի վիրուսով վարակվածությունը կազմում է 3-5 %:
Առողջապահության նախարարությունը վիրուսային հեպատիտների կանխարգելումը և դրանց դեմ պայքարն առավել համակարգված և արդյունավետ դարձնելու նպատակով մշակել է «Արտաընդերային վիրուսային հեպատիտների կանխարգելման և վերահսկման 2019-2023 թվականների ծրագիրը», որով նախատեսվում է 2020 թվականից տարեկան վիրուսային հեպատիտ Ց-ով շուրջ 1000 պացիենտի դեղերով ապահովում: Ծրագրի հիմնական նպատակն է քրոնիկ հեպատիտ Բ-ով և Ց-ով հիվանդացության և մահացության նվազեցում մեր երկրում՝ 2030-ին վիրուսային հեպատիտը, որպես հանրային առողջության սպառնալիք վերացման գլոբալ նպատակին հասնելու համար: